RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#029, 2020-09-18 > #030, 2020-09-25 > #031, 2020-10-02 > #032, 2020-10-09 > #033, 2020-10-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 02-10-2020



Տեղադրվել է` 2020-10-01 23:45:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 1501, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԿՅԱՆՔ ԵՎ ԿՈՄՈՒՆԻԶՄ

ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ, պգդ, պրոֆեսոր

Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Հայաստանի մինչեւ 2050թ. վերափոխման ռազմավարությունը: Հատուկ ընդգծելով, որ մինչ այդ մեր իրականության մեջ, առնվազն պետական մակարդակում, 30 տարվա կտրվածքով այդպիսի ռազմավարություն մշակված չի եղել, որն էլ նրա կարծիքով գուցե պայմանավորել է մեր այսօրվա բազմաթիվ խնդիրները: Հետեւաբար վերափոխման 30 տարվա ռազմավարությունը շատ կարեւոր է, որպեսզի հասկանանք, թե մենք ինչ ենք ուզում, ուր ենք գնում եւ ինչպիսին ենք պատկերացնում մեր հայրենիքըՙ Հայաստանի Հանրապետությունը 2050 թվականին:

Այնուհետեւ մինչեւ ռազմավարության իր տեսլականը ներկայացնելըՙ նա անդրադարձել է ռազմավարության կառուցվածքինՙ խոսելով գաղափարի, տեսլականի եւ գործողության մասին: Իսկ այդ ռազմավարության հենց իրենց կողմից ներկայացնելը բացատրել է այն հանգամանքով, որ իրենք Հայաստանի վերափոխման ռազմավարությունը ընկալում են ոչ միայն որեւէ կառավարության գործողություն, այլեւ դրա մշակումն ու իրագործումը պատկերացնում են որպես համազգային շարժում, որտեղ շատ կարեւոր դեր ունի պետական առաջնորդությունը, որտեղ պետք է ներգրավվեն մասնագիտական շրջանակներ, եւ, իհարկե, այս ռազմավարությունը պետք է ժողովուրդն իրենը համարի: Վարչապետը նաեւ շեշտել է, որ այս ռազմավարությունը ոչ միայն բարեփոխումների, այլեւ փոխակերպումների մասին է, որոնց արդյունքում երկիրը կկարողանա հասնել թռիչքաձեւ զարգացման: Նա չի բացառում նաեւ, որ ժողովրդի որոշմամբ, այդ ծրագիրը կարող է փոփոխությունների ենթարկվել եւ այդ փոփոխություները հիմնված են մեր ազգային արժեքների ու նպատակների, հանրային պահանջարկի վրա:

Որպես ամենակարեւոր գաղափարական հենքՙ շեշտելով Ազգային անվտանգության ռազմավարությունըՙ վարչապետը մինչեւ 2050 թ. ռազմավարության տեսանկյունից առանձնացրել է 4 առաջնորդող արժեքներՙ 1. Հայոց պետականությունը որպես առանցքային արժեք եւ միակ գործիք, որը հնարավորություն է տալիս կայացնել որոշումներ մեր ճակատագրի վերաբերյալ, հետեւաբար պետք է ապահովվի հայոց պետականության հավիտենականությունը 2. Կրթությունը, որով հնարավոր կլինի ճանաչել մեր պրոբլեմները եւ գտնել դրանց լուծումները: 3. Անհատը, որը ձեւավորում է մեր պետականության հիմք եւ ազգային արժեք ընտանիքը: 4. Աշխատանքը որպես միակ գործիք, որը հնարավորություն է տալիս իրացնել կուտակված ստեղծարար ներուժը: 5. Համահայկական ներուժի համախմբումըՙ Սփյուռքի, կանանց եւ տղամարդկանց ներուժի ներգրավումն ազգային, պետական խնդիրների լուծման գործում:

Վարչապետը ռազմավարության նպատակը համարել է այն, որ հայ ժողովուրդը ցանկանում է երջանիկ ապրել մեր կենսական շահերի կենտրոն, անվտանգ, արդար, ազատ, արժանապատիվ եւ առաջադեմ Հայաստանում, որին հասնելու համար ընդգծել է 16 մեգանպատակներՙ

Կիրթ եւ կարողունակ քաղաքացի, ժողովուրդ

Պաշտպանված Հայաստան

Արդյունավետ եւ հաշվետու կառավարում

Առողջ եւ ապահով քաղաքացի, ժողովուրդ

Բազմազավակ եւ բարեկեցիկ ընտանիք

Իրավական Հայաստան

Մշակված արտադրանքի զանգվածային արտահանում

Մաքուր եւ կանաչ Հայաստան

Տարածքային խելամիտ զարգացում

Արտադրողական եւ պատասխանատու ֆերմերություն

Մեծ հայրենադարձություն եւ ինտեգրում

Աշխարհի հետ կապված Հայաստան

Վերականգնվող եւ հանրամատչելի էներգիա

Գործարարաների համար գրավիչ Հայաստան

Գիտելիքահենք Հայաստան

Ճանաչված, հարգված եւ հյուրընկալ Հայաստան

Ավելի մանրամասնելով վարչապետը առանձնացրել է վերափոխման ծրագրի ամենագրավիչ հատվածը եւ նշել, թե ինչպիսի ցուցանիշներ են ակնկալվում 2050-ին: Նախՙ բնակչության թվաքանակը հասցնել 5 միլիոնի, ստեղծել 1,5 միլիոն նոր աշխատատեղ, հաղթահարել աղքատությունը, 20 անգամ ավելացնել ՀՆԱ-ն, 7 անգամՙ միջին աշխատավարձը, կյանքի սպասվող տեւողությունը բարձրացնել մինչեւ 90 տարի, ունենալ ամենամարտունակ բանակը, աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը, աշխարհի 200 լավագույն բուհերի շարքում ունենալ առնվազն երեք հայկական այդպիսի բուհ: Որ Հայաստանը դառնա բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր եւ ունենա մինչեւ 10 մլրդ ու ավելի արժեքով առնվազն 5 տեխնոլոգիական ընկերություն եւ ամենաքիչը 10 000 աշխատող ստարտափ: Կրկնապատկվեր հանրապետությունում անտառային զանգվածների մակերեսը, Հայաստան զբոսաշրջիկների տարեկան հոսքը հասնի 15 միլիոնի: Մինչեւ 2050 թվականը Հայաստանը նվաճի 25 ոսկե օլիմպիական մեդալ, ստանա շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչում, իսկ ֆուտբոլի հավաքականը` մեդալ բերի աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններից:

Ակամա հիշեցի հայտնի հեքիաթըՙ ծառերը ոսկի, սարերը ոսկի...

Իհարկե, վատ ցանկություն չի, իհարկե, բոլորիս երազանքն է այդպիսի հրաշք երկիր ունենալը, բայց...

Մարդկության պատմության ընթացքում երբեւէ գոյություն ունեցած բոլոր կրոնական ու քաղաքական ուսմունքները բացահայտ կամ տողարանքներում ծպտված ունեցել են հանդերձյալ կամ երազած կյանքի մասին իդեաֆիքս: Դրա ամենակարեւոր նպատակը եղել եւ մնում է մարդկային հասարակության ուշադրությունը առկա բոլոր խնդիրներից եւ դժվարություններից շեղելը, հանդերձյալ կյանքում դրանց փոխարեն խոստանալով ամենալավ ու բարվոք կյանք: Դրա փոքր-ինչ փոխակերպված արտահայտություն էր նաեւ կոմունիզմի մասին պատրանքային ուսմունքը, որը նույնպես մարդկանց խոստանում էր իդեալականՙ յուրաքանչյուրից ըստ կարողության եւ յուրաքանչյուրինՙ ըստ պահանջմունքի ցնդաբանությունը:

Ընդ որում, որպես կանոն շեշտվում է, որ որքան մարդն այս կյանքում շատ տառապանքներ ու դժվարություններ ունենա, այնքան լավ, քանի որ դրանց համարժեք լավ է լինելու ամեն ինչ «այն» աշխարհում: Հաճախ էլ քարոզչամեքենան այնպես փայլուն էր աշխատում, որ մարդիկ հեռանում էին անապատները, ճգնում, իսկ երբեմն էլ պարբերաբար իրենց ենթարկում էին լրացուցիչ տառապանքներիՙ վայրի փշերով կամ այլ բաներով այնքան էին ինքնածեծ լինում, որ արյունաքամ էին լինում: Նույնիսկ մեր օրերում, հատկապես մահմեդական աշխարհում, որոշակի կրոնական տոների ժամանակ մարդիկ տարբեր իրերով անխնա հարվածում են իրենց ու արյունլվա անումՙ հուսալով, որ «այն» աշխարհում դրա համար կարժանանան համապատասխան փոխհատուցման:

Երազելն ու նպատակ դնելը բոլորովին էլ վատ բաներ չեն, բայց 21-րդ դարում դրանցով ու շռայլ խոստումներով մարդկանց կերակրելը հազիվ թե լավագույն ելքն է ստեղծված սոցիալ-տնտեսական, քաղաքական ու կառավարման բարդագույն իրավիճակից: Համոզված եմ, որ իրավիճակն սթափ գնահատելուց, տնտեսությունն ու հասարակությունը այս վտանգավոր ախտերից վճռական քայլերով ձերբազատելուց, հասարակության կենսամակարդակը հնարավորինս նորմալ մակարդակի հասցնելուց հետո միայն կարող ենք մեզ «այն»վ լավագույն կյանքի մասին ծրագրեր կազմել: Իսկ որպես առաջին քայլ, կարծում եմ, պետք է սկսել հասարակության առողջացման գործընթաց, ձերբազատել նրան տարբեր գույների բաժանելու, սոցցանցային միմյանց անխնա հոշոտելու-ոչնչացնելու եւ ոչ մի դեպքում ու ոչ մի պայմանով իրար չհանդուժելու արատավոր պրակտիկայից, իսկ այնուհետեւ առանց կուսակցապատկան հատկանիշների մեր լավագույն մասնագետներին համախմբել, մեկտեղել նրանց պոտենցիալը, բուժել մեր հիվանդ տնտեսությունը եւ հասարակությանը դուրս բերել այս տխուր կացությունից:

Վստահ եմ, երբ բոլոր խնդիրները բարեհաջող լուծվեն, այդ դեպքում արդեն վերափոխումների ծրագրերն էլ իրական հիմք կունենան, հիմնազուրկ պատրանքների չեն նմանվի, հետեւապես նաեւՙ հանդերձյալ կյանքի կամ կոմունիզմի նման անիրական լինելու տպավորություն էլ չեն թողնի, իսկ հասարակությունն էլ արժանվույնս կգնահատի եւ ամեն ինչ կանի դրանք իրականություն դարձնելու համար:

22-26.09.2020

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 02-10-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ