«ՀԱՅԵՐԸ ԵՎ ՍԵՐԲԵՐԸ»ՙ ՀԱՅԵՐԵՆ ԵՎ ՍԵՐԲԵՐԵՆ ԱՆՈՒՇ ԲԱԼԱՅԱՆ, Բելգրադ Վերջերս Բելգրադում «Պեշիչ ի սինովի» հրատարակությունը լույս ընծայեց «Հայերը եւ սերբերը» երկլեզու (հայերեն-սերբերեն) գիրքը: Այն լուսաբանում է հայ-սերբական պատմամշակութային կապերըՙ սկսած միջնադարից եւ Սերբիայում բնակված հայերի ու նրանց սերունդների պատմությունըՙ հիմնականում սկզբից մինչեւ Երկրորդ աշխարհամարտն ընկած ժամանակաշրջանը: Գիրքը Հայաստանի Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, հայագետ եւ սփյուռքագետ Արծվի Բախչինյանի հերթական աշխատանքն էՙ այս անգամ նվիրված Սերբիայում (մասամբ նաեւՙ մյուս հարավսլավական երկրներում) հաստատված հայերի պատմությանը: Այն հայերենից սերբերեն է թարգմանել բելգրադաբնակ Անուշ Բալայանը : Կարդալով թարգմանությունըՙ սերբ գրող Լուկա Յոկսիմովիչ Բարբաթը միտք է հղացել գրքում զետեղել իր հեղինակությամբ գրված մի հավելված, որտեղ տեղեկություններ են հաղորդվում ժամանակակից մի շարք հայազգի սերբ մշակութային գործիչների մասին: Գրքի առաջին բաժինը սերբերեն է, իսկ երկրորդըՙ հայերեն: Միջին մասում լուսանկարներ են: Արծվի Բախչինյանի եւ Լուկա Յոկսիմովիչ Բարբաթի համահեղինակած «Հայերը եւ սերբերը» գիրքն արդեն իսկ հետաքրքրություն է առաջ բերել ոչ միայն ծագումով հայերի, այլեւ սերբերի մեջ, որոնց գրեթե միշտ էլ հետաքրքրել է շատ բաներով իրենց բախտակից հայ ժողովրդի պատմությունը եւ մշակույթը: |