RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#029, 2020-09-18 > #030, 2020-09-25 > #031, 2020-10-02 > #032, 2020-10-09 > #033, 2020-10-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 02-10-2020



Տեղադրվել է` 2020-10-01 23:45:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 2666, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱՐՏԻՆ ՄԱԼԽԱՍՅԱՆ. «ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՄԵՆՔ ԱՅՍՏԵՂ ՎԱՅԵԼԵԼ ԿՅԱՆՔԸ, ԱՄԱՌՆ ՈՒ ԱՎԱԶՆԵՐԸ, ԵՐԲ ՄԵՐ ԱՐՅՈՒՆՆ Է ՀՈՍՈՒՄ ՍԱՀՄԱՆԻՆ»

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, ՌԴ-ում «Ազգ»-ի հատուկ թղթակից

ՌԴ Կրասնոդարի երկրամասի Անապա քաղաքի վարչակազմի մեջ մտնող Վիտյազեվո ավանը սեւծովյան ավազանի անկրկնելի ու գողտրիկ առողջարանային եւ հանգստի անկյուններից է, որի լողափերը ամառային ամիսներին իրենց գիրկն են կանչում ծովի, արեւի եւ ավազի բոլոր սիրահարներին, իսկ Վիտյազեվո գետաբերանի բուժական ցեխն օգտագործվում է բազմաթիվ հիվանդությունների բուժման համար: Վիտյազեվոյի բնակչությունը մոտ 8 հազար մարդ է, բայց արձակուրդային ամիսներին այն ավելանում է եռակի-քառակի անգամ:

Երեք տարի առաջ իր ստեղծման 180-ամյակը տոնած ավանի բնակիչները հիմնականում հույներ, ռուսներ եւ հայեր են: Մեծամասնություն կազմող հույների նախնիները այստեղ են ապաստանել հույների ցեղասպանությանն անմիջապես հաջորդած տարիներինՙ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Հայերիս ճակատագրակից Պոնտոսի հույների ցեղասպանությունն առնչվում է 20-րդ դարի սկզբներին Օսմանյան Թուրքիայի տարածքում գտնվող պատմական Պոնտոսում բնակվող հույների կոտորածներինՙ Երիտթուրքերի կառավարության կողմից: 1914-1923 թթ. Պոնտոսի ցեղասպանության զոհ են դարձել ըստ տարբեր աղբյուրների 353.000-ից մինչեւ մեկ միլիոն 200 հազար հույներ: Սա արձանագրվել է պատմության մեջ իբրեւ քսաներորդ դարի երկրորդ եղեռն:

Վիտյազեվո ավանում հույների եւ ռուսների հետ կողք-կողքի երկար տասնամյակներ ապրում են հայեր, այսօրվա դրությամբՙ շուրջ 230 հայ ընտանիք: Այստեղ հանգրվանած հայերի պարագայում նույնպես գրեթե նույն պատմությունն էՙ Մեծ եղեռնից եւ մեր ազգային ազատագրական պայքարի զարթոնքին Ադրբեջանից մազապուրծ տարաբախտ հայեր, որոնք այս հյուրընկալ եզերքում իրենց բարեկամ հույների եւ ռուսների հետ ապրելովՙ ամեն ինչ անում են պահպանելու մեր ազգային սովորույթները, հայ լեզուն եւ խոսքը:

Երբ վեց տարի առաջ առանց այդ էլ կազմակերպված եւ համախումբ Վիտյազեվո ավանի հայ համայնքը միաձայն նախագահ ընտրեց երիտասարդ եւ եռանդուն Մարտին Մալխասյանինՙ համայնքային գործերի վիճակը գնալով էլ ավելի բարելավվեց: - Մարտինը մեր շտապօգնությունն է, հասանելի է օրվա 24 ժամի,-ասում են Վիտյազեվոյի հայերը: Որեւէ հարցով էլ երբ դիմեսՙ ընդառաջում է, օգնում ինչով կարող է: Նրա շնորհիվ ավանում հայկական դպրոց ունենք, մեր երեխաներն ու թոռները հայերեն գրել-կարդալ են սովորում: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի սպորտի վարպետ, հայկական կոխ ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի ներկայացուցիչ եւ բազմակի հաղթող, խառը մարտարվեստների մի շարք մրցաշարերի աշխարհի չեմպիոն Մարտին Մալխասյանը ծնվել է 1974թվականի նոյեմբերի 11ին, Ադրբեջանի Դաշքեսանի շրջանում: 14 տարեկան էր, երբ ընտանիքով տեղափոխվեցին Հայաստանՙ Նոյեմբերյանի շրջանի Բագրատաշեն գյուղ, որտեղ էլ ավարտեց միջնակարգ դպրոցը: Դեռ մանկությունից, հավանաբար, այսպես կոչված բարեկամ հանրապետությունում ապրելու տարիներին բազում անարդարություններ տեսած պատանին երազում էր ուժեղ լինել, իր կարդացած ամենատպավորիչ գրքի հերոսիՙ Սասունցի Դավթի պես ուժեղ, որպեսզի պաշտպանի իր հարազատներին, ազգակիցներին, իր օգնության կարիքն ունեցողներին, նեցուկ լինի թույլերին: Շատ էր սիրում սպորտը, հատկապես հայկական կոխը, ընբշամարտը: Այդ սերն ու երազանքներն էլ 80-ականների վերջերին նրան տարան Կրասնոդարի երկրամաս, որտեղ ավարտեց ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը: Ռուսաստան մեկնելովՙ Հայաստանի հետ երբեք կապը չխզեց Մարտինը: Մինչ օրս էլ, եթե տարվա մեջ մեկ-երկու անգամ չի մեկնում, ամբողջ տարին ասես տեղը չի գտնում: Մեկնում է արձակուրդներին, շատ բարեկամներ եւ ընկերներ ունի, պարտադիր պետք է այցելի Նոյեմբերյան եւ հերոսական Արցախ, որպեսզի հնարավորինս վայելի եւ ըմբոշխնի հայրենիքը, որի հողը ամեն անգամ ուժ է տալիս նրան: Ինստիտուտն ավարտելուց հետո Մարտինը մեկնեց Անապա եւ մի քանի տարի աշխատեց շինարարությունում: Այդ ընթացքում մի լավ հայ աղջկա հանդիպեց, ամուսնացան, երկու տղա երեխա ունեցան, եւ թվում էր հենց դա է որ կա լիակատար երջանկությունը, բայց պատահեց ամենացավալինՙ կինը մահացավ, երկու փոքրահասակ տղաների հոգսը թողնելով ամուսնուն: Ճակատագիրը երկրորդ անգամ բախեց տղամարդու դուռըՙ հույն կնոջ հետ ամուսնացավ, շատ բարի, հոգատար եւ գեղեցկատես կնոջ, որ ոչ միայն կարճ ժամանակում սովորեց ու սկսեց խոսել հայերեն, այլ նաեւ եւս երկու տղա պարգեւեց Մարտինին: Եվ այսօր չորս երեխաների խնամքն ու հոգտարությունն ստանձնած ամուսինները երջանիկ են իրենց ընտանիքով: Շուրջ երկու տասնամյակ զբաղվելով պրոֆեսիոնալ սպորտով եւ այդ ընթացքում մասնակցելով միութենական, համառուսաստանյան եւ միջազգային հարյուրավոր առաջնությունների եւ մրցաշարերիՙ Մարտին Մալխասյանը բազմիցս արժանացել է հաղթողի կոչմանՙ բարձր պահելով Հայաստանի եւ Ռուսաստանի մարզական պատիվը:

2007 թվականի հունիսի 2-ից Մարտինը դադարեցրել է մարզական գործունեությունը, բայց մինչ օրս, երբ կարեւոր մրցումներ են լինում, իրեն չեն մոռանում եւ խնդրում են, որ վարպետության դասեր (մաստեր կլաս) անցկացնի: Սպորտը թողնելուց հետո սկսեց զբաղվել տուրիզմով, ճիշտ եւ խելացի ներդրումներ կատարեց, եւ պետք է ասել, որ Մարտին Մալխասյանն այսօր ճանաչված գործարար է ոչ միայն Վիտյազեւո ավանում եւ Անապայում, այլեւ ամբողջ Կրասնոդարի երկրամասում: Մանավանդ հունիս-սեպտեմբեր ամիսներին Մարտինը ամենափնտրված անձնավորությունն է հազարավոր զբոսաշրջիկների համար: Նրան պատկանող եւ միջազգային բարձրակարգ չափանիշներ ապահովող ծովափնյա «Իմպերիա» հյուրանոցային համալիրը համարվում է ընտանեկան հանգստի ամենաճանաչված, գողտրիկ եւ բոլոր առումներով անչափ հարմարավետ մի վայր, որտեղ քեզ զգում ես ինչպես տանը: Եվ պատահական չէ, որ ինչպես Անապայի, այնպես էլ Կրասնոդարի երկրամասային վարչակազմերի կողմից բարձրակարգ սպասարկման եւ բարեխիղճ վերաբերմունքի համար մի շարք խրախուսանքների արժանացած «Իմպերիայում» իրենց ամառային հանգիստն անցկացնելու են գալիս նախկին տարիների բազմաթիվ հանգստացողներ: - Լավ սպասարկում, լավ վերաբերմունք, մաքրություն, ծով, արեւ եւ ավազներՙ ահա այս ամենն է այստեղ եկող մարդը ակնկալում մեզնից եւ բնությունից,-ասում է Մարտինը: Ամեն ինչ անում ենք, որպեսզի հուսախաբ չանենք հանգստացողներին, մանավանդ, որ այս գործը տարվա մեջ մի քանի ամիս է տեւում: Մեր հայկական համայնքը, որ ասես մի ընտանիք լինի, ձմռան ամիսներին հիմնականում զբաղվում է շինարարությամբ, ամռանըՙ հյուրանոցային բիզնեսով: - Պետք է ասեմ, որ մեր ավանում, որտեղ բնակվում են հիմնականում երեք ազգություններ, իշխում է բարեկամություն ու մեկս մյուսի հետՙ բարիդրացիական հարաբերությունները,-խոսքը շարունակում է Մարտինը: Կապ չունի, թե ինչպիսին են մեր ազգային սովորություններն ու նախընտրությունները, թե՛ նեղության եւ թե՛ ուրախության պահերին մենք միասին ենքՙ ամուր բռունցք կազմած: Այդպիսին են թե՛ ռուսները, թե՛ հույները եւ թե մենքՙ հայերս: Մեր ազգերի միջեւ բարեկամությունը կայացրել են մեր նախապապերը, սերնդեսերունդ այն փոխանցվել է մեզ եւ մենք պարտավոր ենք աչքի լույսի պես պահել եւ պահպանել մեր բարեկամությունը: Ավելին, մենք ոչ միայն միասին ենք, այլեւ գիտենք ըստ արժանվույն աջակցել մեր դուռը թակողներին եւ մեզնից աջակցություն ակնկալողներին: Երկար տարիներ, որքան ես այստեղ եմ, Հայաստանից այստեղ են գալիս մեր բազմաթիվ հայրենակիցներՙ արտագնա աշխատանքի: Որպես հայ համայնքի նախագահՙ ես ինձ պարտավորված եմ զգում ձեռք մեկնելու, աջակցելու, բոլորին ապահովելու աշխատանքով: Եվ ամիսներ հետո, երբ գալիս է մեկնման պահըՙ բաժանվում ենք հարազատի պես, եւ այլեւս չի ընդհատվում մեր բարեկամությունը: Մեր հայրենակիցներին օգնելու հարցում ինձ մեծապես ընդառաջում եւ աջակցում են տեղի իշխանությունները, որոնց հետ ես լավ հարաբերությունների մեջ եմ եւ շնորհակալություն բոլորինՙ ինձ սատար կանգնելու համար:

Մարտինը նշում է, որ հայ համայքի ուրախությանը չափ ու սահման չկար, երբ ավանում սկսեց գործել հայկական դպրոցը, որտեղ մինչեւ 3-րդ դասարան հայերեն լեզվով դասեր են անցկացվում: Երեխաները մայրենի լեզվով ճշգրիտ խոսել, գրել-կարդալ են սովորում, առանձին խումբ էլ կա, որ մեծերն են հաճախում: - Փառք Աստծո, մեր համայքում հայերս չենք կորցրել ազգային դիմագիծը, հայ բառուբանը անպակաս է մեր ընտանիքներում, եւ միեւնույն ժամանակՙ վաղուց ինտեգրվել ենք ռուսական այս իրականությանՙ մեզ համար հարազատ դարձած եզերքին, բոլորս կարողանում ենք ընտանիք պահել, եթե խանգարող, մեր քունն ու հանգիստն ու հոգեկան անդորրը տակնուվրա անող հանգամանքներ չլինեն: Նկատի ունեմ կորոնավիրուսի համավարակը, որ ամբողջ աշխարհում կազմալուծեց աշխատանքները: Նկատի ունեմ, որ կորոնավիրուսից առավել սարսափելի էՙ մեր բոլորի միասնական հայրենիքինՙ Հայաստանին եւ Արցախին արդեն քանի օր սպառնացող վտանգն ու դավադիր հարեւանների նենգ նկրտումները: Ինչպես կարող ենք մենք այստեղ վայելել կյանքը, ամառն ու ավազները, երբ մեր արյունն է հոսում սահմանին...

...Մեր զրույցը ընդհատվեց Հայրենիքից ստացված մի ցավալի լուրով: Հետագա ամբողջ օրը Մարտինի հեռախոսահամարն անհասանելի էր: Այսօր առավոտյան հաջողվեց պարզել, որ Վիտյազեվո ավանի հայ համայնքիՙ 18 տարեկանից բարձր երիտասարդներՙ Մարտին Մալխասյանի գլխավորությամբ, ցուցակագրվել եւ կամավորության սկզբունքով պատրաստակամություն են հայտնել մեկնել Հայաստանՙ պաշտպանելու վտանգի մեջ գտնվող Հայրենիքը: Կազմակերպվում է նաեւ դրամահավաք, ինչպես եւ սննդի ու անհրաժեշտ պարագաների պահեստավորում: Իսկ ականջներումս դեռեւս Մարտինի խոսքերն են. «Ինչպես կարող ենք մենք այստեղ վայելել կյանքը, ամառն ու ավազները, երբ մեր արյունն է հոսում սահմանին»... Աշխարհի որ ծայրում էլ լինենքՙ սա մեր բոլորիՙ հայի արյուն ունեցող մարդու հոգու ճիչն է, ընդվզումը, վտանգի պահին Հայրենիքի շուրջ համախմբվելու եւ միասնական դառնալու կոչը, որին չի դիմանա եւ ոչ մի հակառակորդ բանակ, առավել եւս, որ այն համալրված է ստիպողաբար, բռնի ուժով եւ անհայրենիք վարձկաններով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 02-10-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ