ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ, ԿՐԵՄԼԸ ԵՎ... ՄԵՆՔ ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ Մինչ ֆեյսբուքահայությունը զվարճանում էր գորիսեցի երիտասարդի եւ դիմակը ճիշտ չկրելու համար նրան տուգանող ոստիկանի միջեւ ընթացող խի՜ստ սկզբունքային բանավեճովՙ թե ընկույզը սննդեղե՞ն է, թե՞ հատապտուղ, Հայաստանում շատ քչերն էին հետեւում, թե իրականում ի՛նչ է տեղի ունենում ԵԱՏՄ-ում մեզ անդամակից Բելառուսում, բացառությամբ թերեւս հեռուստատեսային այն կադրերից, որտեղ երեւում են Մինսկի կենտրոնական հրապարակում բազմամբոխ հանրահավաքի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ դաժան բախումները, հարյուրավոր ցուցարարների ձերբակալությունները եւ այդ ֆոնինՙ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հսկայական ֆիգուրըՙ ինքնաձիգը ձեռքին եւ զրահաբաճկոնը հագին, փշալարերով պատված իր պալատը, այսինքն իշխանությունը պաշտպանելու դիրքում: Այսօր, դժբախտաբար, ֆեյսբուքն է կառավարում մեր երկիրը, եւ իր «ցնցիչ» ու «ջախջախիչ» վերնագրերով շեղում հասարակության ուշադրությունը մեր շուրջը եւ մի քիչ հեռուն կատարվող կարեւոր իրադարձություններից: Շատերին թվում է, որ Մինսկը շատ հեռու է մեզանից, այնքան հեռու, որ նույնիսկ վարչապետը շփոթում է այն Եվրոմիության անդամ երկրի հետ... Իրականում այդ երկիրը, հետեւաբարՙ այնտեղ կատարվող իրադարձությունները շատ կարեւոր են նաեւ մեզ համար, բազմաթիվ պատճառներով: Առաջինՙ մենք անդամ ենք տնտեսական նույն դաշինքինՙ ԵԱՏՄ-ին: Ավելինՙ մենք մաս ենք կազմում հավաքական անվտանգության նույն կազմակերպությանըՙ ՀԱՊԿ-ին, որի գլխավոր քարտուղարը այժմ այդ երկրի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասն է, որ մեր հիմարության պատճառով ժամանակից շուտ փոխարինեց մեր Յուրի Խաչատուրովին: Երկրորդՙ այդ երկում տեղի ունեցող իրադարձությունները սոսկ իշխանափոխական բնույթ չունեն, այլեւՙ աշխարհաքաղաքական նշանակություն, որի նպատակն է թուլացնել մեր գլխավոր եւ միակ դաշնակցիՙ Ռուսաստանի դիրքերը եւ զրկել նրան, Ուկրաինայի օրինակով, Կենտրոնական Եվրոպայում իր ռազմաքաղաքական ու տնտեսական կարեւորագույն հենարանից: Երրորդՙ մեզ համար նույնը չէ, թե ո՛վ կլինի Բելառուսի իշխանավորը: Լուկաշենկոյի երկիրը, հակառակ մեզ հետ ունեցած դաշնակցային միեւնույն կազմակերպությանը պատկանելուց, անցնող տասնամյակին զենքի կարեւոր մատակարարներից է եղել Ալիեւի Ադրբեջանի, այդ թվումՙ «Պոլոնեզ» համակարգի: Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունները մեզ պետք է հետաքրքրեն նաեւՙ այսպես կոչված իշխանական, ավելի շուտՙ անձնիշխանության տեսակետից: Վեց անգամ անընդմեջ նախագահի պաշտոնին տիրանալու եւ ամեն գնով այն պահպանելու մոլուցքը գրված ու չգրված բոլոր օրենքներով համարվում է բռնատիրություն, որը խոցելի է դարձնում տվյալ պետությանըՙ ներքին եւ հատկապես արտաքին թափանցումների առաջ: Իրականությունՙ որի վկաներն եղանք մենք 2018-ի ապրիլին, դրա բացասական բոլոր հետեւանքներով: Բելառուսական բոլոր իրադարձությունների մեջ ակնհայտ է, որ «Բատկան», վերեւում նշված հոխորտ եւ ահարկու իր կեցվածքին հակառակ, անցյալ կիրակի օրը, երբ Մինսկում եւ այլ քաղաքներում բազմահազարանոց բողոքի ցույցեր էին տեղի ունենում, Սոչիում նախագահ Պուտինի հետ հանդիպմանը ներկայացավ, ինչպես մեր ժողովուրդն է ասումՙ «կուռկուռի ձագի» նման: Չորս ժամ տեւած գլուխ-գլխի այդ հանդիպման հեռուստատեսային թռուցիկ մի քանի կադրերից մեկում, որն անշուշտ բաց էր թողնվել դիտմամբ, Լուկաշենկոն երեւում էր Պուտինի դիմաց կքածՙ աշակերտի հնազանդությամբ ծնկի վրա գրառումներ անելիս: Նրա խնդրանքը, ինչպես ռուս եւ միջազգային դիտորդներն են գրում, մեկն էրՙ «օգնեցեք փորձանքի մեջ հայտնված ընկերոջը»: «Բատկան» բոլորովին նման չէր իրեն: Իմ վրա նա թողեց իշխանությունն արդեն կորցրած մարդու տպավորություն: Փակ պայմաններում, նույնիսկ առանց օգնականների ներկայության տեղի ունեցած այդ հանդիպման մանրամասնությունները հայտնի չեն մեզ: Միայն կարելի է ասել, որ բռնակալական հակումներով ավտորիտար այդ մարդը սկզբից եւեթ դուր չի եկել Կրեմլին եւ անձամբ նախագահ Պուտինին, ինչպես վկայում են լավատեղյակները: Անվստահելի, պատեհապաշտ դաշնակից է նկատվել նա, որիՙ փողոցի ճնշմամբ պաշտոնից հեռացումը, սակայն, Մոսկվայի ճաշակով չէ: Վերջինս, բնականաբար, փոխարինող թեկնածուներ ունի տեսադաշտում, սակայն նախընտրում է չշտապել եւ «Բատկային» փոխարինողին չփչացնել բելառուսների աչքինՙ դրածոյի կարգավիճակ տալով նրան: Ասենքՙ Պուտինի համար ներկայիս գլխավոր խնդիրը ոչ թե Լուկաշենկոն է, այլՙ չկորցնելն է Բելառուսի ժողովրդին, որին միշտ հատուկ է եղել Մոսկվայի նկատմամբ հարազատության զգացողությունը: Եվ հենց այդ զգացողությունը չկորցնելու համար նախագահ Պուտինը եւս 1,5 մլրդ դոլարի վարկ հատկացրեց հարեւան երկրին, որի բանկերում կանխիկ ռեզերվը սպառվելու վրա էր արդեն օգոստոսի 28-ի դրությամբ, իսկ բանկոմատների առջեւ հսկայական հերթեր էին գոյացել դոլար ձեռք բերելու համար: Ասենքՙ վերջին այդ վարկը 16 մլրդ.ի է հասցնում Մինսկիՙ Մոսկվային ունեցած պարտքը, որի պայմաններում Բելառուսը այլեւս չի կարող դիմել միջազգային դոնոր կազմակերպություններին: Միջազգային դիտորդների հավաստմամբ, Լուկաշենկոյի «համոզիչ» կռվանը եղել է այն, որ առանց իրեն Մոսկվան կկորցնի Բելառուսիան, մինչդեռ Պուտինը նրան հիշեցրել է դեռեւս 1990-ական թթ.ից եւ այնուհետեւ 1999 թ.ից վերահաստատված բանավոր, թե՞ գրավոր պայմանավորվածությունը, որը նախատեսում է Բելառուս-Ռուսաստան տնտեսական եւ ռազմավարական միություն, որն սկսվելու էր Մինսկիՙ ռուբլու գոտի մտնելով: Պայմանանվորվածություն, որից Լուկաշենկոն անընդհատ խույս է տվել զանազան պատրվակներով: Համենայնդեպս, իր խոսակցին հանդիմանական շեշտով հիշեցնելով այդ բոլորը, նախագահ Պուտինը Լուկաշենկոյին տվել է վերջին առիթի հնարավորությունՙ ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությամբ արագ փոփոխություններ մտցնել երկրի սահմանադրության մեջ եւ անցկացնել նախագահական նոր ընտրություններ: Մնում է մեզ հետեւել, որ դրանով որեւէ բան կփոխվի՞ իրադրության մեջ: Հազիվ թե: |