RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#024, 2020-07-31 > #025, 2020-08-21 > #026, 2020-08-28 > #027, 2020-09-04 > #028, 2020-09-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 28-08-2020



Տեղադրվել է` 2020-08-27 22:30:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 1275, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱՐՉԱՊԵՏԱԿԱՆ ԱԹՈՌՆ ՈՒ ՀՀ ԳՅՈՒՂՈԼՈՐՏԸ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Օր չի լինի, որ ՀՀ տպագիր ու էլեկտրոնային մամուլը, լրագրողների ու պաշտոնյաների մատուցմամբ չհայտարարենՙ մեր գյուղարտադրանքը շատ որակյալ է, սակայն բարձր ինքնարժեքի պատճառով սակավ մրցունակ: Սա ասվում է անքննելի ոճով, քանզի դժվար է պատկերացնել նրանց, ովքեր կփորձեն կասկածի ենթարկել հայրենասիրական նման մոտեցումըՙ մերն ուրիշ է եւ վերջ: Լավ. եթե խնդիրն ինքնարժեքի մեջ է, ինչու է այն թանկ: Ինքնարժեքի բաղադրիչները սերմն է, պարարտանյութերը, վնասազերծող քիմիկատները, օգտագործվող տեխնիկան, ջուրը... Ուզենք թե ոչ ընդունելու ենք, որ սրանք մեր համեստ բյուջեից համաֆինանսավորվում են: Հենց միայն նախորդՙ 2019 թվականին լիզինգի պետական աջակցության ծրագրով ծախսվել է 1,7 մլրդ դրամ, 210 շահառուի տրամադրվել է 357 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, որից 157-ը տրակտոր, 200-ն այլ միջոցներ: Անշուշտ դժվար է ասել, թե պահանջարկի առումով ինչ թիվ է նշվածը, ինչքանով է այն նպաստել կարճաժամկետ շրջանում գյուղարտադրանքի ինքնարժեքի կայունացմանն ու հնարավոր նվազմանը: Նայելով գյուղմթերքների օգոստոսյան շուկայական գներին, լավատեսական տրամադրությունների տրվել չենք կարող, պարզապեսՙ ապացույցները հակառակն են:

Եվ հարցը ծնվում է ինքնաբերաբար. ինչքանով են պետական բյուջետային հատկացումները նպատակային, արդյունավետ ու հիմնավորված: Խնդրի կարեւոր բաղադրիչներից մեկը դրա հասցեականությունն է, քանզի սպասվածից շատ ավելին են այն շահառուները, որոնք հեռուստաէկրաններից ու ամենատարբեր առիթներով կայացող հավաքների ընթացքում հայտարարում են, որ իրենք ու իրենց շրջապատն այդ աջակցություններից երբեւէ անգամ նվազագույնը չեն օգտվել: Չէին ու չեն էլ կարող, քանզի բավական է որ ՀՀ չափանիշներով համեստ հնարավորությունների տեր որեւէ ֆերմեր համարձակվի լիզինգի գումար առանձնացնել, հարյուրավորներն իրենց դա թույլ տալ չեն կարող: Նախորդ տարիների ՀՀ գյուղնախարարներից մեկն այս վիճակը փորձում էր արդարացնել կոոպերատիվներ հռչակվող ինչ-որ գործընթացի հիմնումով, որն այդպես էլ իրողություն դառնալու նշաններ չցուցաբերեց ու հաճելի հուշ է մնում, թեեւ ներկա իշխանավորները չեն զլանում դեպքից-դեպք հիշել այս մասին: Իսկ ահա հարցերի հարցը. արդյունավետ գյուղգործունեության ծավալումը, որն իշխանությունը փորձում է հեղափոխություն անվանել, անգամ նախանշաններ չի ցուցադրում:

Պետական գյուղքաղաքականության առումով գերակա է դիտարկվում բուսաբուծության ոլորտի խրախուսումը, այստեղ էլՙ այգեգործության ճյուղին աջակցությունը: Տպավորություն է ստեղծվում, որ ասենք խաղողագործությունն ի զորու է յուրօրինակ լոկոմոտիվի դեր կատարել ՀՀ տնտեսությունում, չնկատելու տալով, որ մշակաբույսը բաց դաշտավարությունում է աճեցվում, ասել է թեՙ առավել ռիսկային է: Երբ տողերիս հեղինակն ավստրիացի խաղողագործից հետաքրքրվեց, թե բերքաշրջանի ընթացքում այգին քանի անգամ է ջրում, նրա զարմանքին չափ չկար. ինչ երկնքից գալիս է, դա է չափը: Մեր գլխավոր խաղողատարածք Արարատյան դաշտում խաղողագործն առնվազն 6-7 անգամ պարտադրված է այգին ջրել: Հսկայածավալ մի աշխատանք, հավելյալՙ աշնան այգեթաղն ու գարնան այգեբացը, որի նպատակահարմարությունը ոչ մի կերպ ընկալելի չէր ավստրիացի զրուցակցիս: Ահա մեզ ինքնարժեքի հետ կապված տեսանելի հարցերից մի քանիսը, քանզի բերքատվության ու վերամշակման առումներով խնդիրներն առավել մասնագիտական մոտեցումներ են պահանջում: Արդյունքում, կարծես արտառոց ոչինչ չկա, ասենք Ոսկեվազ հմայիչ անվանումն ունեցող համայնքի համայնքապետի հեռուստահաղորդումներից մեկում հնչեցրած այն խոսքերի մեջ, որ 2019-ին գյուղի երբեմնի 250 հեկտար խաղողի այգիներից 200-ի վրա հիմա... ելակ են աճեցնում: Կարելի է նման փաստերի առթիվ ամենատարբեր կարծիքներ հնչեցնել, որոնք ինքնախաբկանքի տպավորություն կստեղծեն. Ոսկեվազում խաղող չեն մշակում, եւ սա է իրողությունը: Անգամ տարվա 365 օրերին ՀՀ մեծ ու փոքր բնակավայրերում գինու փառատոն-ներկայացումների անցկացումը երաշխիք չէ, որ հայաստանյան ընտանիքներում ու միջավայրերում այս ըմպելիքը համեստ տեղ ունի: Այնպես որ նաեւ գինի վայելելով մեր առօրյան ու կենցաղը բարեփոխելը բազմաշերտ գործընթաց է, որը սկսելու իրական ցանկություն չի նշմարվում: Համանման վիճակ է հանրահայտ դարձած Արամուսում, ուր այցելությանս ընթացքում նշեցին, որ երբեմնի 900 տնտեսություններից հիմա ստեպղին մշակում են 600-ը: Վարչապետական այցի ընթացքում այս խնդիրն անտեսվեց, այնպես որ շարունակելու ենք մնալ սակավահող հրեից պետությունից ներկրումների հույսին:

Մի այլ ոլորտ է մեղվապահությունը. տարիներ առաջ նշվում էր 450 հազար մեղվաընտանիքների մասին, հիմաՙ 200 հազար: Առաջարկ-պահանջարկի խաթարման արդյունքում մեղրի կիլոգրամի գինը 2000 դրամից հասել-անցել է 4000-ը:

Վերադառնալով խաղողագործությանը, նշեմ, որ հետաքրքրական հիշատակման հանդիպում ենք վիպասան Րաֆֆու ճանապարհորդական հուշագրություններից մեկում, կայացած 1877-ին: Նա գրում է. «Քիշմիշը Երեւանի արդյունաբերություն չէ, այլ ստացվում է Պարսկաստանի Ուրմի քաղաքից եւ երեւանցիք գնելով, արաղ են քաշում: Արաղը քաշում են խաղողի չեչից, ողկույզների քաղցուն գինու համար քաշելուց հետո»: Եվ միայն տասնամյակներ անց, արդեն խորհրդային տնտեսավարման պլանային կառավարման շրջանում, երբ աշխատանքի օգուտն ու վնասը տնօրինում էր Պետպլան կոչվող կառույցը, ՀՍՍՀ գյուղատնտեսությունը կողմնորոշվեց դեպի այգեգործա-բանջարաբոստանային ուղղվածություն: Տարօրինակորեն թե ցավալիորեն նորօրյա Հայաստանի գյուղատնտեսական միտքը որեւէ ձեւով ու մակարդակով չի անդրադառնում հետհամակարգային այս խնդրին, չամրագրելով, որ գյուղատնտեսական գործունեության պետական քաղաքականության հիմնանպատակը երկրի պարենային ապահովության ու պարենային անվտանգության առավելագույն երաշխավորումն է, հետո միայն վայելքա-հաճույքային կարիքների սպասարկումը: Փաստ է, որ վերջինիս պարագայում հայաստանաբնակներս արտառոց պասսիվ վիճակում ենք, քանզի մեր ամենօրյա սեղաններին խաղողի գինին գրեթե տեղ չունի. մեզնից յուրաքանչյուրն այս իրողության իր փաստարկումներն ունի, որոնց արմատները գտնվում են գյուղատնտեսական գործունեություն կոչվող տարածքում: Օրինակ հարց է, թե ինչու պետական որեւէ կառույց չի նպաստում խաղողագործների կողմից սեփական բերքը վերամշակելու գործին: Արդյունաբերականին զուգահեռ անհատական գինեգործությունն ընդունված է ողջ աշխարհում, այն առավել վստահություն է վայելում սպառողների մոտ. գիտես ով է արտադրողը եւ պիտակին ու գովազդին չես տրվում: Ընտանեկան ընթրիքի սեղանին երեք օրը 1 շիշ համեստ արժեքի գինի ունենալու համար ամսվա ընթացքում պահանջվում է նվազագույնը 25 հազար դրամ, որպիսի ծախս հայաստանաբնակների բացարձակ մեծամասնությունն իրեն թույլ տալ չի կարող: Իսկ ահա խաղողագործի կողմից պատրաստված լիտրը 7-8 հարյուր դրամով առաջարկվող գինին այդ գումարը կիջեցնի մինչեւ 5-6 հազար դրամի. գինեգործը ամենօրյա եկամուտ կունենա, սպառողըՙ հաճելի տրամադրություն, երկիրն էլ բարերար միջավայր, այն ինչ ակնկալում ենք: Եթե այլ կարծիք կա, խնդրեմ բարձրաձայնեք:

Այնպես որ փափագս է, որ հայաստանաբնակների շրջանում ներքին թշնամի փնտրողներն առավելապես այսօրինակ հարցերում ակտիվանան: Նաեւ ողջունելի է, որ ողջախոհ հանրությունից որեւէ մեկն այն իրեն ուղղված խոսք չի համարում եւ բումերանգի էֆեկտը չի ծավալվում:

Մեր նորօրյա շրջանի 30-ամյա տարիներին այս մասին բարձրագույն ատյաններից երբեւէ չի խոսվել. առաջին անհրաժեշտության պարենով, վերամշակման նպատակով գյուղատնտեսական հումքի ներկրումներով մի ամբողջ երկիր պահելը խնդիր չի դիտարկվել: Անգամ այն պարագայում, երբ մասսայաբար մեզանում արտադրված պանիրը տարօրինակ պանրային մթերք պիտակով է ցուցադրվում, կաթնամթերքըՙ կաթ պարունակող մթերք է անվանվում, երշիկեղենի կգ-ը 800-900 դրամով է առաջարկվում, երբ հարեւան ցուցափեղկում մսի գինը 3000-5000 դրամ է: Պարենի որակը, գները, այլ առաջնահերթությունները յուրաքանչյուր երկրի տնտեսության հիմնական կողմնորոշիչներն են եւ պետական հոգածության ու հսկողության անհրաժեշտությունն ունեն: Այնպես որ, եթե գյուղնախարարության լուծարումը, խելացի անասնագոմեր հռչակվածը, բողկի 60 տոկոս ու թթի 90 տոկոս արտահանման աճն է գյուղոլորտի բարեփոխումներ համարվում, պարտադրված ենք հիշեցնելՙ հալվա-հալվա ասելով բերանը չի քաղցրանում: Իսկ ահա ՀՀ վարչապետն իր նախակորոնավիրուսյան հունվարյան 4,5 ժամ տեւած ասուլիսում այսօրինակ խնդիրներից չխոսեց, գերադասելով նշել ՀՀ-ից սմբուկի արտահանման 657 տոկոս աճը: Այն խնդիր չենք դարձնում եւ չենք քննարկում, քանզի վարչապետական աթոռից ՀՀ գյուղոլորտի խնդիրներն այսկերպ են դիտարկվում:

24.08.2020 թ. Երեւան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 28-08-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ