RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#029, 2020-09-18 > #030, 2020-09-25 > #031, 2020-10-02 > #032, 2020-10-09 > #033, 2020-10-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 02-10-2020



Տեղադրվել է` 2020-10-01 23:45:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 3101, Տպվել է` 101, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄՈՍԿՎԱՆ ԻՆՉՈ՞Ւ ԼՌՈՒԹՅԱՄԲ ԱՆՑԱՎ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՎԱՐՁԿԱՆՆԵՐԻ ԵՎ F-16 ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԻ ՎՐԱՅՈՎ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Արցախի դեմ, անխնա թիրախավորելով խաղաղ բնակչությանը: Սակայն, պաշտպանական բանակի արժանի հակահարվածով ի չիք դարձան կայծակնային հաղթանակի նրա հույսերը: Դա հիասթափեցրել էր նաեւ Թուրքիային, որն այդ գործողություններին կանխավ նախապատրաստել էր կրտսեր եղբորը, տրամադրելով վերջինին ռազմական օգնություն, ներառյալ ադրբեջանցի յուրաքանչյուր սպային հրահանգիչ, իսկ ադրբեջանական բանակին անօդաչու սարքեր, մարտական ուղղաթիռներ եւ F-16 մակնիշի ինքնաթիռներ, ինչի մասին սեպտեմբերի 27-ի երեկոյան հատուկ թողարկմանը նշել էր «Haber Turk» հեռուստատեսությունը:

Ռազմաճակատում բեկում մտցնելու նկրտումով սեպտեմբերի 28-ին Թուրքիան Սիրիայից եւ Լիբիայից ահաբեկիչներ ու վարձականներ տեղափոխեց Ադրբեջան: Դրան հետեւեց Արցախի դեմ ձեռնարկվող հարձակումների օդային կառավարման հանձնումը թուրքական ռազմաօդային ուժերին, որոնք էլ հեռահար կառավարմամբ սկսեցին Էրզրում-Կարս հատվածից ուղղորդել ադրբեջանական բանակին տրամադրված ռազմական ինքնաթիռների ու անօդաչու սարքերի գործողությունները: Այսպիսով Թուրքիան անմիջականորեն ներգրավվեց ռազմական գործողություններում, որոնք ստացան թուրք-ադրբեջանական հարձակման բնույթ, բացի Արցախից, թուրքական օդուժի թիրախը դարձան խաղաղ բնակավայրերը նաեւ Հայաստանի տարածքում:

Նույն օրը Ադրբեջանի արտգործնակար Ջեյհուն Բայրամովը «Սպուտնիկի» հարցերին պատասխանելիս կտրականորեն մերժեց Հայաստանի արտգործնախարարության մեղադրանքները, պնդելով թե Թուրքիան որեւէ կերպ չի միջամտում Լեռնային Ղարաբաղի ճգնաժամին, անհիմն են նաեւ կռիվներում ահաբեկիչների եւ վարձկանների օգտագործման ադրբեջանական կողմին Երեւանի հասցեգրած մեղադրանքները:

Նույնն արեց նաեւ պաշտոնական Անկարան: Սակայն թուրք լրագրող Ջան Աթաքլըն , հենց սեպտեմբերի 28-ին «Haber 7» հեռուստաալիքով դատապարտեց Թուրքիայի ներգրավվածությունը «Ադրբեջան-Հայաստան» բախումներին եւ ասաց, որ ահաբեկիչներ եւ վարձկաններ ուղարկելը հակամարտությունների գոտիՙ Էրդողանի մարտավարությունն է, դառնալով թուրքական ազգայնամոլ շրջանակների եւ իշխանամետ մամուլի թիրախ Թուրքիայում:

Դրան սեպտեմբերի 28-ին հետեւեց Սաուդյան Արաբիայի էմբարգոն թուրքական բոլոր ապրանքատեսակների վրա: Հատկանշական է, որ «Միլիտարիստ»-ի «Telegram» ալիքը, ինչպես թուրքական «Ջումհուրիյեթ»-ն է նշել, ենթադրում է, որ Ռիադի պատժամիջոցները Լեռնային Ղարաբաղում Անկարայի ձեռնակումների յուրատեսակ պատասխանն են: Հաջորդ օրը Թուրքիայի ահաբեկիչներին եւ վարձականներին Ադրբեջան գործուղելու փաստը թուրքական եթերում անուղղակի հաստատեց ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Ունալ Չեւիքոզը , որ Ադրբեջանում, Իրաքում եւ Մեծ Բրիտանիայում վարել է դեսպանի պաշտոն, ասելով. «Ցավոք, մեր ունեցած տեղեկությունների համաձայն Թուրքիան զենք է տրամադրում Ադրբեջանին, գործուղելով, ըստ որոշ տվայների, գրոհայինների խմբեր»:

Չեվիքոզին հաջորդ օրը հաստատել է «Սիրիայի ազգային բանակ»-ի գեներալ Զիյադ Հաջի Ուբեյդը : Նա Այնթափում, պատասխանելով Էրբիլի թրդական «Rօdaw TV»-ի հարցերին, ասել է, որ Թուրքիան նյութապես աջակցում է ավելի քան 70 հազար գրոհայինի, Աֆրինում եւ հարակից շրջաններում գրոհայիններն անմխիթար վիճակում են, ընտանիքի գոյությունը պահպանելու համար ստիպված Ադրբեջան են մեկնում կռվելու: Անգլիական «Գարդիան»-ը սեպտեմբերի 28-ի համարում «Թուրքիան Աֆրինում «Ադրբեջանի ճամբար» է ստեղծել գրոհայիններից» խորագրով, թուրքական «Դուվար» թերթի հիման վրա գրել էր, որ հավաքագրվող գրոհայինները մարզվում են հենց այդ ճամբարում, Ադրբեջան մեկնելու առաջադրանքով: Ըստ «Գարդիան»-ի մարզումներն սկսել են շուրջ մեկ ամիս առաջ, ճամբարում հավաքվածների մի մասը Աֆրինի պես Թուրքիային սահմանակից Ազազից են եւ այդ գրոհայինների տեղակայումն Ադրբեջանում, Սիրիայից ու Լիբիայից հետո Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում բացելու են Անկարա-Մոսկվա մրցակցության 3-րդ ճակատը:

Սեպտեմբերի 29-ին «Գարդիան»-ին հավելել է թուրքական «Էվրենսել»-ը, նշելով, որ գրոհայիններին Սիրիա գործուղելու Թուրքիայի ձեռնակումների մասին լուրեր տեղ են գտել Վատիկանի մամուլի ծառայությանՙ «Asianews»-ի, իսկ 30-ինՙ BBC-ի կայքէջում: Ըստ «Asianews»-ի, շուրջ 4 հազար իսլամական ահաբեկիչ, ամսական 800 դոլար աշխատավարձով 3 ամիս պետք է մասնակցեն Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին:

Մինչ պուտինյան Ռուսաստանը քար լռությամբ շրջանցում էր Թուրքիայի ահաբեկիչներին եւ վարձկաններին Ադրբեջան գործուղելու փաստը, սեպտեմբերի 28-ին փաստին հակազդեցությամբ արձագանքեց Եվրոմիության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը , որ անընդունելի է համարել դրսից ամեն մի միջամտություն Ղարաբաղում Ադրբեջանի բանակի եւ հայկական ուժերի միջեւ ընթացող բախումներին: Հաջորդ օրը Եվրոխորհրդարանի փոխնախագահ, ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհրդարանական կոմիտեներում ԵՄ-ի պատվիրակության անդամ Ֆաբիո Մասիմո Կաստալդոն դատապարտեց Ադրբեջանի ագրեսիան Արցախի նկատմամբ, ասելով. «Խստորեն դատապարտում եմ ադրբեջանական ուժերի կողմից Արցախի շրջանում իրականացվող բռնություններն ու ռազմական գործողությունները: Խորապես համոզված եմ, որ ԵՄ-ն ուժգին ձեւով իր ձայնը կբարձրացնիՙ քննարկելով միաժամանակ պատժամիջոցների դիմելու հնարավորությունը»:

Թուրքիային սեպտեմբերի 29-ին դատապարտեց նաեւ Եվրոխորհրդարանի պատգամավոր Դեմետրիս Պապադակիսը , ավելինՙ նա ի լուր աշխարհի հայտարարեց. «Որեւէ մեկդ վերջապես կանգնեցրեք այս խառնակիչ Թուրքիային: Մենք կանգնում ենք հայերի կողքին»: Այդ օրը Կրետե կղզում Լեռնային Ղարաբաղում բռնություը դադարեցնելու կոչով հասցեատերերին դիմեց նաեւ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն :

Թուրքական պետությանը դատապարտողներ շարքը համալրեցին Հունաստանը, Կիպրոսը, Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան, Լեհաստանը, ընդ որումՙ հայերին աջակցելու հավաստիացումներով, Ավստրիան, Ֆրանսիան, եվրոպական այլ երկրներ, Ավստրալիան,, Սիրիան, նույնիսկ Հարավային Օսիան, վերջինը ընդգծելով. «Ադրբեջանի ղեկավարության կողմից Արցախի եղբայրական հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունները ոչ այլ ինչ են, քան հանցագործություն ընդդեմ մարդկության»:

Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ ագրեսիան դատապարտողներին էր միացել ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը , Ադրբեջանին պատժելու պահանջով եւ ասել էր, որ ինքը համապատասխան բանաձեւ է առաջարկել Կոնգրեսին: Նրա օրինակին հետեւեցին այլ կոնգրեսականներ, որոնցից սենատոր Քորի Բուքերը սեպտեմբերի 29-ին կոչ արեց նախագահ Թրամփի վարչակարգին դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին, կոնգրեսական Ջելմս Քրոուն դատապարտելով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմըՙ պահանջեց, որ Թուրքիան դադարեցնի ամեն մի օգնություն Ադրբեջանին, զրկելով վերջինին հարձակման հնարավորությունից:

Նրան միացավ կոնգրեսական Լինդա Սանչեսը , սենատոր Ռոբերտ Մենենդեսը , սենատոը Էդ Մակքեյնը , ընդգծելով, որ Թուրքիան քաջալերում է Ադրբեջանին Հայաստանի դեմ, իսկ սենատոր Ջեք Ռիդն ասաց. «Հայերը իրավունք ունեն պաշտպանվելու, երբ հարձակման են ենթարկվում»: Հայկական կողմին քաջալերող հայտարարություններով հանդես եկան կոնգրեսական Դոն Բեյերը եւ մի խումբ այլ կոնգրեսականներ: Այդ ընթացքում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Էլիոտ Էնգելը դատապարտեց ղարաբաղյան հակամարտությանը Թուրքիայի անխոհեմ միջամտությունը: Հայաստանում ԱՄՆ նախկին դեպսան Ջոն Էվանսը հույս հայտնեց, որ հայկական պաշտպանության ուժերը կկարողանան դիմակայել ադրբեջանական այս կատաղի հարձակմանը, խուսափելու համար երկրորդ ցեղասպանությունից»: Ապա նա ասաց. «Աշխարհը պատրա՞ստ է դրան: Թուրքիան դա արեց 1915 թվականին, իսկ ադրբեջանցիները ցանկանում են, որ Ղարաբաղը լինի առանց հայերի»:

Իր հերթին Բունդեսթագի պատգամավոր Վալդեմար Հերդտը , դիմելով Եվրոպայի Խորհուրդի մարդու իրավունքների հանձնաժողովի հանձնակատար Դունյա Միյատովիչինՙ աջակցության ակնկալիքով զգուշացրեց. «Հայոց ցեղասպանությունը չպետք է կրկնվի»: Ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեն , Ազգային ժողովի նիստում հայտարարեց. «Ցանկանում եմ հիշեցնել, որ Հայաստանը քույր պետություն է Ֆրանսիայի համար: Մենք պատմական պատասխանատվություն ունենք 1915 թվականի ցեղասպանության համար: Ինչպե՞ս կարող ենք չեզոք դիրք գրավել, երբ օրեր շարունակ հարձակման են ենթարկվում քաղաքացիական անձինք. սպանվում են կանայք ու երեխաներ, եւ ռմբակոծվել է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքը: Չեզոքությամբ հնարավոր չէ կանխել հարձակումները, որոնց նպատակը հայ ժողովրդին իր տարածքից բնաջնջելն է»: Գալով Միջազգային քրեական արդարադատության հանձնաժողովի նախագահ Էրիկա Տոռեգրոսային , ապա նա էլ հայտարարեց. «Ադրբեջանի հարձակումը Հայաստանի դեմ ապակայունացնում է ողջ տարածաշրջանը եւ մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է: Սա 105 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ուրվականի վերադարձն է: Միջազգային հանրությունը չի կարող թույլ տալ, որ դա կրկնվի»:

Չնայած նախագահ Պուտինի ՙ վարչապետ Փաշինյանի , իսկ արտգործնախարար Լավրովի հայ գործընկերոչ Մնացականյանի հետ ունեցած հեռախոսազրույցների, ռուսական կողմը շրջանցում էր ահաբեկիչների եւ վարձկանների գործուղումը Ադրբեջան, առանց մատնանշելու, թե դրանց ով է գործուղել: Ինչ վերաբերում է թուրքական F-16 կործանիչներին, ապա դրանց մասին առ այսօր շարունակվում է քար լռությունը: Ընդամենը մի քանի հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան , մեկը մյուսից անբովանդակ: Ոչ պակաս անբովանդակ էին նաեւ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությունները:

Նա կոչ արեց Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը քննարկել ՀԱՊԿ-ի շրջանակներում, այն դեպքում, երբ այս կառույցի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը պահանջում էր, որ քննարկելու համար Հայաստանը համապատասխան խնդրանքով դիմի ՀԱՊԿ-ին, մոռանալով, ըստ երեւույթին, Պայմանագրի 4-րդ հոդվածի մասին, որտեղ միանշանակ ասված է. «Եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ: Մնացած պետությունները նրան կօգնեն անհրաժեշտ միջոցներով ՙ ներառյալ ռազմական օգնությունը»:

Սեպտեմբերի 29-ին, հայտնի կինոռեժիսոր Կարեն Շահնազարովի Կրեմլին արած կոչից հետո Պեսկովը նշեց, որ Մոսկվան կապ է հաստատում եւ՛ Երեւանի, ե՛ւ Բաքվի, ե՛ւ Անկարայի հետ եւ մանրակրկիտ վերլուծում է ստացված ամբողջ տեղեկատվությունըՙ ՀԱՊԿ գծով հետագա քայլեր ձեռնարկելու համար, եւ խորհուրդ տվեց բոլորին որդեգրել արկածախնդրությունից հեռու դիրքորոշում: Ակնհայտ է, որ Մոսկվայի կապը «Երեւանի, ե՛ւ Բաքվի, ե՛ւ Անկարայի հետ», նշանակում է Թուրքիայի միջամտության օրինականացումը Հայաստանի դեմ Ադրբեջանի ծավալած ռազմական գործողություններինՙ դրանով միաժամանակ օրինականացվում է նաեւ ահաբեկիչների եւ վարձկանների տեղափոխումն Ադրբեջան եւ այտեղ տեղակայումը թուրքական ստորաբաժանումների, F-16 ինքնաթիռներով հանդերձ:

Թերեւս հոկտեմբերի 1-ի հայտարության մեջ ռուսական կողմը նշեց ահաբեկիչների եւ վարձկանների մասին, նորից շրջանցելով այն փաստը, որ սրանց Թուրքիան է այնտեղ տաղափոխել Սիրիայից ու Լիբիայից: Ռուսաստանը Սիրիայում ունի գերիշխող դիրքեր, իսկ Լիբիայումՙ ռազմական ներկայություն: Հետեւաբար չէր կարող նախապես չիմանալ նրանց Ադրբեջան տեղափոխելու Թուրքիայի մտադրության մասին:

Ինչո՞ւ է նա թույլ տվել: Հարցին սեպտեմբերի 29-ին սոցցանցում պատասխանել է ռուս պատմաբան, քաղաքագետ Վալերի Սոլովեյը , հենվելով օտարերկրյա աղբյուրների վրա: Ըստ Սոլովեյի, սեպտեմբերի 28-ին նախագահ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ, որի ընթացքում վերջինս ասել է, որ խոցելու են բոլոր օտարերկրյա ինքնաթիռները, որոնք կհայտնվեն հակամարտության գոտում, գերեվարելու են այնտեղ հայտնված բոլոր օտարերկրացի զինծառայողներին, դիտարկելով նրանց վարձկաններ: Այս ամենից հետո Պուտինը հեռախոսով խոսել է Փաշինյանի հետ եւ պահանջել զպվածություն:

Խնդիրը, սակայն, սոսկ Պուտինի հեռախոսազրույցը չէ Էրդողանի հետ, այլ արտգործնախարար Լավրովի ցավակցությունը թուրք գործընկերոջըՙ Չավուշօղլուին: Այդ մասին էլ գրել է https://echo.msk.ru/blog/serpompo2018/2716827-echo կայքէջը, որտեղ նշված է. «Սեպտեմբերի 27-ին ՌԴ արտգործնախարար Լավրովը հեռախոսազրույց ունենալով Թուրքիայի արտգործնախար Չավուշօղլուի հոտ, ցավակցություն է հայտնել նրան զոհվածների համար»: Լավրովի ցավակցությանը ծանոթանալու համար, որի մեջ նշված չէ, թե ովքեր են այդ զոհվածները, կամ որտեղ են զոհվել, անանուն բլոգերն առաջարկում է միաժամանակ նայել https://www.mid.ru/ru/foreign-policy/news/-/asset-publisher/cKNonkJE02Bw/content/id/4350950 կայքէջին:

Համենայն դեպս, առանց Սոլովեյի սոցցանցի միջոցով հրապարակած նյութի, կամ Լավրովի ցավակցության էլ, ակնհայտ է, որ Ռուսաստանը Հայաստանի անկեղծ դաշնակիցը չէ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 02-10-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ