ԹՈՒՐՔԱԿԱՆ ՎՏԱՆԳԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՇԵՄԻՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՑՈՒՅՑ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ, Բրյուսել Մինչ հայ-ադրբեջանական օր-օրի ահագնացող պատերազմում կյանքի ու մահվան մարտեր են ընթանում, աշխարհասփյուռ մեր հայրենակիցները միջազգային տարբեր հարթակներում մեկ այլՙ տեղեկատվական- դիվանագիտական պատերազմ են մղում: Հաշված ժամերի ընթացքում աշխարհի հայերն , ամուր բռունցք դառնալով, բողոքի ալիք բարձրացրին միջազգային կարեւորագույն հարթակներում ՙ աշխարհին Ժողովրդավարություն, մարդասիրություն եւ հատկապես խաղաղություն քարոզող գերհզոր պետություններին կոչելով կանխել Ադրբեջանին սատարող Թուրքիայի վտանգավոր հեռահար քայլերը: Եվ եթե նախորդ շաբաթ միջազգային լրատվամիջոցները հայ-ադրբեջանական պատերազմը ներկայացնում էին վերապահումներով, կցկտուր լուրերով եւ լրջագույն փաստերին չտիրապետելով, գուցեեւ միտումնավոր շրջանցելով իրականությունը, ապա շաբաթվա ընթացքում լրատվության մատուցման շեշտն անհամեմատ փոխվեց: Միանշանակ ոչ այն պատճառով, որ միջազգային լրատվամիջոցներն առավել խորությամբ սկսեցին ուսումնասիրել արցախյան հիմնախնդիրը, այլ պարզապես հաշվարկելով առկա պատերազմի ռիսկերը եւ հասկանալով, որ Եվրոպայի շեմին ահագնացող պատերազմը վաղ թե ուշ թակելու է նաեւ իրենց դուռը: Շաբաթվա ընթացքում Բելգիայի մեր հայրենակիցներն երկու անգամ բողոքի ձայն բարձրացրին Եվրոմիության հրապարակում: «Ազգ»ի նախորդ համարում մենք անդրադարձել ենք բելգիահայերի նախորդ ցույցին, իսկ երկու օր առաջ , հոկտեմբերի 7- ին, կայացավ երկրորդը, որն առանց չափազանցելու աննախադեպ էր բելգիահայերի պատմության մեջ: Վաղ առավոտից հայերը փակել էին Եվրոմիության հրապարակ տանող բոլոր ճանապարհները : Բազմահազար հայեր, հայկական եռագույնը ծածանելով կարծես մարտի էին գնում: Բրյուսել էին եկել ոչ միայն երկրի հեռու ու մոտ քաղաքներից, այլ նաեւ Լյուքսեմբուրգից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Հոլանդիայից, Իսպանիայից: Հայերին աջակցում էին հունական, քրդական, եզդիական, ասորական համայնքները: Մեր հայրենակիցներն այս անգամ միտումնավոր էին ընտրել առավոտյան ժամի բողոքի այս ձեւը: Սովորաբար առավոտյան աշխատանքային ժամերին Եվրոմիության կիլոմետրով ձգվող բանուկ այդ տարածքը գերծանրաբեռված է, Իսկ այդ օրը հայերի հոծ բազմությունն առավոտյան ժամը 8-ից կաթվածահար արեցին բոլոր գլխավոր ու երկրորդական փողոցները: Ամենուր երկարաձիգ խցանումներ էին: Հանրահավաքն իր ծավալներով աննախադեպ էր եւ հիշեցնում էր 1988 -ի հայաստանյան ցույցերը: Մարտական տրամադրված, վրեժով լեցուն մեր հայերը բռունցք դարձած, հորդորում էին Եվրոպային, որ պայքարելու են այնքանՙ մինչեւ Եվրոպան գործնական պատժիչ քայլերի գնա Թուրքիայի դեմ: Հայերն անընդմեջ վանկարկում էին. «Էրդողան, Ալիեւ, տեռորիստ», «Հայաստան, Հայաստան», «Ուր ես, Եվրոպա», «Ճանաչեք Արցախը», «Հայեր միացեք, պայքար, պայքար մինչեւ վերջ»...Նախատեսված երկժամյա ցույցը ժամեր տեւեց: Հայերը ճեղքելով ոստիկանական պատնեշը բլոկադայի ենթարկեցին Բրյուսելի ամենաբանուկ տարածքն ու չնայած ոստիկանների միջամտությանը շարունակում էին իրենց պահանջներ: Ոստիկաններն հարկադրաբար ջրցան մեքենաներով փորձեցին ցրել ցուցարարներին, սակայն հայերն համառորեն չէին հեռանում: Բելգիահայերն տագնապի մեջ են, գործի են դրվել բոլոր հնարավոր միջոցներն հայրենիքին օգնելու համար: Պատերազմի սկսման առաջին իսկ օրերից ԵՄ տարբեր մակարդակներով Ադրբեջանին եւ Թուրքիային դատապարտող-պատժիչ հայտարարություններով հեղեղել են ԵՄ տարբեր ատյաններին: ՀՅԴ Եվրոպայի հայ դատի գրասենյակից տեղեկացանք, որ հոկտեմբերի 5-ին, դարձյալ Եվրոխորհրդարանի քաղաքական բոլոր խմբակցություններից 48 պատգամավորներ, կիպրացի եվրոպատգամավոր Լուկաս Ֆուրլասի նախաձեռնությամբ նամակով դիմել են ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ եվրոհանձնաժողովի փոխնախագահ Ժոզեֆ Բորելիին ՙ կոնկրետ քայլեր ձեռնարկել, ճնշում գործադրել Թուրքիայի վրա, ստիպել զերծ մնալ որեւէ միջամտությունից, որը ապակայունացնում է եւս մեկ տարածաշրջանՙ Հարավային Կովկասը: Միաժամանակ հիշեցրել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած հրադադարի խախտման հետաքննական մեխանիզմի տեղադրման անհրաժեշտությունը կարող է կանխել այն իրավիճակը, երբ կողմերը միմյանց մեղադրում են մահացու հարձակումներ սկսելու մեջ: Հոտեմբերի 7 Եվրոխորհրդարանի լիագումար նիստին 68 պատգամավորներից միայն 5-ն աջակցել Ադրբեջանին: Որքան էլ որ համայն հայությունն այս օրհասական պահին աշխարհի ուշադրությունն է սեւեռել սանձարձակ Թուրքիային դատապարտելու վրա, այնուամենայնիվ , երկակի ստանդարտներով հղկված եվրոպական քաղաքականությունն իրականում անզոր է գնալ կոնկրետ քայլերի: Արդարության ջատագով, ժողովրդավարություն, հանդուրժողականություն քարոզող Եվրոպան այլեւս անկասկած սպառման եզրին է: Արդեն որերորդ անգամ Եվրոպան հայտնվելով Թուրքիայի խառնակչության թիրախումՙ այնուամենայնիվ կոնկրետ պատժամիջոցների չի դիմում: ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ոչ միայն ռազմական առումով գերհզոր պետություն է տարածաշրջանում, այլեւՙ ինքնակամ գործողություններ հրահրող , հմուտ հաշվարկներով պատասխանատվությունից ճողոպրող միջազգային հայտնի սադրիչ: Եվ եթե այսօր համայն հայությունը հստակ ապացույցներով միջազգային ատյաններին հորդորում է դատապարտել ՆԱՏՕ- ի անդամ Թուրքիային, իսկ Եվրոպան կիսով չափ աչք փակելով գործնական քայլերի չի գնում ,ապա սա եւս Թուրքիայի ճշգրիտ հաշվարկների ապացույցն է: Թուրքիան խաղում է այն խաղաքարտով, որ ՆԱՏՕ-ն խրոնիկ հակասության մեջ է Ռուսաստանի հետ, իսկ Ռուսաստանը Եվրոպայի աչքում համարվում է Հայաստանին սատարողն ու ռազմավարական գործակիցը: ՆԱՏՕ- ի համար առաջնայինը քաղաքական իր շահերն են, հետեւաբար հանուն Հայաստանի Հյուսիս -ատլանտյան դաշինքը, ուր որոշումներն ընդունվում են կոնսենսուսի սկզբունքով, Թուրքիային դատապարտելու գործնական քայլերց անշուշտ զերծ կմնա եւ դեմ չի գնա իր դիրքորոշմանը, որպեսզի անուղղակի ձեւով չաջակցի Ռուսաստանին: Տարիներ ի վեր Թուրքիան Սիրիայի փախստականներին դեպի Եվրոպա ներհոսքի սպառնալիքով շանտաժի է ենթարկում Եվրոպային ու միլիարդներով գումար կորզում Եվրոմիությունից: Իսկ Եվրոպան հանուն տարածաշրջանի խաղաղության լռում է, անզոր է Թուրքիայի դեմ պատժիչ քայլեր ձեռնարկել: Եվ ստացվում է, որ ամեն անգամ Թուրքիան արկածախնդիր իր ծրագրերը հյուսելով առաջ է գնում եւ ամեն անգամ անպատիժ մնում: Մի ամբողջ շաբաթ եվրոպատգամավորներն աղաղակում են. որ պատերազմ է Եվրոպայի շեմին, այն կարող է տարածվել ու տարածաշրջանից դուրս գալ, սպառնալ միջազգային անվտանգությանը, եւ չկանխելու դեպքում հետեւանքներն անկանխատեսելի կլինեն: Չզսպելով Թուրքիայինՙ Եվրոպան ներքաշվում է մի նոր վտանգի մեջ: Բայց ցավոք Եվրոպան, ինչպես նախկինում , այսօր էլ դեռ լուռ է. բանավոր հայտարարություններից վեր չի բարձրանում, չկան գործնական քայլեր, իսկ սահմանին պատերազմն օրեցօր նորանոր կյանքեր է խլում: |