ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԵՐՏՈՂՆԵՐՍ ՊԱՐՏՎԵԼ ԵՆՔ ՀԱՅՐԵՆԻՔ ՍՏԵՂԾՈՂՆԵՐԻԴ ԱՌՋԵՎ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբՙ նոյեմբերի երրորդ հինգշաբթին փիլիսոփայի օրն է: Եւ ես Եռաբլուր եմ եկել քեզ հետՙ օրերի իմ բանավեճը վերհիշելով: Դու երեք մասնագիտություն ունեսՙ իրավաբան ես, ավարտել ես Վազգեն Սարգսյան համալսարանը, երկու տարի կամավոր ծառայել ես Մատաղիսում, զինվորական ես, բայց առաջին մասնագիտությունդ քեզ ճարտար լեզվի, հետեւաբար մտքի հետ շնորհ է տվել բոլոր երեւույթներըՙ գոյն ու անգոյը բարձրից դիտելու: Ես փիլիսոփա չեմ, լրագրող եմ, որ քո բնորոշմամբՙ White logic ունի: Դրա համար էլ զենքի տեղ գրիչն եմ ընտրել: Հիմա մեր գրիչը համակարգիչն էՙ տառերը շարվում են արագ, իսկ ամենից ցավալին այն է, որ ձեռագիր էլ չես ունենում... Մեր լրագրությունը, լուսանցքից ֆեյսբուք ցատկ կատարած լրագրությունը, որ «Հաղթելու ենք» խոստումը փոխարինեց խրոխտ «Հաղթել ենք» ավարտված գործողությամբ, Եռաբլուր չի գալիս: Նրա սրբատեղին համակարգչի ստեղնաշարն է, պաշտոնյաների պատիվը խոզանակելը...Եռաբլուրի վրա փոշու ամպ կա, ամեն օր տրակտորն այնքան փոս է փորում, որ դժվար է պատկերացնել, թե այդ կավահողը չի հայտնվում Երեւանի կենտրոնում քայլող մարդկանց հագուստներին, չի նստում կառավարողների սեղանների մակերեսին, չի խցանում նրանցՙ հպարտ ճառասացողների ռունգերը: Եռաբլուրում միայն ծաղկեպսակներն են վառվռուն գույներով ներկում եռագույն դրոշների տակ իրենց սիրուհունՙ պետությանը գրկած մատաղ հոգիները: Սեւազգեստ մարդկանց, զսպված ու փղձկացող լացի, խեղճության ու փառքի ոլորաններում ծանր, ծանրագույն բանը լռությունն է: Եռաբլուր քեզ հետ պիտի գայի, մինչ Շուշի գնալդ խոստացել էի, հիմա քեզ մոտ եմ գալիս ու մոլորվում եմ ու խենթանում եմ ու ինձ կորցնում եմ այսքան անձնազոհ քո սերնդիՙ հող դառնալու փաստից: Ես գիտեմՙ Հողն այսպես դառնում է Հայրենիք: Ու հայրենիքի համար ամեն ինչ գիտակցված զոհաբերողն ամենից ազատ մարդն է, ամենից երջանիկը, քանզի նա հաղթել է մահին, նա անմահն է: Եռաբլուրում հպարտ չենք քայլում, քայլում ենք խոնարհված, քանի որ պետություն կերտողներս պարտվել ենք հայրենիք ստեղծողներիդ առջեւ: Պապիս ծննդավայրը չեմ փրկել, մորական մեծ մայրիկիսՙ թուրքից ողջակիզվածի մաշկի տակ հավաքել եմ իմ լացն ու հույզը, բայց նրա անուն ազգանունը դեռ փնտրում եմ բոլոր հնարավոր մատյաններում: Մեր կորուսյալ երկրի ոչ մի հատված չեմ փրկել, ոչ մի հող չեմ ազատագրել, «զենքն», ասել եմ «իմ գրիչն է», բայց մեղավոր եմ, որ զենք բռնող տղայի մասին չեմ գրել, մեղավոր եմ, որ հավատացել եմ, թե ինձ նման գրիչ բռնողը պետություն էլ կպահի: «Բա այսքան պարտություն կրես ու հաղթել չսովորես»: Մաթեւոսյանի տողն է դոփում ուղեղիս մեջ: Եռաբլուրը քավարա՞ն է: «Ի՞նչ է արել ձեր սերունդը, երբ մեր սերնդին գոյակռիվ է թողել», հարցրիր դու: «Իմ ձրի կրթություն ստացած սերունդն անկախ երկիր է տվել քո սերնդին», ասացի ես: Երկրաշարժի ու շրջափակման, չավարտվող պատերազմի ցավն ու դողը հոգումՙ սիրտ է արել ապրել ու սիրելՙ ծնվել ես դու, քեզ նման պայծառ մի սերունդ, որ անկախ երկրից ստացել է վճարովի կրթության բեռը, անկախ բանակին տվել իր երկու տարին, ու ժառանգել պետություն պահպանելու պարտամուրհակը: Եռաբլուրն աստվածների մեր դամբարանն է, որտեղ բառը երդումն է, ցավըՙ քարացած, իսկ Հայրենիքըՙ հավերժ: Հ.Գ. Բարձրաձայն այս խոհը, որ նոյեմբերի 7-ին անմահացած զարմիկիսՙ Գեւորգ Արշակյանին ուղղված «արդարացումս» էր, պիտի քավեմ մահին հաղթածների մասին պատմելով: |