RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#027, 2020-09-04 > #028, 2020-09-11 > #029, 2020-09-18 > #030, 2020-09-25 > #031, 2020-10-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 18-09-2020



Ի ՀՈՒՇ

Տեղադրվել է` 2020-09-17 22:19:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 863, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍՐՏԻՍ ՊԱՐՏՔԸ

ՊԵՏՐՈՍ ՍԻՄՈՆՅԱՆ

Անցյալ տարիՙ 2019թ. օգոստոսի 16-ին, երկարատեւ ու ծանր հիվանդությունից հետո իր մահկանուց կնքեց Հայաստանի Պետական Տնտեսագիտական համալսարանի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի երկարամյա աշխատող, դասախոս Աննա Արշալույսի Ամիրշադյանը: Այս տարի լրացավ նրա մահվան տարին:

Ցավոք, չնայած մենք ապրում ենք շատ դժվարին ժամանակներում, անցած տարի, երբ դեռ կորոնավիրուս հիվանդությունը չկար, մոռացության մատնվեց Աննա Ամիրշադյանի կյանքն ու գործունեությունը, նրա կատարած ծանր, բայց եւ փառավոր աշխատանքը մեր հայրենիքի մատաղ սերնդի դաստիարակության գործում: Հայտնի պատճառներով լրատվամիջոցները նույնիսկ չիմացան նրա մահվան մասին եւ պատշաճ ձեւով չանդրադարձան դրան: Եվ ահա թե ինչու, թեկուզ ուշացումով, անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ իմ հիասքանչ կնոջՙ Աննա Ամիրշադյանի կյանքին ու աշխատանքային գործունեությանը:

Հեռավոր 1942 թվականի մարտի 20-ին, երբ մեր հայրենիքում, գարունն ավետող այդ օրը, մարդկանց համար մեծ հույսերով ու հույզերով լի օրերից մեկն էր, բնությունը նոր էր արթնանում ձմռան քնից, ծաղիկները նոր պետք է ծաղկեին, թռչունները ծլվլային եւ բույներ հյուսեին: Գարուն էր գալիս. ահեղ պատերազմի բոցերի մեջ վառվող գարուններից մեկը: Բնության այդ հիանալի եղանակը միայն գարնանն է լինում: Տարածված խորհրդավոր մի խասք կա. եթե պիտի ծնվեմ, թող միայն գարնան ծաղիկների ու նրանց բուրմունքի մեջ ծնվեմ: Երեւի նման թաքուն զգացումներ իր հոգու խորքում փայփայել էր նաեւ իմ կինՙ Աննա Ամիրշադյանը, որ ծնվեց գարնանըՙ 1942 թվականի մարտի 20-ին, Վրաստանի Ախալքալաքի Բարալետ գյուղում: Նրա հայրըՙ լուսահոգի Արշալույս Ամիրշադյանը, աշխատում էր Ախալքալաքի տնտեսության տարբեր ոլորներում, իսկ մայրըՙ լուսահոգի Ֆլորա Հակոբյանը, տնային տնտեսուհի էր եւ ամբողջ օրը զբաղված էր երեխաների դաստիարակությամբ: Նրանցից 2-ը զանազան հիվանդություններից մահացան, իսկ մյուսներըՙ Աննա եւ Լյուսյան, որոնք եւս հիվանդացել էին, սակայն մի կերպ փրկվեցին:

Աննան դեռ մանուկ էր, երբ ընտանիքը գյուղից տեղափոխվեց Բորժոմիՙ մշտական բնակության, լավ ապրելու ակնկալիքով: Բայց, ավաղ, ինչպես պատահում է հաճախ, նրանց երազանքը չիրականացավ, քանի որ շարունակվում էր 2-րդ համաշխարհային պատերազմը, եւ նրա հայրը, որ գտնվում էր ռազմաճակատում, կռվեց արիաբար եւ ընկավ մարտի դաշտում:

Ընտանիքի հոգսերն ամբողջովին ընկան Ֆլորայի վրա: Շատ դժվար էր նրանց կյանքը, քանի որ աշխատող չկար, պատերազմ էր ընթանում: Երբ քույրերը մեծացան, դպրոցում սովորելուն զուգահեռ դեռեւս անչափահաս տարիքում, աշխատանքի ընդունվեցին հանքային ջրերի գործարանում: Նրանց մայրըՙ տիկին Ֆլորան, երեխաներին միշտ հորդորում էր, որ լավ սովորեն, գտնելով, որ նրանց ապագան կրթվելու մեջ է: Նա ճիշտ էր, Աստված հոգին լուսավորի: Հետագայում Աննան ոսկի մեդալով ավարտեց Բորժոմիի ռուսական միջնակարգ դպրոցը եւ մեկնեց Երեւանՙ ուսումը շարունակելու: Դիմեց եւ ընդունվեց Երեւանի բժշկական ինստիտուտ, սակայն քանի որ հատուկ նախասիրություն ուներ մաթեմատիկա առարկայի նկատմամբ, հաջորդ տարի դիմեց արդեն Երեւանի Պետական Համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետը: Ուսանողական 5 տարիների ընթացքում Աննա Ամիրշադյանը ձեռք բերեց խորը գիտելիքներ եւ ավարտելուց հետո, համալսարանի անվանի պրոֆեսորների առաջարկով, մնաց աշխատելու նույն ԲՈՒՀ-ում, որպես բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի դասախոս: Շուրջ 10 տարի անց, երբ ձեւավորվեց Երեւանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը (այժմՙ Տնտեսագիտական համալսարան), Աննան տեղափոխվեց այնտեղ աշխատանքի եւ աշխատեց նույնանուն ամբիոնում մինչեւ աշխատանքային գործունեության ավարտը: Մաթեմատիկա առարկայի գծով մի շարք գիտական հոդվածների հեղինակ էր, ինչպես նաեւ դասագրքերի համահեղինակ: Քաջ էր տիրապետում վրացերեն եւ ռուսերեն լեզուներին:

Խոսելով Աննայի մասին պետք է նշել, որ նա ուներ բացառիկ հատկանիշներՙ գեղեցիկ էր ոչ միայն արտաքինով, այլեւՙ հոգով եւ սրտով: Սիրում էր մարդկանց, աշխատում էր օգնել յուրաքանչյուրինՙ ինչով կարող էր:

Դասավանդել է շուրջ 50 տարի, կրթել է բազմաթիվ երիտասարդների, որոնք զբաղեցրել եւ այժմ զբաղեցնում են բարձր պաշտոններՙ մեծ ավանդ ունենալով մեր երկրի տնտեսության զարգացման գործում: Մեծ հարգանք էր վայելում իր կոլեկտիվում եւ ամբողջ ԲՈՒՀ-ում:

Որպես վերջաբան իմ խոսքն եմ ուղղում կնոջս. Դու հեռացար կյանքից, գնացիր հավերժություն, միանալու երկնային հոգիներին ու Աստծունՙ նրանց հետ հավերժ մնալու համար: Խնդրում եմ մի քիչ էլ սպասիր, ես կգամ քեզ մոտ, չեմ թողնի մենակ մնաս, մենք հավերժ կլինենք միասին:

Քո հիշատակը վառ, որն առաջանում է մեր վառվող սրտերից, ջերմացնում մեր հոգիները եւ ընդմիշտ մնում հիշատակ: Սիրելիս, այս փոքրիկ ակնարկը ես գրեցի քո մասին որպես հոգուս եւ սրտիս պարտք, հատուցում, որտեղ նշել եմ քո ապրած մեծ կյանքից փոքր պատառիկներ միայն: Ափսոս, որ կյանքիդ ու գործունեությանդ հիմնական մասը շատերի համար կմնա անծանոթ, հարիրՙ քո համեստությանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 18-09-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ