ԲԵՅՐՈՒԹԸՙ ԿՐԱԿԻ ՈՒ ԾԽԻ ՊԱՐՈՒՅՐՈՒՄ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ Երեկ ուշ երեկոյան «Ազգ»-ը տպարան հանձնելու պահին դեռ Բեյրութի նավահանգստում հրշեջներն աշխատում էին մարել նույն օրըՙ սեպտեմբերի 10-ին բռնկված խոշոր հրդեհը, որ ծխի հաստ ամպով էր պատել Միջերկրականի ափին մեկ ամիս առաջ տեղի ունեցած պայթյունից կուչ եկած վիրավոր Բեյրութի երկինքը: Տեղից մեզ մանրամասներ հաղորդեց Բեյրութի հայ ավետարանական քոլեջի ուսուցչուհի Զարմիկ Կանաչյանը , որի տղան հրշեջ է: «Բեյրութի նավահանգստում տակավին զանազան ապրանքներով բեռնավորված պահեստներ կան: Դրանց մեջ հատկապես դյուրավառ նյութերըՙ ինքնաշարժի անիվներ, տապկոցի ձեթ եւ այլն առիթ են տվել, որ խոշոր հրդեհ ծագի, քանի որ նախորդՙ օգոստոսի 4-ին նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի հետեւանքով պահեստների պատերը փլուզվել, իրար են մոտեցել», պարզաբանեց Զարմիկը: Ըստ մեր զրուցակցի, «դեռեւս հստակ չէ հրդեհի պատճառը, բայց այս անգամ բարեբախտաբար, զոհեր ու վիրավորների մասին չի նշվում, հավանական է, որ չկան, քանի որ նավահանգիստը չի գործում»: Ըստ տեղում աշխատող միջազգային ԶԼՄ-ների, ականատեսների վկայությամբ, մարդիկ խուճապահար փախել են քաղաքի կենտրոնից, իսկ հրշեջների հետ կրակը փորձել են մարել լիբանանյան բանակի օդուժի մարտիկներըՙ ուղղաթիռներով: Բնակիչներին հորդորել են նավահանգստին չմոտենալ, մերձակա վայրերը լքել: Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ի պայթյունը ավելի քան 190 մարդու մահվան պատճառ դարձավ, վիրավորների թիվն անցնում է 6000-ից: |