ՀԻՎԱ՞ՆԴ, ԹԵ՞ «ՊԱՑԻԵՆՏ» Զրույցը վերարտադրեցՙ Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ - Աս «պացիենտը» ուրկե՞ հանեցիք, ի՞նչ հայերեն է ասիկա, չե՞ք ամչնար... Զանգահարողը վաղեմի բարեկամս էր, Ամերիկայից, ինքն էլ մեզ նման ինքնամեկուսացման մեջ: Ուշի-ուշով հետեւում է կորոնավիրուսի «հաղթարշավին» աշխարհով մեկ, անշուշտ նաեւ Հայաստանում: Նրա հանդիմանական շեշտից սկզբում կարկամեցի, փորձեցի ինչ-որ բաներ ասել Հայաստանում բժշկական-առողջապահական ասպարեզում ռուսախոսության տարածվածության հին «ավանդույթների» մասին: Նույնիսկ փորձ արեցի բացատրելու, որ «հոս», Հայաստանում, «պացիենտ» բառը օգտագործում են բժիշկները իրենց այցելուներին փափկանկատորեն հիվանդ, առավել եւս հաճախորդ չկոչելու համար: Սակայն բարեկամս ավելի բորբոքվեց: - Եղբա՛յր, խոսքս միայն բժիշկներուն չի վերաբերիր, այլ հատկապես ձեր հեռատեսիլի, կայքէջի լրագրողներուն, մանավանդ խմբագիրներուն: Ոչ միայն անոնք. ձեր առողջապահության նախարարն անգամ, վարչապետն ալ, որ ժամանակին խմբագիր եղած է, նույնիսկ ձեր պարետն ալ, որ կրթված մարդ կերեւի... - Թերեւս ժողովուրդին ավելի հասկնալի ըլլալու համար,- բացատրեցի բորբոքված բարեկամիսՙ թերեւս անտեղի կերպով պաշտպանությանս տակ վերցնելով մեր խմբագիրներին ու պետական պաշտոնյաներին: - Եղբա՛յր, անոնց խոսքը բնա՛վ հայերեն չէ: Խոսքս հատկապես հեռատեսիլին կվերաբերի. խմբագիր չունի՞ն, սրբագրիչ չունի՞ն, ոճաբան չունի՞ն, չե՞ն գիտեր, որ այդ բառը «հիվանդ» կնշանակե. անգլերեն patient-ն է, միայն ռուսական «ց» հնչյունափոխությամբ: - Այո,- հաստատեցի համակերպված,- օտարաբանություն է, ինչպես ուրիշ շատ բառեր: - Անտեղի՛, անճիշտ օտարաբանություն,- լսվեց հեռախոսի մյուս կողմից ընկերոջս ձայնը:- Ինչպե՞ս կրնա կորոնայով վարակվածը «պացիենտ» ըլլալ, ի՞նչպես կրնա «պացիենտը», օրինակ, մեռնիլ: Կորոնայով վարկավածէն ավելի լավ հիվանդ կրնա՞ ըլլալ: Քիչ կմնա, որ «հիվանդանոց» բառն ալ «պացիենտանոց», կամ «հիվանդապահուհի» բառն ալ «պացիենտապահուհի» կոչեք: Հանդիմանությունների տարափի տակից դուրս գալու համար փորձեցի վերջ դնել զրույցին ու խոստացա ուսումնասիրել եւ այդ մասին «բան մը» գրել: - Լավ, բան մը գրէ: Բացատրէ այդ մարդոց, պետական թե բժշկական, որ մենք հոս արեւմտահայերենը արդեն կորսցնելու վրա ենք, գոնե դո՛ւք մի կորսնցնեք արեւլահայերենը: Մեղք է մեր լեզուն,- ասաց բարեկամս ու կախեց խոսափողը: Եվ իսկապես, խոստումս կատարելու համար ընկա բառարանների վրա: Պարզվեց, որ մեր ամենախելացի բառարանըՙ Ստ. Մալխասյանցի Բացատրականը, չունի «պացիենտ», մինչդեռ Էդ. Աղայանի բառարանն ունի: Կնշանակի այդ բառը ավելի ուշ շրջանի փոխառություն է: Ֆրանսիական նշանավոր Larousse-ը ունի՛ նույն բառը, սակայն որպես երկրորդ բառիմաստ: Իսկ նորագույն որոշ բառարաններում այդ բառի դիմաց գրված է «արխաիկ»: «Պացիենտը» օգտագործվում է անգլերենում, սակայն հե՛նց հիվանդ եւ, երկրորդ, ամբուլատոր հիվանդ իմաստով: Առաջացել է լատիներեն patienteՙ համբերություն, տոկալ, սպասել իմաստներից: *** Եվ այսպես, ընկերոջս պատվերը կատարելուց, մի քիչ «բառարանակերությամբ» զբաղվելուց հետո գրածս իրեն ուղարկեցի: Դժգոհ մնաց եւ այս անգամ երկտողով պատասխանեց: Արտագրում եմ նույնությամբ. - Դուն ալ վարակվեր ես ուղղախոսության հարցերուն մեջ հայաստանցիներու թեթեւամտությամբ: Շատ մեղմ, գրեթե չեզոք դիրք բռներ ես: Պետք է խիստ բառերով քննադատեիր օտարաբանության այդ ախոյանները: Որքա՜ն օտար բառեր եւ արտահայտություններ կը գործածեն, եւ մեկը չկա զիրենք կեցնող: Հավանաբար ճիշտ այդ պատճառով ալ հայաստանցի ամենազարգացած մարդիկն անգամ կըսենՙ «խոսքը գնում է այն մասին»... Եղբա՛յր, խոսքը ո՞ւր կերթա: Տեղ մըն ալ չերթար: Բայց լեզուն կերթա՛: Պահ մը կանգ առէք, հերի՛ք եղավ: |