RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#024, 2020-07-31 > #025, 2020-08-21 > #026, 2020-08-28 > #027, 2020-09-04 > #028, 2020-09-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 28-08-2020



Տեղադրվել է` 2020-08-27 22:30:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 3243, Տպվել է` 86, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆՈՒՄ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երբեմնի մոտիկ գործընկեր Ահմեթ Դավութօղլուն, զբաղեցնելով արտգործնախարարի պաշտոնը, երկրի արտաքին քաղաքականությունը մշակող ու սահմանող գլխավոր գաղափարախոսն էր: Այդ քաղաքականության հիմնական նպատակն էր հասնել հարեւանների հետ խնդիրների վերացմանը, ունենալ «զրո խնդիրներ» նրանց հետ:

Երկու ղեկավարների հետագա անհամաձայնությունների պատճառը գուցե այն էր, որ հակառակ իրենց նախկին դիրքորոշման, Էրդողանը ամեն տեսակի ոտնձգություններ կատարեց հարեւան բոլոր երկրներին թշնամացնելու համար: Դավութօղլուն էլ վրդովված որոշեց հեռանալ Էրդողանի կլանից եւ կազմավորել «Ապագա» անվանումով իր սեփական քաղաքական կուսակցությունը:

Մենք չգիտենք, թե ինչ ապագա է սպասում Դավութօղլուն, բայց մի բան շատ հստակ է. Էրդողանը օր-օրի ընդլայնում է իր թշնամիների շրջանակըՙ հասնելով նույնիսկ անմիջական հարեւաններից շատ ավելի հեռուն գտնվող երկրներ:

Թուրքիայի զավթողական վարքագիծը Արեւելյան Միջերկրականում, որ քննադատության ենթարկվեց բազմաթիվ երկրների կողմից, ներառյալ Հայաստանի, դրսեւորվում էր նավթի եւ գազի հորատումներ կատարելով ծովային այնպիսի վայրերում, որոնք միջազգայնորեն ճանաչված են որպես Հունաստանին պատկանող տարածքներ:

Հայաստանի արտգործնախարարությունը հանդես եկավ այդ զարգացումների համատեքստում Հունաստանին եւ Կիպրոսին աջակցող հայտարարությամբ, որում ասված էր.

«Մենք վերահաստատում ենք Հայաստանի անվերապահ աջակցությունն ու համերաշխությունը Հունաստանին եւ Կիպրոսին եւ կոչ ենք անում Թուրքիային քայլեր ձեռնարկելու լարվածության նվազեցման ուղղությամբ, հարգելու միջազգային իրավունքը եւ դադարեցնելու Հունաստանի եւ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտիներում բոլոր գործողությունները»: Հայտարարությունը կծու-հեգնական հանդիմանության արժանացավ Թուրքիայի արտգործնախարարության կողմից: Խոսնակ Համի Աքսոյը արձագանքեց. «Այստեղ խնդիրը ոչ թե Սեւանա լճի մասին է, այլՙ Արեւելյան Միջերկրականի: Սեւրի պայմանագրի վերաբերյալ Հայաստանի ղեկավարության դրդիչ հայտարարություններից հետո, Արեւելյան Միջերկրականի մասին կարծիք հայտնելը չափն անցնելու ու անպատասխանատվության օրինակ է: Այն, որ ԱՄԷ-ից ու Ֆրանսիայից հետո էլ ծով ելք չունեցող Հայաստանն է համարում, որ տարածաշրջանում խոսքի իրավունք ունի, ցույց է տալիս, թե ինչ ընդգրկում ունի հակաթուրքական նենգ դաշինքը, որը ցանկանում են ձեւավորել: Ըստ երեւույթին հայերը պատմությունից դասեր չեն քաղել: Այս առիթով ցանկանում եմ հիշեցնել, որ մեր բոլոր հնարավորություններով կանգնած ենք եղբայրական Ադրբեջանի կողքին»:

Պետք է հիշեցնել, որ Թուրքիայի «շնորհիվ» է, որ Հայաստանը չունի ջրափնյա սահմանագիծ, իսկ անցյալից դասեր չքաղելու դրույթը (այն դեպքում, երբ անընդհատ պնդում են, որ Ցեղասպանություն չի եղել) թուրք նախկին ղեկավարների հնչեցրած սպառնալիքների կրկնությունն է պարզապես: Թուրգութ Օզալը, Թանսու Չիլլերը, ինքըՙ Էրդողանը բազմիցս հիշեցրել են հայերին, որ իր մեղավորությունը չընդունող թուրքական կառավարությունը պատրաստ է ամեն րոպե կրկնել իր մարդասպանական գործողությունները կամ... «դասերը», ինչպես իրենք են անվանում:

Աքսոյի հայտարարության մեջ դրսեւորվող ատելությունը ցույց է տալիս, որ Էրդողանի իշխանության օրոք, Թուրքիան հարեւանների հետ «զրոյական խնդիրներ» ունենալուց անցել է «պաշարողական մտայնության» մտասեւեռմանը, մի հանգամանք, որ իրավացիորեն զայրույթ է առաջացրել եւ ստիպել ստեղծել կոալիցիա առանձին, ինքնավար պետությունների, որոնց իրավունքները կա՛մ ոտնահարվել են, կա՛մ էլ բնական պաշարները հափշտակվել Թուրքիայի կողմից:

Նախագահ Էրդողանը նախ արհամարհում է, հետո ինքն է միջազգային իրավունքի եւ նրա կիրառման սահմանումը տալիս: Ճիշտ լինի, թե սխալ, նա պնդում է, որ Թուրքիայի նման կարեւոր մի երկիր իրավունք ունի օգտվելու տարածաշրջանի բնական պաշարներից:

«Պատժամիջոցների եւ սպառնալիքների առաջ մենք չենք ընկրկելու: Մենք երբեք չենք խոնարհվելու ելուզակների առաջՙ մեր մայրցամաքի ստորջրյա տարածքներում», նշեց նա վերջերս:

Թուրքիան ռազմական մարտանավերի ուղեկցությամբ իր «Օրուջ Ռեյս» մասնագիտական նավն է ուղարկել Կիպրոսի հարեւանությամբ գտնվող ջրային տարածքներ, որպեսզի մասնակցի գազի եւ նավթի հորատման աշխատանքներին: Իր հերթին, Հունաստանն է իր ռազմանավերն ուղարկել վերահսկելու կացությունը: Երկու երկրները ընդհարման եզրին են:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել է, որ ավելացնելու է Ֆրանսիայի ռազմական ներկայությունն ու խստացնելու է դիրքորոշումը Թուրքիայի կողմից գազի «միակողմանի» հետազոտությունների հանդեպ:

Թուրքիայի դեմ ստեղծված կոալիցիան մեծացնում է իր շրջանակները: Դրան են միանում Եգիպտոսը, Միացյալ Արաբական Էմիրությունները, Լիբանանը եւ Իսրայելը: Եգիպտոսը վերջերս համաձայնություն է կնքել Հունաստանի հետ, որտեղ մատնանշվում են երկու երկրների ծովային սահմաններն ու ածխաջրածնի պաշարների հետազոտման իրավունքներից օգտվելու տնտեսական բացառիկ գոտիները: Նախագահ Էրդողանն այդ համաձայնագիրը «անարժեք» է որակել: Իսկ ինքը նմանատիպ մի փաստաթուղթ է ստորագրել Տրիպոլիի (Լիբիա) Ֆայեզ էլ-Սարրաժի կառավարության հետ, որ ներկայացնում է երկրի կեսը միայն, քանի որ մյուս կեսը գեներալ Խալիֆա Հաֆթարի վերահսկողության տակ է գտնվում:

Կիպրոսն ու Հունաստանը Եվրոմիության անդամ երկրներ են, որի արտաքին գերատեսչության ղեկավարը թվիթերում նշել է, որ «ԵՄ-ն ամբողջովին պաշտպանում է Հունաստանին եւ Կիպրոսին, ու կոչ անում Թուրքիային անմիջապես թուլացնել լարվածությունը եւ նստել բանակցությունների սեղանի շուրջ»:

Պաշտպանություն ու համերաշխություն ցուցաբերելը երկխոսություն ծավալելու կոչ է միայն, քանի որ Թուրքիան սովոր է ԵՄ անդամ մեկ երկիրը հանել մյուսի դեմ: Օրինակ կարող է ծառայել Ֆրանսիան, որը Թուրքիային քննադատող միակ երկիրը չլինելով, մինչ օրս իր ռազմանավերը չի ուղարկել Արեւելյան Միջերկականի տարածք, որպեսզի զգաստացնի Թուրքիային: (*)

Մյուս կողմից, ԵՄ-ի մեկ այլ ուժեղագույն անդամըՙ Գերմանիան ոտներն է քարշ տալիս: ԵՄ-ն ներկայիս նախագահող Գերմանիայի արտգործնախարարՙ Հայկո Մաասը ասել է, որ տարածաշրջանում կատարվող «սադրանքները չեն կարող շարունակվել», «Ոչ էլ Թուրքիայի հորատումները», վերջում ավելացրել է նա:

Նման հայտարարությունը հստակ ազդանշան է, որ Գերմանիան Թուրքիայի շահերն է պաշտպանում: Չմոռանանք, որ Թուրքիայի դեմ ԵՄ-ի սահմանած տնտեսական պատժամիջոցները նույնինքն Գերմանիան էր խախտել:

Նման վերաբերմունք տեսնում ենք նաեւ ՆԱՏՕ-ում, որտեղ Թուրքիան եւ Հունաստանը անդամ լինելով դաշինքինՙ Թուրքիան առավել պատվավոր դիրք է զբաղեցնում, քան համեմատաբար թույլ Հունաստանը:

Այն որ թուրքական կառավարությունը լուծելու բազմաթիվ խնդիրներ ունի, չպետք է հանգստացնի հայաստանցիներին, քանի որ Թուրքիան ռազմական այնպիսի մակարդակ ունի, որ կարող է ամենատարբեր ճակատներում ե՛ւ զբաղված լինել, ե՛ւ նույնիսկ պատերազմ մղել:

Վերլուծաբաններից շատերն են հավատացած, որ Վաշինգտոնն է իրավասություն տվել Թուրքիային «ոստիկանի» դերը կատարելու Միջին Արեւելքում: Բայց ըստ երեւույթին, Թուրքիան սխալ է մեկնաբանել իր դերակատարությունը այդ տարածաշրջանում, քանի որ ոստիկաննները պարտավոր են պաշտպանել իրենց վերահսկողության տակ գտնվող կողմերին, մինչդեռ Թուրքիան իրականում թիրախակալել է իր բոլոր հարեւան պետություններին:

Փաստը, որ Թուրքիան կարողանում է Ռուսաստանին հեռու պահել Կովկասից, Սիրիայից եւ Լիբիայից, խոսում է այն մասին, որ նա շատ արժեքավոր ծառայություն է մատուցում Մ. Նահանգներին, եւ դրա հետեւանքում վարձատրվում է տարածաշրջանում գտնվող համեմատաբար թույլ երկրների նկատմամբ նրա սանձազերծած զավթողական քաղաքականության հանդեպ Ամերիկայի չարամիտ անտարբերությամբ: Թուրքիան համարձակություն չէր ունենա Ֆրանսիայի նման մեկ այլ ՆԱՏՕ-ի անդամ պետության դեմ գնալ, եթե Վաշինգտոնի համաձայնությունը չունենար:

Հայաստանին ուղղված իր հանդիմանական արտահայտության մեջ Աքսոյը չէր մոռացել հիշեցնելու, որ Թուրքիան շարունակելու է հնարավոր ամեն միջոցներով պաշտպանել Ադրբեջանին:

Քաղաքական այս զարգացումների կոնտեքստում, եթե Թուրքիայի խրախուսանքով պատերազմ ծագի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ապա Անկարայի թիրախն է լինելու ոչ անպայմանորեն Երեւանը, այլ Մոսկվան: Թուրքիան ռազմական հսկայական ուժեր է տեղակայում Նախիջեւանումՙ դրդող մարտահրավեր նետելով Ռուսաստանին, հատկապես ներկայիս, երբ վերջինս ամեն գնով Բելառուսի հարցը պետք է լուծի:

Թուրքիան սպառնում է Հունաստանին եւ Կիպրոսին: Այդ հակամարտություններին ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի դիրքորոշումներից հստակ երեւում է, թե թիրախակալվածներին ինչ կարող են անել կամ չանել այդ կառույցների ղեկավարները, երբ խոսքը վերաբերում է խուլիգան Թուրքիային: Այդ ղեկավարները միեւնույն քաղաքական գործիչներն են, որոնք այն թեզն են պաշտպանում, թե Հայաստանը դրախտավայր կդառնա, եթե անդամակցի ԵՄ-ին կամ ՆԱՏՕ-ին:

Այդ առնչությամբ վերջերս նույնիսկ BBC լրատվական HardTalk ծրագրի հաղորդավար Սթիվն Սակուրը սուր, հռետորական հարց էր ուղղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իմանալու համար թե շարունակելո՞ւ է արդյոք Հայաստանը մնալ Ռուսաստանի տառապյալ դաշնակիցը, թե՞ նախընտրելու է փրկություն որոնելՙ շրջվելով դեպի ԵՄ եւ ՆԱՏՕ:

Նշենք միայն, որ նման քաղաքականության կողմնակիցները անկասկած հետապնդում են իրե՛նց սեփական շահը, եւ բնավ երբեք Հայաստանի շահերը:

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)

*) Ֆրանսիան առայժմ բավարարվել է ընդամենը 2 «ֆանտոմ» կործանիչ եւ նավային 1 հածանավ ուղարկելով «դեպքի վայր»: Ծ.Խ.:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 28-08-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ