ԻՄ ՎԻՐԱՎՈՐ ԵՐԿԻՐ ...ՈՐ ՀՈՂԸ ՉԽՌՈՎԻ ՄԵԶԱՆԻՑ ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ Նրանք նամակներ են գրում ռազմաճակատ, սեր ու համբույր փոխանցում անծանոթ սիրելիին: Մեզ համար նրանք բոլորը հերոսներ են: Մենք այստեղ քնում ենք հանգիստ, թվացյալ հանգիստ, բայց մեր մտքերն այնտեղ սահմանին են. նրանցից մեկը մեզ ամուր հիշեցրեց, որ մեր բոլորի տունը սկսվում է մեր սահմաններից... Նրանց ռունգերում վառոդի հոտ է, ձեռքերում կրակ, մահն ամեն րոպե աչքերի առաջ: Պատերազմը ամեն ինչ գլխիվայր շրջել է. էքզիստենցիալ բարդագույն վիճակ, որտեղ կյանքը բացում է մի նոր հարթություն, երեւակում մարդու նոր հատկություններ. այս հերոս տղաներն ամիսներ առաջ ապրում էին ամենասովորական առօրյայով, ու աննկատ էին... Նրանք ասում են, որ այնտեղ դու չես զգում քեզ, դու այլեւս դու չես, կողքինիդ ընկալում ես իբրեւ քո մասնիկ, ու երբ ընկերոջդ էլ կողքիդ չես տեսնում, պատրաստ ես անհնարինի: Նրանք կարդում են մեր նամակներն ու կարոտում տունը, ասում ենՙ ոչնչի պակաս չկա, բայց հացը կուլ չի գնում, ասում ենՙ ուղարկված փաթեթների մեջ ամենից շատ ուրախացնում են աղջիկների նամակները, այնպիսի բանե՜ր են գրում: Հետո ասում ենՙ մեկ էլ այնպես ես ուզում քնել, բայց քունը մեր երկրորդ թշնամին է: Պատերազմը թվում էՙ հաշտեցնում է մահվան հետ, բայց դա հիմա, երբ այն դեռ ընթանում է, իսկ հետո շատ ավելի ծանր է լինելու: Երբ տանդ առաստաղը ճաք է տալիս ու անընդհատ ճեղքը մեծանում ու դու չես վերանորոգում, մի օր փլվում է. եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի, սա հենց այս մասին է, տունդՙ երկիրդ, կարգի բեր, կարգուկանոնի ենթարկիր ամեն անկյուն, կյանքի ամեն ոլորտ: Պատերազմըՙ մարդկության ամենամեծ ողբերգությունը, նրան պարբերաբար ուղեկցող, նույնքան անխուսափելի այդ չարիքը, ատելության քարոզչության, նաեւ ձախողված քաղաքականության ու դիվանագիտության հետեւանք էՙ ներքին ու արտաքին ամենատարբեր գործոններով պայմանավորված: 30 տարիների մեջ արդեն երկրորդ անգամ մեզ պարտադրվում է այս չարիքը, միմյանցից շատ տարբերՙ թիկունքում գտնվողներիս զգացողություններում նաեւ: Նախորդը, որ ղարաբաղյան շարժման ազգային վերելքի ոգեղեն ալիքի վրա բռնկվեց, առաջին հերթին մարտի դաշտ մղեց այդ ոգին կրող ամենաազնիվներին. պատերազմը կուլ տվեց նրանցից լավագույններին: Մոնթե Մելքոնյան, Մովսես Գորգիսյան... անուններ այլեւս ասվածի խորհրդանիշ դարձած: Այն ժամանակ ցուրտ էր, մութ էր, հաց չկար, թիկունքում էլ ամենօրյա գոյատեւումի կռիվ էր, մենք կցկտուր տեղեկություններ ունեինք ռազմաճակատում տեղի ունեցող դեպքերից: Ինֆորմացիա գրեթե չկար, լույս չկար, հեռուստատեսություն չկար, երկար հերթեր էինք կանգնում կրպակների առաջՙ «Ազգ» կամ «Երկիր» թերթերից մի բան իմանալու: Հիմա ճիշտ հակառակն է, ինֆորմացիայի հեղեղ է, ինֆորմացիոն պատերազմ նաեւ, որ ինչպես լավ, նույնքան էլ վատ կողմեր ունի: Յուրաքանչյուր 5 րոպեն մեկ հեռախոսի էկրանին հայտնված նոր լուրը այնպիսի զգացողություն է առաջացնում, ասես մասնակից ես, ասես այնտեղ ես, նրանց հետ. մտային դաշտում այդպես էՙ պատերազմը անմիջական, շատ մոտ է դառնում, ամեն զոհված երիտասարդի հետ քեզանից տանում է մի մասնիկ, եւ սա արդեն 30 օր: Երբ դուրս ես գալիս ու փողոցում տեսնում այդ տարիքի տղաների, հայացքդ խոնարհվում է: Ամեն օր լույսը բացվելուն պեսՙ մանավանդ հրադադարիՙ երեք երկրների ղեկավարների արդեն երրորդ համաձայնությունից հետո, արթնանալուն պես հեռախոսի մեջ դրա իրականություն դառնալու լուրն ես փնտրում, որ մեկնածները տուն վերադառնան, ու մյուսների անհրաժեշտությունը գնալուՙ չլինի: Ավա՜ղ, առայժմ ավա՜ղ: Մենք իշխանություններին մեղադրում ենք անցած տասնամյակների աններելի սխալների մեջ, թե ինչպես անխնա քանդում էին մեր տունը, ինչ խղճով էին ամայացնում մեր սքանչելի լեզուն, աղավաղում, ստորացնում մեր մշակույթը, թե ոնց էին ամլացնում մեր գիտությունը, փոշիացնում ինտելեկտը, քանդում կրթության հիմքերը, փոխում մեր արժեքները, թե ոնց ապաբարոյականության սերմեր էին ցանում ու հրճվանքով սպասում դրանց պտուղներին: Այս եւ ամեն նոր ելույթի, հնչած խոսքի առիթով այս ծանր օրերին սոցցանցերը դարձյալ ողողված են միմյանց վիրավորող գրություններով. այս անհանդուրժողականությունը անգամ պատերազմը ի չիք չի դարձնում, խոհեմության չի կոչում, խոնարհումի չի բերում, որ յուրաքանչյուրն իր ներսում մտածի ու ինքնազննի, թե ինքն իր մասով նպաստե՞լ, կամ թե ինչպե՞ս է կանխել չարիքի այդ սերմերը կյանքի կոչելուն: Շատ են խոսում, թե աշխարհը հիմովին փոխվելու ճանապարհին է, նոր չափումներ, նոր բեւեռներ ու արժեքներ են ձեւավորվում: Լավ կլինիՙ միմյանց բզկտելու փոխարեն դադար տանք ու մենք էլ ուշադիր լինենք այդ փոփոխություններինՙ համընթաց դրանց ուղղելու մեր մտքի սլաքները: Սրա օրինակն այսօր տալիս են սահմանին կանգնած, սեփական կյանքը մոռացած ու վտանգած զինվորը, սահմանային բնակավայրերում երկինքը թշնամու մահաբեր զենքի ապականող տարափի տակ ապրող, սակայն իրենց տունը լքելու մասին երբեք չմտածող, հողին ամուր կառչած, իրենց ամենօրյա գյուղական գործը, աշնանային այգեկութն անող խաղաղ հայ մարդը: Սահմանին կանգնած մեր զավակները ամենից շատ մեր ջերմության կարիքն ունեն, մեր աղոթքների, մեր նվիրաբերումի. պատերազմ է. դաժանՙ տեխնոլոգիական գերառաջընթացի արդյունք մահաբեր զենքերի պատերազմ, հարյուրավոր կյանքեր ակնթարթորեն խլող, ու այդ նույն զենքի անհրաժեշտությամբ հանդերձ նրանց հոգիները կրակների մեջՙ սիրո, ջերմության կարիք ունեն: «Մենք լավ ենք, ամեն ինչ նորմալ է, դուք պինդ մնացեք»,- ասում են էկրանի այն կողմից, բայց ինչ է հոգիների մեջ, միայն իրենք գիտեն... Բնական բայց դաժան ճանապարհով փոխվում են արժեքներ. փայլփլող, փուչ, բեմին թռվռացողների ամբոխն իջեցվում է պատվանդանից, մոտենում է առնական կամքի, ազնվության, կարեկցանքի, մտածող մարդու, ինտելեկտի ժամանակը: Ու որ մարդու կույր աչքը վերջապես բացվիՙ զանազանելու մարգարիտը տիղմից: Հիմա արժեք պարտադրում են 18-ամյա այդ տղաներըՙ ազնիվ ձգտումներով, իդեալներով ու գաղափարներով, կյանքը դեռ չփորձած ու կյանքից դեռ չփորձարկված, մահը աչքերի առաջ, հաղթահարած, բայց միեւնույն էՙ կարոտն աչքերի մեջ... Մենք անմահության ենք ուղարկում մեր նահատակներին. նրանք զոհվում են, որ ապրեն մնացածները, որ հողը չերերա մեր ոտքերի տակ: Մարդիկ, որ գալիս են հիսուն, հարյուր, երեսուն տարին մեկ, գալիս են, որ հողը չփախչի, որ չխռովի մեզանից... Դժվար է ասել, թե այդ պարտքի տակից մենք ոնց ենք դուրս գալու, ո՞նց ենք ապրելու մեր մնացած կյանքը: Ծանր, շատ ծանր է: Գնացողները մեզ թողնում են իրենց կարոտները կիսատ մնացած ջահել կյանքերի, ցավ ու ափսոսանք, որ այսուհետ իբրեւ առաքինության պատգամ հնչեն մեր ներսում, իբրեւ մանիֆեստ դրված լինեն ամեն տեղՙ մշակույթի, գիտության թե կրթության օջախ, ռազմական թե տնտեսական, ամենուրե՛ք: Այդ պատգամ- մանիֆեստը, ներկա ժամանակի այդ դասըՙ արտահայտված կյանքը Երկրին ու ապրողներին նվիրաբերած Սեւակ Մնացականյանի խոսքերում, պիտի անընդհատ հնչի, պիտի վերապրենք, պիտի սերտենք, ապրենքՙ մեր ներսում դրանք մշտապես ունենալու անհրաժեշտությամբ: «Զինվորն այստեղ է մի պարզ պատճառով, որովհետեւ մեր դիվանագետները պարտվե՛լ են, մեր մտավորականները պարտվե՛լ են, մեր արվեստի գործիչները պարտվե՛լ են, մեր գիտնականները պարտվե՛լ են: Յուրաքանչյուրն իր ոլորտում պարտվել է: Դրա համար այսօր հայ զինվորն իր արյունով կանգնած է լինելիության վերջնագծին»: Եվ իրավիճակը շտկելու միակ ճանապարհը - անմնացորդ նվիրումը... Հավերժ խոնարհումի ու նաեւ պարտադրանքի, պարտավորեցումի խոսքեր, որ պահանջում է այլեւս երբեք չկրկնել, այլեւս երբեք չանցնել այդ նույն ճանապարհով: |