ՊԱՏԵՐԱԶՄ, ՈՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ Է ՆՈՐ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱԶԳԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ, քաղաքագետ Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան, Սիրիայից եւ Լիբիայից բերված վարձկաններով, Թուրքիայի հրամկազմով ու զանազան զինատեխնիկայի կիրառմամբՙ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի ձեռնարկած լայնամասշտաբ հարձակումն անակնկալի չբերեց եւ ոչ մեկին, ո՛չ տարածաշրջանային, ո՛չ միջազգային ուժերին: Դրանից առաջՙ սեպտեմբերի 25-ին ԱՄՆ-ը, տարածաշրջանում սեփական քաղաքական կշիռը ցույց տալու մղումովՙ Հայաստանում եւ Ադրբեջանում իր դեսպանատաների միջոցով հայտարարություն տարածեց, որում ԱՄՆ քաղաքացիներին հորդորում էր երկու երկրների սահմաններին մոտՙ չգնալ: Ռազմական գործողությունների այսպիսի ծավալը ակնհայտ է դարձնում, որ արեւմտյան ուժերը, օգտվելով Էրդողանի ագրեսիվ վարքագծի դրսեւորումից, փորձում են իրենց ցանկությունները իրականացնել տարածաշրջանում, իսկ դրա համար ամենահարմար վայրը Արցախն է: Ռուսաստանն ու Իրանը մի կողմից, Թուրքիան մյուս կողմից բախվում են երկու ճակատումՙ Սիրայում եւ Լիբիայում, որտեղ վերջին շրջանում ԱՄՆ ու Թուրքիան նահանջում են դանդաղորեն, բայց հաստատուն քայլերով: Այս իրավիճակում Էրդողանին հարկավոր է մեկ այլ տարածք, որտեղ հրահրելով նոր պատերազմ, կկարողանա Ռուսաստանի եւ Իրանի հետ քննարկել Սիրիայի ու Լիբիայի հարցերը, հենց դրա համար սկսվեց լայնամասշտաբ պատերազմ Արցախումՙ լուրջ հաղթանակի ակնկալիքով: Էրդողանը ծրագրում էր ակնթարթորեն գրավել Արցախի հարավայինՙ Վարանդայի (ֆիզուլի) շրջանը: Ինչը կնշանակեր վտանգել Իրանի հյուսիսային սահմանները եւ նվազեցնել Ռուսաստանի դերը տարածաշրջանում, միեւնույն ժամանակ հնարավորություն կտար այդ երկրների թրքախոսների շրջաններում պանթուրքիստական նկրտումներ զարգացնելու: Այս հարցում ԱՄՆ-ի դիրքորուշումը շատ հստակ էՙ իրագործել Փոլ Գոբըլի ծրագիրը, այն էՙ Մեղրին փոխանակել Արցախի հետ, եւ դրանով հարվածել Իրանին ու Ռուսաստանին: Ամենավառ ապացույցն այն է, որ ԱՄՆ-ն, ցույց տալով սկսվելիք պատերազմի մասին իր լավատեղյակությունը, ոչ միայն ոչինչ չարեց պատերազմը կանխելու համար, այլեւ ավելինՙ լռեց, երբ ամիսներ շարունակ Թուրքիան իր աչքի առաջ տարբեր տեսակի զինատեխնիկա եւ իսլամական ահաբեկիչ վարձկաններին տեղափոխեց Ադրբեջան: Իսկ լռությունը պատերազմի նախօրեին եւ այնուհետեւ հավասարազոր է խրախուսման: ԱՄՆ-ն իր հնազանդ կամակատար Ադրբեջանին մշտապես օգնելով ապահովել է իր վերահսկողությունը Միջին Ասիայից դեպի Եվրոպա գնացող նավթատարների եւ գազատարների վրա: Եվրոպայի մասին խոսելն անիմաստ է, քանի որ Անգլիայի ԵՄ-ից դուրս գալուց հետո եվրոկառույցները կոմայի մեջ հայտնվեցին, եւ եթե Գերմանիան ինքն իրեն թափ չտա, ապա ԵՄ-ն կմնա միայն հայտարարությունների սահմաններում, իսկ գործնականում զերծ կմնա որեւիցե քայլից, քանի որ թուրքերը փախստակնների հոսքերը կրկին կուղղեն դեպի Եվրոպաՙ բացելով իրենց սահմանները... Ռուսաստանն ուղղակի պատերազմի մեջ չներգրավվելու նպատակով դեռ զսպում է իրեն, եւ բավարարվում միայն հայտարարություններով ու կողմերին խաղաղության կոչեր անելով: Հակառակ պարագայում իրավիճակը կդառնա անկառավարելի, բայց եթե պատերազմն անխուսափելի դառնա, ապա Ռուսաստանի ինքնազսպումը տեղի կտա: Այսինքն Ռուսաստանը, ինչպես միշտ, կարող է 3 ժամ ուշանալ... Փաստորեն, Անդրկովկասում նոր ճակատ բացելով, Թուրքիան փորձում է վերադասավորել իր ուժերը Սիրիայում եւ Լիբիայում: Իսկ այստեղ վերջին խոսքն ասելու է Հայ ժողովուրդը... 30.09.20 |