RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#027, 2020-09-04 > #028, 2020-09-11 > #029, 2020-09-18 > #030, 2020-09-25 > #031, 2020-10-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 18-09-2020



Տեղադրվել է` 2020-09-17 22:19:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 1483, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՎ ՈՐՈՎՀԵՏԵՎ ԱՆՀՆԱԶԱ՞ՆԴ ԵՆՔ...

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Թե ինչ սեպտեմբերի 1 կլինի, այնպիսի շարունակություն էլ կանկնկալվի,- այսպես մտածում էինք: Ոչ սովորական սեպտեմբերի 1 եղավ, մի անտրամաբանական տրամաբանությամբ մեկը փոխարինվեց երկնիշ թվով, սեպտեմբերի 14-ն ավելի հարմար համարվեց: Ամառը մեզ բաշխվել էրՙ ազատ մտորելու, հանգիստ էր պետք. թայմաութ, ու դա մենք ունեցանքՙ մի մասը տուգանվելով, մի մասն անտուգանք:

Երբեմն հայտնվում են ֆանտաստիկ մարդիկՙ ասես գետնի տակից ու ֆանտաստիկ պատմություններ անումՙ մոլորակը ղեկավարող ոչ երկրածին գոյությունների մասին, որոնք ապրում են անդրերկրային խորխորատներում, կամ էլ, օրինակ, Անտարկտիկայում: Սրանց աշխարհում ամեն բան տարբեր է, այդպիսի համակարգ ու նորմեր, հարաբերություններ տեսած չկանք հոլիվուդյան եւ ոչ միՙ ամենաֆանտաստիկ ֆիլմում անգամ: Այստեղ օրենքները ո՛չ անմարդկային, ո՛չ էլ գազանային են, այստեղ սիստեմ չկա, միտք, բանականություն չկա, կատարյալ քաոս է. մեր պատկերացումները հարաբերությունների ու բարոյականության մասին այստեղի համար անհեթեթ էլ չեն, սատանան գիտի, թե ինչ են: Մեզ թվում էՙ վատ երազ է, չար կատակ, հետո արթնանում ու նայում ենք մեր կյանքին. ինչ - որ բան վաղուց շուռ եկած է, դա իմացել են բոլորՙ քիչ թե շատ մտածող մարդիկ բոլոր ժամանակներում, իսկ ամենալուսավորները դրվել են լուսանցքից դուրսՙ ոչ միայն վերեւների կողմից, այլ հենցՙ ամբոխի: Հիմա բոլորի կյանքն է գլխիվայր շուռ եկել, մտել անորոշության փուլՙ հայտնի հեքիաթի ճանապարհն անտառում կորցրած այն երկու երեխայի նման մոլորված. ամենքն են լուսանցքում հայտնվել: Ծնողը փոքրիկին դպրոցի մետաղյա ճաղավոր դարպասներից ներս է մտցնում ու չգիտիՙ նրան ինչ է սպասվում... ճանապարհին երեխան տրտնջում էրՙ թե դիմակից շունչը կտրվում է: Հիմա այն ֆանտաստիկ պատմություններում պատմվող բարքերն արագորեն տարածվում են այստեղ. թե մի ժամանակ անտարբերություն էր, հիմա ոչ միայն անհանդուրժողականություն է, այլեւՙ թշնամություն, եթե մի ժամանակ հիասթափություն էր, հիմա ատելություն է, ու անբարոյականությունը նորմ է դառնում. հասարակական տարածքը բազմաշերտ հակասությունների մարտադաշտի վերածված. սա քաոս չէ, հապա ի՞նչ է:

Մի նկար է շրջում արդեն մի քանի օր սոցցանցերումՙ մի չքնաղ, բարալիկ փոքրիկ աղջնակՙ դեմքի ընդգծված արտահայտությամբ. զարմանք էՙ շուրջ բոլորը դիմակավոր են, ինքն անդիմակ...ասես ուրիշ մոլորակից լինի, ասենքՙ Փոքրիկ Իշխանի, Էքզյուպերիի երազանքի, որտեղ այլ բարոյականություն ու չափումներ կան: Բայց այստեղ էլՙ այս կոշտ մոլորակում այլ չափումների մարդիկ պատահում են, ուղղակի հոգին լապտերին միացրած մարդ է պետքՙ նրանց տեսնելու համար...

Օրերս ընկերներիցս մեկը շատ հետաքրքրական ու կարեւոր տեսանյութ էր տարածել ֆեյսբուքյան իր էջումՙ մեր ժամանակի ռուս նշանավոր մաթեմատիկոս Գրիգորի Պերելմանի մասին (Բրիտանական The Daily Telegraph - ի 2007 -ի հրապարակած «Ներկայում ապրող հարյուր հանճարները» ցուցակում Գրիգորի Պերելմանը իններորդ հորիզոնականում է), որտեղ ներկայացված էին նրա կյանքային, մասնագիտական ճանապարհի առանցքային դրվագներՙ նրա մաթեմատիկական հայտնագործություններըՙ մասնավորապես 19-20-րդ դարերի ֆրանսիացի մաթեմատիկոս, տեսական ֆիզիկայի մասնագետ Անրի Պուանկարեի հիպոթեզի ապացուցման, որը միջազգային գիտական աշխարհում մեծ իրադարձություն է եղել (ափսոսացի, որ ինձ այն հասկանալի չէր գոնե մասնակիՙ չնայած մաթեմատիկայի դպրոցական ավարտական քննության միակ գերազանց ստացողն էի այդ տարվա շրջանավարտների մեջ, բայց կարեւորը դա չէ): Այս պատմության մեջ ամենից նշանակալին գիտության մարդու բարձր կերպարն էՙ գիտության հանդեպ նրա ազնվությունը, անաչառությունը, անարդարության մերժումը, նրա հրաժարումներըՙ կեղծ աշխարհի կեղծ վերաբերմունքներիցՙ դրամական պարգեւներից, հեղինակավոր շնորհներից: Պայքարի այսպիսի եղանակը բացառիկ մարդկանց մենաշնորհն է իհարկե: Այն համոզումն ունեմ նաեւՙ որքան անհրաժեշտ է մարդկությանը նման ազնվական խառնվածքով անհատների ներկայությունը. - էներգիա, որ կոչված է ներդաշնության բերել մոլորակի խախտված բալանսը, միաժամանակ պակաս կարեւոր չեն նրանք, ովքեր ընդունակ են տեսնել, գնահատել, հանրայնացնել նման մարդկանց խիզախումները, ովքեր ունեն հոգու այդ ազնվությունը:

Ժամանակին Ռայներ Մարիա Ռիլկեն ասում էր. «Ո՞վ է խոսում հաղթելու մասին, դիմակայել, - ահա՛ ամենը»: Եթե կյանքը փորձություն էՙ մեծ գայթակղությունների վայր, նաեւ խնդիր է, թե ինչպե՞ս ենք դիմակայում այդ փորձությունները, ինչքանո՞վ ենք կարողանում ետ մղել քաղցր գայթակղությունները:

Կյանքը շարունակվում է ծավալվել մեր շուրջը կարծես նույն կերպ, սակայն թվում է, թե նույն կերպ. մարդիկ թաքցնում են մտքերը, ներքին տագնապները, էլ ավելի օտարացումը միմյանցից. ամենատրադիցիոն կենցաղով ապրողներն անգամ ակամա բերանից թռցնում ենՙ թե կյանքը շուռ եկավ, հարաբերություններն էլ առաջվանը չեն. վերջին կես տարվա փորձությունը անհաստատ է դարձրել վաղվա օրվա մասին պատկերացումները: Հիմա որքա՜ն վիրավորական է թվում 2 տարի առաջ օդ նետած հպարտ քաղաքացի «կոչումը», երբ այդ հպարտի միակ մտահոգությունը աշխատանքը հանիրավի չկորցնելն ու հանիրավի չտուգանվելն է, երբ ոստիկանները տարերքի մեջ են, ի՜նչ հեշտ աշխատանքՙ քայլել, կանգնել մի տեղ ու տուգանե՜լ, տուգանե՜լ, բաժանմունք քարշ տալ փողոցով քայլողներինՙ անդիմակավոր այդ անզգամ անհնազանդներին: Սա, իհարկե, դիմակահանդեսի առաջին արարն է դեռՙ առայժմ ձայներ լռեցնելու. դե որքան քիչ շնչես, այնքան քիչ կխոսես, հետո էլՙ այդքան շուտ կմեռնես:

Մեր ազատությունները, եթե իհարկե դրանք երբեւէ եղել են, հիմա միջնադարի գույներ են առնում, փողոցների դիմակավոր մարդիկ թվում են ստվերներ, նրանք նաեւ անճանաչելի են, երբեմն երբ համարձակվում են հանել, իրոք որ անճանաչելի են դառնում: Մեր ազատությունները առայժմ լի ու բոլ վետվետում են ինտերնետային տարածքներում, այստեղի մի երկրորդ աշխարհում մարդիկ արտահայտվում են ըստ իրենց կրթական ցենզի, ներքին դաստիարակության եւ իհարկե իմացության: Բառային այս աղմուկի մեջ ընտրում ես այն, ինչ մոտ է քեզ ու հասկանում, որ ժամանակավոր այս պատուհանը առայժմ բաց են թողել, որ մարդիկ չխեղդվեն հեղձուկից, որովհետեւ ամեն ասուն արարած ինքնարտահայտվելու կարիք ունի եւ մանավանդ ուշադրության, եւ կարեւորըՙ այստեղ սոցիալական պարանի մտրակը չի գործում: Ծնողներն այստեղ լի ու լի բողոքում են, օրինակՙ թե ինչպես երեխային ֆիզկուլտուրայի դասը պարտադրել են դիմակով անել, եւ նա շնչահեղձ լինելուց վատ է զգացել ու չի կարողացել, մի ուրիշ տեղ դիմակավոր փոքրիկների մեկուկես մետրանոց հեռավորությունը գծանշումից զատ պարաններով են կարգավորել: Բա՞նտ է, կոնցլագե՞ր է, ի՞նչ է, զայրանում են մարդիկ: Ես էլ որտեղից որտեղ հիշում եմ Փանոս Թերլեմեզյանի «Կյանքիս հուշերի» Վարժարան- սպանդանոցը:

Իսկ մի ուրիշ տեղ 90 -ականներ տեղափոխող երթուղային տաքսու տեսագրություն է. այն ժամանակ մարդիկ ավտոբուսի դռներից էին կախված, հիմա այս փոքրիկ տարածքում նրանք իրար գլխի են, խցկված, դիմակ-միմակ նշանակություն չունի արդեն, վիրուսը ազատ ելումուտ է անում, շնչում են իրար վրա: Այսպիսի կուտակումների ժամանակ սոցհեռավորության մեկուկեսի կարգադրված նորմը ոստիկանական ուշադրությունից դուրս է. բայց ինչո՛ւ:

Մարդիկ տեսնում են, մարդիկ հո կո՞ւյր չեն, բայց ծպտուն չեն հանում, քայլում են գլխիկորՙ դիմակավորված: Բողոքում են միայն ֆեյսբուքում, ԿԳՄՍ նախարարի հրաժարական են պահանջում, թե դպրոցը բանտ է դարձել, թե վախենում են երեխաների առողջության համար, թե կրթությունն աղավաղվում ու իր շավղից դուրս է նետվում, սակայն մյուս կողմն անհողդող է, թեՙ «Ես հեղափոխական թիմի առաջնորդներից մեկն եմ եղել եւ եմ, ես առաքելություն եմ ստանձնելՙ ոլորտը բարեփոխելու եւ ներկայում իրականացնում եմ: Եթե ես զգամ, որ գնում ենք սխալ ուղղությամբ, իսկ մենք հիմա գնում ենք ճիշտ ուղղությամբ, ես ինքս հրաժարական կտամ»: Երեկ արդեն բողոքողները փողոց էին իջելՙ ճիշտ հակառակ պաստառներով ու կոչերով: Ահա այսպիսի հեղափոխություն մենք արեցինք. փողոց փակեցինք անարգելՙ խաղ ու պարով, դհոլ - զուռնայով, գունավոր զանգուլակներով, այսպես հեշտ ու հանգիստ ուղղորդեցին մեր լվացված ուղեղները, հիմա էլ բելառուսների գունավոր զանգուլակներն ենք ուզում պաշտպանել, իբր մերից ինչ հասկացանք...

Այսպիսի սեպտեմբեր, մի ուրիշ սեպտեմբերՙ բուհի դռների առաջ ցաք ու ցրիվ, դեմքը կորցրած առաջին կուրսեցիներովՙ հովվին կորցրած հոտի շփոթմունքով, ճերմակ վերնազգեստներով շղթայված փոքրիկների զարմանքով, երբ դեռ երեկ իրենց բակերում ազատ - անդիմակ խաղում էին միմյանց հետ ու նույնն անելու են դասերից հետո ու անում են. նրանց աղմկոտ ձայները բակից մինչեւ ուշ երեկո չեն դադարում:

Հ.Գ. Ի դեպ, եվրոպական մի շարք երկրներում, օրինակՙ Բելգիայում, մինչեւ 12 տարեկան երեխաները դիմակ չեն կրում. մենք ընդօրինակո՞ւմ ենք միայն վատը:

Ի դեպՙ այս կորոնա-ն իսկապես որ դիմակ էր. արդեն հայտնի է ամենքին, թե ինչպես են օգտագործում այն ըստ նպատակահարմարության եւ ինչպես են մանիպուլացնում մարդկանցՙ ով ոնց կարող էՙ սկսած պետություններից ու պետական կառույցներից, մանր ու մեծ գերատեսչություններից, խոշոր կորպորացիաներից ու ընկերություններից, քաղաքային, մարզային, համայնքային կառույցներից, մինչեւ ամենամանրերըՙ փոքր խանութներն ու սպասարկման զանազանՙ առաքման, տաքսու եւ այլ ծառայություններ:

Ում ինչպես հարմար է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 18-09-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ