ՆԱՄԱԿ «ԱԶԳ» ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԽԱՉԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆ, Տեխնիկական գիտությունների թեկնածու, Կալիֆորնիա նահանգի վկայագրված պրոֆեսիոնալ ինժեներ, Փասադենա, ԱՄՆ Այս նամակը ստիպված եղա գրելու, երբ մանրամասն ծանոթացա պր. Ստեփան Պապիկյանի 2020 թ. մարտի 13-ին «Ազգ» թերթում հրապարակված «Էներգետիկ անվտանգությունը կարեւոր գործոն» հոդվածին: Ինձ շատ զարմացրեց պր. Պապիկյանի հաստատորեն առաջարկները հանրապետության տարբեր քաղաքներում կառուցել գազատուրբինային եւ շոգեգազատուրբինային ջերմային էլեկտրակայաններ, առանց ունենալու գիտական անառարկելի համոզեցուցիչ տվյալներ այն մասին, թե տվյալ վայրում ինչ տիպի եւ ինչ հզորության էլեկտրակայան կառուցելը հնարավոր է եւ շահավետ: Կարեւոր է նշել, որ այսպիսի ոչ գիտականորեն հիմնավորված առաջարկի իրականացումը կարող է բերել նախատեսված կապիտալ ներդրումների զգալի գերածախս (մոտ. 20 - 25%), էլեկտրակայանի հզորության սահմանափակում փոփոխական ռեժիմներում եւ ցածր օգտակար գործողության գործակից (օ.գ.գ.), որի արդյունքումՙ վառելիքի գերածախս: Ուզում եմ նշել, որ որեւէ քաղաքում կամ շրջանում նախքան ջերմային էլեկտրակայան տեղակայելը պետք է ուսումնասիրել եւ որոշել տվյալ տեղամասի ջերմային եւ էլեկտրական էներգիայի պահանջները (կոմունալ եւ արդյունաբերական), վառելիքի եւ ջրի բավարար քանակը, արտաքին օդի մթնոլորտային ճնշումը եւ ջերմաստիճանը, բաձրավոլտ եւ բաշխիչ էլեկտրական գծերի առկայությունը, երկրաշարժի հավանականության աստիճանը եւայլն: Մյուս կարեւոր գործոնը - ինչպիսի օդի մաքրման պահանջներ կան տվյալ շրջանում, որի հիման վրա պետք է նախագծվի տվյալ էլեկտրակայանից վառելիքի այրման հետեւանքով ծխնելույզից հեռացող թունավոր գազերի (NOx, CO, HC) կոնցենտրացիաներն ու քանակը եւ ամենակարեւորըՙ ինչ ռեժիմով պետք է աշխատի էլեկտրակայանը (հաստատուն, թե՞ ցիկլիկ): Շատ կարեւոր է նշել, որ գազատուրբինային եւ շոգեգազատուրբինային կայանները շատ զգայուն են շրջապատի օդի ջերմաստիճանի եւ մթնոլորտային ճնշման տատանումներին, որի հետեւանքով մինչեւ 5-10% հզորության կորուստ կարող է լինել: Իմ երկարատեւ փորձառությունից ելնելովՙ նշում եմ այս բոլորը, միաժամանակ նկատի ունենալով գազա եւ շոգեգազատուրբինային տարբեր հզորության էլեկտրակայանների մանրակրկիտ ջերմային փորձարկումների արդյունքում ստացված բացահայտումները: Այս փորձարկումների նպատակը եղել է նաեւ որոշել տվյալ էլեկտրակայանի օ.գ.գ. տարբեր փոփոխական ռեժիմներով: Հաշվի առնելով նշված անառարկելի պահանջները, կարծում եմ, որ պր. Պապիկյանը նկատի է առել այս նկատառումները իր առաջարկությունների մեջ: Որպես 60 տարվա փորձագետ շոգեգազատուրբինային, գազատուրբինային եւ շոգեգազատուրբինային էլեկտրակայանների նախագծման, փորձարկման եւ շահագործման ասպարեզում աշխատել եմ Լենինգրադում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Որպես 40 տարի Ամերիկայում այդ ասպարեզում աշխատած մասնագետ ես պիտի խնդրեի, որ «Ազգ» թերթի միջոցով պր. Պապիկյանը պատասխանի իմ հարցերին: Հարգանքներովՙ |