RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#029, 2020-09-18 > #030, 2020-09-25 > #031, 2020-10-02 > #032, 2020-10-09 > #033, 2020-10-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 02-10-2020



Տեղադրվել է` 2020-10-01 23:45:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 1490, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽԻ ՎՐԱ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ռուս. թարգմ.ՙ Ա. ՔԵՇԻՇՅԱՆ

Սեպտեմբերի 27-ին Ռուսաստանի հայերի միությունում տեղի ունեցավ Ռուսաստանի հայ հասարակական կազմակերպությունների, գիտական եւ ստեղծագործ մտավորականության ներկայացուցիչների ժողովՙ քննարկելու Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետ կապված իրադարձությունները:

Հանդիպումը վարում էին Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը եւ անվանի զորավար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը:

Հանդիպմանը մասնակցում էին Մոսկվայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, Մոսկվայի «Հայդատ» բյուրոյի ղեկավար Ներսես Ներսեսյանը, ՌՀՄ Օմսկի տարածաշրջանային մասնաճյուղի նախագահ Արայիկ Թաթոյանը եւ այլք: Ստեփանակերտի հետ անմիջական շփման ընթացքում ներկաները զրուցեցին Արցախում ՌՀՄ գրասենյակի ղեկավար, խորհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Դավիթ Մելքումյանի հետ, որը հորդորեց առաջնորդվել տեղեկատվության պաշտոնական աղբյուրների կողմից տարածված տեղեկատվությամբ եւ օգտագործել բոլոր ռեսուրսներըՙ ռուսական հանրությանը ճշմարիտ տեղեկատվություն փոխանցելու համար:

Ելույթ ունեցողներն արտահայտեցին իրենց համերաշխությունը Արցախի ժողովրդի հետ եւ իրենց ծայրահեղ անհանգստությունն ու վրդովմունքը Ադրբեջանի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության գործողությունների առնչությամբ, որը, իր դաշնակից Թուրքիայի կողմից հրահրվելով, սանձազերծեց լայնամասշտաբ ռազմական գործողություններ: Միեւնույն ժամանակ, մենք վստահ ենք, որ Հայաստանի զինված ուժերը ունակ են հետ մղել յուրաքանչյուրին, որը ոտնձգություն կկատարի Արցախի եւ Հայաստանի ազատության եւ անկախության դեմ:

Մասնակիցները բոլոր հայրենակիցներին, այդ թվումՙ Ռուսաստանում բնակվող հայ երիտասարդներին, կոչ արեցին պահպանել հանդարտություն եւ չտրվել հնարավոր հրահրումների եւ սադրանքների, որոնք նպատակ ունեն, այդ թվում, հասնել հակամարտության տեղափոխմանը երրորդ երկրների տարածք, ինչպես դա եղավ հուլիսյան իրադարձությունների ժամանակ:

Հանդիպումից հետո ստեղծվեց շտաբ, որը համակարգում է Արցախին օգնության եւ աջակցության միջոցառումները:

Հանդիպման մասնակիցները կոչ արեցին բոլոր սփյուռքահայերին օգտագործել բոլոր առկա ռեսուրսներըՙ աջակցություն եւ օգնություն տրամադրելու մեր բոլոր հայրենակիցներին, որոնց կյանքն ու անվտանգությունն այսօր սպառնալիքի տակ են:

Մասնակիցները միակարծիք էին, որ հակամարտության խաղաղ կարգավորման մեջ շահագրգիռ բոլոր ուժերի համատեղ ջանքերով կգտնվեն արդյունավետ մեխանիզմներ Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու եւ ռազմական գործողությունների հետագա սրումը կանխելու համար:

Հանդիպման մասնակիցներն ընդունեցին հետեւյալ Դիմումը:

Ռուսաստանի հայ հասարակական կազմակերպությունների, երիտասարդության, գիտական եւ ստեղծագործ մտավորականության ներկայացուցիչները, ովքեր հավաքվել էին Ռուսաստանի հայերի միությունումՙ քննարկելու Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմի հետ կապված իրադարձությունները, խստորեն դատապարտում են Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի զինված ուժերի լայնամասշտաբ ռազմական գործողությունների ծավալումը: Չափազանց մտահոգիչ է, որ այս անգամ Բաքվի ագրեսիային բացահայտորեն աջակցեց նրա դաշնակից Թուրքիան, ինչը հղի է տարածաշրջանում իրավիճակի լուրջ ապակայունացմամբ:

Մենք կոչ ենք անում համաշխարհային հանրությանը, Ռուսաստանի հասարակության ներկայացուցիչներին դատապարտել Ադրբեջանի գործողությունները, որոնք հանգեցնում են հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի լիակատար խափանմանը:

Մենք ցավում ենք զոհերի համար, այդ թվումՙ խաղաղ բնակչության շրջանում, եւ մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին եւ հարազատներին:

Մենք հայտնում ենք մեր անվերապահ աջակցությունը Ռուսաստանի դիրքորոշմանը, արտահայտված ՌԴ նախագահի, ԱԳՆ-ի եւ մի շարք քաղաքական գործիչների անհապաղ հրադադարի ռեժիմի կոչերում, եւ մենք դիմում ենք Ռուսաստանի Դաշնության` որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ղեկավարությանը, ինչպես նաեւ մյուս համանախագահ երկրների ղեկավարներինՙ կոչ անելով դատապարտել Բաքվի եւ Անկարայիՙ որպես այդ ծրագրված ագրեսիայի հրահրողների գործողությունները:

Մենք հրավիրում ենք Ռուսաստանի համապատասխան կառույցների ուշադրությունը, որ հարեւան երկրիՙ Ադրբեջանի տարածքում կան Սիրիայից տեղափոխված իսլամիստ վարձկանների զինված խմբավորումներ, որոնք մասնակցում են Արցախի դեմ ռազմական գործողություններին:

Կարծում ենք, որ այս իրավիճակում համաշխարհային հանրության կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը եւ ռազմա-քաղաքական դաշինքի պայմանագրի կնքումը որպես Արցախի Հանրապետության ճանաչման առաջին քայլ կարող է լինել Արցախի հուսալի պաշտպանության երաշխիք թշնամու ագրեսիայից:

Սիրելի հայրենակիցներ,

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտվանից Ռուսաստանի հայերի միությունը հազարավոր դիմումներ է ստանում Ռուսաստանի բոլոր մարզերից մեր հայրենակիցներից եւ ընկերներից, որոնք արտահայտում են ծայրաստիճան անհանգստություն էսկալացիայի եւ պատերազմի իրական մեկնարկի կապակցությամբ եւ պատրաստակամություն են հայտնում ցանկացած աջակցություն ցուցաբերել Արցախի ժողովրդին եւ Պաշտպանության բանակին:

Մենք վստահ ենք, որ Հայաստանի զինված ուժերը, անհրաժեշտության դեպքումՙ ամբողջ համաշխարհային հայկական սփյուռքը, ի վիճակի են հետ մղել յուրաքանչյուրին, ով ոտնձգություն կկատարի Արցախի եւ Հայաստանի ազատության եւ անկախության նկատմամբ:

Միեւնույն ժամանակ, փորձությունների այս ժամին մենք կոչ ենք անում մեր բոլոր հայրենակիցներին, այդ թվումՙ Ռուսաստանում բնակվող հայ երիտասարդներին, պահպանել հանդարտություն եւ չտրվել տեղեկատվական հնարքներին, ինչպես նաեւ հնարավոր սադրիչ գործողություններին, որոնք ուղղված են ադրբեջանա-հայկական հակամարտության հրահրմանը երրորդ երկրների տարածքում, ինչպես դա եղավ հուլիսյան վերջին իրադարձությունների ժամանակ: Աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում Ռուսաստանում, հայերի վրա հարձակումները, որոնք Բաքվից էին կառավարվում, ցույց տվեցին, որ այս երկրի ղեկավարությունը միտումնավոր ձգտում է հակամարտության գոտուց այն կողմ գտնվող ադրբեջանցիներին եւ հայերին ներգրավել հակամարտության մեջ:

Կարեւոր է վստահել միայն տեղեկատվության պաշտոնական աղբյուրներին, չհավատալ ու չտարածել թշնամու կողմից շրջանառվող կեղծ լուրերը, որոնք միտված են մեր շարքերի բարոյալքմանն ու կազմալուծմանը:

Մենք կոչ ենք անում սփյուռքահայությանը օգտագործել բոլոր առկա ռեսուրսներըՙ աջակցություն եւ օգնություն տրամադրելու մեր բոլոր հայրենակիցներին, որոնց կյանքն ու անվտանգությունն այսօր սպառնալիքի տակ է:

Մենք հայտարարում ենք Ռուսաստանի հայերի միության ներքո մեկ միասնական շտաբ ստեղծելու մասինՙ Արցախին օգնության եւ աջակցության միջոցառումները համակարգելու համար:

Մենք նաեւ կոչ ենք անում Ադրբեջանի հասարակության ներկայացուցիչներին, մասնավորապես, այնտեղ բնակվող էթնիկ փոքրամասնություններինՙ չզոհաբերել իրենց երեխաների ապագան Ալիեւի եւ Էրդողանի հավակնությունների անունով եւ արտահայտել իրենց քաղաքացիական դիրքորոշումըՙ դատապարտելով պաշտոնական Բաքվի գործողությունները:

Վստահ ենք, որ բոլոր ուժերի համատեղ ջանքերով, որոնք շահագրգռված են տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ, կգտնվեն մեխանիզմներ Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու եւ այս հակամարտության հետագա սրումը կանխելու ու այն խաղաղ կարգավորելու համար:

Արցախը տարածք չէ: Արցախը մեր քաջության ու պատվի խորհրդանիշն է: Ժամանակն է, որ Ադրբեջանի ղեկավարությունը հասկանա, որ այն, ինչ նրանք անվանում են «հողեր», հայերի համար Հայրենիք է, եւ այն մարդիկ, ովքեր ոտքի են կանգնել իրենց Հայրենիքը պաշտպանելու համար, անպարտելի են:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 02-10-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ