ԹՈՒՐՔԻԱՆ ՍԱՏԱՐՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ, ՌՈՒՍԱՍՏԱՆԸՙ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ, Բրյուսել Համոզված են բելգիական լրատվամիջոցները Անցնող օրերին Բելգիայի ֆրանսիական առաջին «La Une» հեռուստաալիքը լրատվական թողարկման միջազգային լուրերի բաժնում լայնորեն անդրադարձավ Հայաստան -Ադրբեջան պատերազմին: Լրագրողը համոզմունքով նշեց, որ այս պատերազմում Ռուսաստանը սատարում է Հայաստանին, իսկ Թուրքիանՙ Ադրբեջանին: Այնուհետեւ էկրանին ցուցադրվում էին հատկապես այն տեսարանները, թե ինչպես է հայկական կողմը հերթով ոչնչացնում ադրբեջանական տանկերը: Լրագրողն իր խոսքում հավաստեց, որ տեսահոլովակն իրենց տրամադրել է ադրբեջանական կողմը: Ցուցադրվեց նաեւ Բաքվում ուղիղ եթերից Իլհամ Ալիեւի հայտարարության մասնավորապես այն հատվածը, ուր Ալիեւը արդարացնում է Ադրբեջանի պատասխան հարվածները եւ հոխորտալով հայտարարում. «Այլեւս ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ առաջինը Հայաստանն է հարձակվել, առաջին զոհը ադրբեջանցի զինվորական է, թշնամուն մեկ սմ անգամ չենք զիջելու»: Հաղորդման մեջ բելգիացի լրագրողը զետեղել էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքի այն հատվածը, ուր վարչապետը նշում է, որ «Ալիեւի բռնատիրական վարչակազմը վերստին անցել է պատերազմական գործողությունների: Դա հայ ժողովրդին հայտարարած պատերազմ է, դա պատերազմ է մեր անկախության, ազատության ու արժանապատվության դեմ»: «Ի՞նչ Է իրականում կատարվում», հարցադրում է լրագրողն ու շարունակում հեռուստալսարանին համառոտ ներկայացնել, որ Լեռնային Ղարաբաղր ինքնավար տարածաշրջան է Ադրբեջանի կազմում, մեծամասամբ բնակեցված հայերով եւ ունի Հայաստանի աջակցությունը: Շարունակելով նա իրազեկում է, որ Ադրբեջանն արդեն տարիներ ի վեր փորձում է ամեն գնով, ընդհուպՙ ուժի կիրառմամբ վերահսկել տարածաշրջանը: Պատմական անդրադարձ կատարելով 90-ականների սկզբում ծագած պատերազմին, նա հավելեց, թե այդ տարիներին երկուստեք եղել են 30 հազարից ավել զոհեր: Հաղորդման մեջ ակնհայտ նկատվում էր, որ լրագրողը թյուր ըմբռնում ունի եւ չի տիրապետում նույնիսկ որոշ կարեւոր փաստերի: Շրջանցելով խնդրի բուն էությունը, կցկտուր տեղեկություններ մատուցելով, լրագրողն այդուհանդերձ փորձում էր պահպանել լրագրողական անկանխակալության սկզբունքը, նաեւ մեջբերում էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ելույթի այն հատվածը, ուր նախագահը հայտարարում է, որ աշխարհում ամենաշատը Արցախն է խաղաղություն ուզում եւ այս պատերազմի հետեւանքների ողջ պատասխանատվության կրողն այսօր, վաղը եւ հետագայում Ադրբեջանն է լինելու: Միջազգային լրատվական տարբեր հարթակներից շրջանառվում են հստակ ազդակներ, թե այս պատերազմը կհանգեցնի վտանգավոր հետեւանքների տարածաշրջանում, քանի որ Ռոսաստանը սատարում է Հայաստանին, իսկ Թուրքիանՙ Ադրբեջանին: ԵՄ-ն եւ Վլադիմիր Պուտինը անհապաղ կրակը դադարացնելու կոչեր պետք է անեն, եզրափակում է լրագրողը, հավելելով, որ պատերազմը շարունակվելու դեպքում հետեւանքներն անկանխատեսելի վտանգավոր կլինի ոչ միայն պատերազմող կողմերի, այլ ողջ տարածաշրջանի համար: Այս օրերին բելգիահայերն անհանգիստ, տագնապալից են: Հայրենիքին հնարավորին աջակցելու տարատեսակ քայլեր են ձեռնարկվում: Բելգիահայ հասարակական եւ քաղաքական կազմակերպությունները հայտարարություններ են տարածել, որում խստորեն դատապարտել են Ադրբեջանի ագրեսիան եւ պատերազմն անհապաղ դադարեցնելու կոչեր արել: Պատերազմի սկսման հաջորդ օրն իսկ բելգիահայերը նախատեսել էին բողոքի ցույց կազմակերպել Բրյուսելում, սակայն Բելգիայի հայերի կոմիտեն եւ հայկական շահագրգիռ այլ մարմինների ընդհանուր համաձայնությամբ, սկզբում նախընտրեցին զերծ մնալ բոլոր այն քայլերից, որոնք կարող են վնասակար հետեւանքների հանգեցնել: Սակայն, երեկ Եվրոմիության հրապարակում Բելգիայի հայերի կոմիտեն կազմակերպեց խաղաղության ցույց, եվրոատյանների ուշադրությանը սեւեռելու Արցախում շարունակվող ռազմական գործողությունների եւ միջազգային ատյաններին հորդորելու դատապարտել ոչ միայն Ադրբեջանի ագրեսիան, այլեւ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ակտիվ մասնակցությունն այս պատերազմին: Օրվա ընտրությունը բնավ պատահական չէր: Հոկտեմբերի 1-ը Եվրոպական գագաթաժողովի օրն էր: Եվրոմիության տարածքի «Շուման» հրապարակը, ուր իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել Բելգիայի տարբեր քաղաքներում ապրող հայեր, Եվրոմիության կառույցների խաչվող այն տարածքն է, որտեղ տեղակայված են միջազգային տարբեր կազմակերպություններ: Հետեւաբար մեր հայրենակիցների կազմակերպած ցույցը զգոնության կոչ էր միջազգային հանրությանը հասու դարձնելու, որ Հարավային Կովկասում լայնամասշտաբ պատերազմի բռնկումը կարող է ունենալ անկանխատեսելի հետեւանքներ, տարածվել տարածաշրջանի սահմաններից դուրսՙ սպառնալով միջազգային անվտանգությանը: Սա պատերազմ է ոչ միայն ընդդեմ Արցախի ու Հայաստանի, այլեւ քաղաքակիրթ աշխարհի: Այս օրերին դատապարտող հայտարարություններ են տարածել նաեւ Եվրոխորհրդարանի պատգամավորները, մասնավորապես շեշտադրելով Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականութան, պատերազմի դադարեցման, տարածաշրջանում անվտանգության ապահովման անհրաժեշտության կարեւորությունը: |