RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#029, 2020-09-18 > #030, 2020-09-25 > #031, 2020-10-02 > #032, 2020-10-09 > #033, 2020-10-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 02-10-2020



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2020-10-01 23:45:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 1672, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՃԱԿԱՏԸ ՊԱՀԵԼ ԱՄՈՒՐ. ԹԻԿՈՒՆՔԸ ՊԻՆԴ Է

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Թե ինչու թուրք-ադրբեջանական տանդեմը հենց այս պահն ընտրեց Հայաստանի դեմ լայնատարած նոր պատերազմ հրահրելու համար, հստակորեն բացատրված է մեր 4-րդ էջում, սփյուռքահայ մեր լավագույն հրապարակագրիՙ Երվանդ Ազատյանի կողմից: Գրեթե ոչինչ չունենք ավելացնելու պատերազմի շղթայազերծման ժամանակավորման, միջազգային արտահայտությամբՙ թայմինգի ընտրության դրդապատճառների վրա, բացառությամբ թերեւս այն հանգամանքի, որ սեպտեմբերի կեսերին արդեն ներքաղաքական լարվածությունը սրընթաց ավելանում էր Հայաստանում, ընդդիմությունը գործնականորեն ձեւավորվում էր արդեն, մինչ գործող իշխանությունը ջանք չէր խնայում նոր ձերբակալությամբ գագաթնակետին հասցնելու ներքաղաքական ձգտվածությունը...

Սակայն թուրքերը, նոր օսմանցի թե հին մուսավաթական, եւս մեկ անգամ հաշվի չառան, որ գոյութենական պայքարում հայերը միասնական են, անկախ իրենց քաղաքական, սոցիալական, աշխարհագրական-քաղաքացիական դիրքից ու պատկանելիությունից: Թուրքերը հաշվի չառան, ինչպես Սարդարապատում եւ հետագայում Արցախյան ազատամարտում, որ հայերը իրենց հողը, տունը, ընտանիքը, պետականությունը պաշտպանելու գործում անդրդվելի են եւ աննահանջ: Ապացույցը, այս անգամ էլ, ազգային միասնականության անընկճելի ոգին է, զոհաբերելու, ունեցած-չունեցածը, կյանքն անգամ ընդհանուր գործինՙ հայրենիքի պաշտպանությանը տրամադրելու ոգին, որը այս օրհասական պահին դրսեւորվում է նույնիսկ երեխաների, պատանիների ու աղջիկների հայրենասիրական անզուսպ ոգեւորության մեջ:

Թուրք-ազերիները հաշվի չառան այն կարեւորագույն հանգամանքը եւսՙ հայկական մեկ եւ միասնական բանակը, նրա մարտունակությունը, խիզախությունը, դիրքը երբեք չլքելու, ներխուժողներին պատժելու պատրաստակամ ոգին: Հաշվի չառան մեր զորահրամանատարների, սպայական կազմի հմտությունը, հնարամտությունը, պաշտպանությունը կազմակերպելու, մարտը վարելու գիտելիքն ու խելամտությունը: Հաշվի չառան, որ իրենց դեմ կանգնած է հայոց ժողովրդային բանակը, որը գիտի հայրենական պատերազմ մղել զավթիչների դեմ, համաժողովրդակա՛ն պատերազմ:

Չհավակնելով լինել ռազմական փորձագետ, ինձ թվում է սակայն, ավելի ճիշտՙ համոզված եմ, որ մեր հաղթանակի գրավականը դիրքերը ամուր պահելն ու թշնամուն ծանր կորուստներ պատճառելն է, ոչ մի ճեղքում ռազմաճակատի ողջ երկայնքով թույլ չտալը: Դա կլինի ոչ միայն Հայաստան-Արցախի հաղթանակը, այլեւ հարեւան Վրաստանի փրկությունը, որի վահանը դարերի ընթացքում միշտ էլ եղել ենք մենք (ինչը վրացիք երբեք չեն գիտակցել): Դա կլինի նաեւ ռուսական 200 տարվա ռազմաքաղաքականության իմաստավորումը, ռուսները դա գիտակցեն կամ ոչ: Դա կլինի նաեւ հարեւան ու բարեկամ Իրանի ապահովության երաշխավորումըՙ բազմաթիվ առումներով...

Պետք է հետեւել միջազգային տարբեր կազմակերպություններից, տարբեր երկրներից ու զանազան անձնավորություններից, այդ թվում նաեւ Հռոմի պապից հնչող խաղաղության կոչերին, կեղծ ու անկեղծ հորդորներին, աղոթքներին: Հետեւել, բայց կարեւորություն չտալ դրանց: Դրանք միջազգային ընդունված ծիսակատարության կամ ռիտուալի մասն են կազմում: Մեզ խոսքեր պետք չեն, այլՙ կոնկրետ օգնությունՙ ռազմական ու քաղաքական: Շոշափելի օգնությունՙ մեր գոյապայքարով շահագրգիռ երկրներից, եւ առաջին հերթինՙ Ռուսաստանից: Թուրքիայի ցեղասպան ծրագիրը շարունակվում է մեր դեմ, 105 տարի առաջվա չեթեների փոխարեն այժմ վարձկան ահաբեկիչներով, քրդական համիդիյե զորախմբերի փոխարենՙ այժմ ազերի հրոսակներով: Օգնություն մեզ պետք է, ՆԱՏՕ-ի հզորագույն 2-րդ բանակն է կռվում մեր դեմ, ամբողջովին խախտվել է ուժերի հավասարակշռությունը:

Այսուհանդերձ, մեր պատմության ընթացքում առաջին անգամը չէ, որ կռվում ենք գերազանց ուժերի դեմ: Կկռվենք նաեւ այս անգամ, չենք թողնի ոչ մի ճեղքում, հետ կշպրտենք թշնամուն: Ամբողջ աշխարհն է նայում մեզ: Մեր հաղթանակին սպասում են նաեւ տարածաշրջանում մեր բարեկամները:

Արդեն ունենք լուրջ հաջողություններՙ նվաճված մեր զինվորների ամենաթանկ արյան գնով: Թշնամին պարտվում է. ապացույցը ոչ միայն նրա կորուստներն են, այլեւՙ խաղաղ ազգաբնակչության եւ լրագրողների վրա նրա արձակած արկերի քանակը, որը վկայում է, որ թուրքը չի կարող նույնիսկ պատերազմական արժանավոր հակառակորդ լինել: Մնում է նրան պարտադրել մեր կամքը, առանցՙ այլեւս փոխզիջումների գնալու: Բոլորը, եւ առաջին հերթին միջնորդները պետք է պատկերացնեն, թե ինչ սպանդ ու ցեղասպանություն կլիներ Արցախում, եթե առաջին պատերազմի մեր ղեկավարությունը անվտանգության գոտի ստեղծած չլիներ մեր հայրենիքի շուրջը:

Հաղթելու ենք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 02-10-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ