RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#038, 2020-11-20 > #039, 2020-11-27 > #040, 2020-12-04 > #041, 2020-12-11 > #042, 2020-12-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 04-12-2020



Տեղադրվել է` 2020-12-03 23:55:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 1631, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՆՑՅԱ՞Լ Է, ԹԵ՞ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԷԼ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ Է

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ մղված 44 օրերի պատերազմը հուսահատություն, իրարանցում եւ ենթադրաբար նաեւ քաղաքական անկայունություն առաջացրեց Հայաստանում: Պատերազմը ոչ միայն պատճառ դարձավ, որ մենք կորցնենք Ղարաբաղի տարածքի զգալի մասը, այլեւ կասկածներ առաջացրեց Հայաստանի հետագա գոյության նկատմամբ:

Համավարակը արդեն իսկ ցնցել էր Հայաստանի առողջապահության համակարգը, որն այժմ խնամքի անմիջական կարիք ունեցող հազարավոր վիրավոր զինվորների բեռի տակ կքել է: Մինչ մեղավորներ գտնելու մրցախաղը դեռեւս մոլեգնում է քաղաքական կուսակցությունների շրջանակներում, կառավարության գործունեությունը կաթվածահար է եղել եւ բանակի վերակազմավորման հարցը երկրորդական է դարձել: Խաղաղությունը հաստատվեց որոշակի գնով եւ ինչպես երեւում էՙ վերականգնումը շատ երկար է տեւելու:

Քաղաքական եւ ռազմական զարգացումները շարունակվում են եւ չեն սպասում, որ Հայաստանն իր ներքին խնդիրները կարգի բերի: Խոսքը մասնավորապես վերաբերում է տարածաշրջանում հասունացող երկու ճգնաժամերի, որոնցից առաջինը հակամարտությունն է Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ, որ երկու կողմերին էլ ընդհարման եզրին է մոտեցրել: Երկրորդըՙ Ղրիմի հարցն է: Այս երկու սցենարների հետեւանքում Հայաստանն է՛լ ավելի է տուժելու:

Հայաստանն, ինչպես տեսնում ենք, հայտնվել է թեժ կետում, հզոր գերտերությունների հակամարտության ուղիղ կենտրոնում: Այնպես որ, հակառակ թերություններին, խաղաղության համաձայնագիրը, կարելի է ասել, մխիթարություն էր Հայաստանի համարՙ այն իմաստով, որ պատերազմը մնաց ետեւում, որպես անցյալի իրադարձություն, մինչդեռ նոր ճգնաժամերի հեռանկարը կարող է հանգցնել այդ պլպլացող լույսի շողն անգամ:

Ղարաբաղ վերադարձող հայերը ծաղիկներով եւ քաղցրավենիքով են դիմավորում ռուս խաղաղապահներին Ստեփանակերտում, բայց դա բավարար չէ թաքցնելու համար Ռուսաստանի նոր մտադրությունները ներկայիս ընթացող գործողություններում: Նախագահ Վլադիմիր Պուտինը շատախոս է դարձել վերջերս: Նա փորձում է բացատրել եւ մեկնաբանել, թե ինչու Ռուսաստանը ավելի մեծ օժանդակություն չցուցաբերեց Հայաստանին պատերազմի օրերին: «Foreign Policy» պարբերականում տպագրված Ջեկ Լոշի հոդվածում մեջբերված է Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի հարցերով փորձագետ, «Կառնեգի Յուրոպի» ավագ աշխատակից Թոմաս դը Վաալի խոսքն այն մասին, որ Ռուսաստանը բնավ էլ մարդասիրական գործունեություն չի ծավալում: Նրա նպատակն է վերադառնալ Հարավային Կովկաս եւ հաստատվել այն տարածաշրջանում, որտեղից դուրս էր մնացել:

Ռուսաստանի վերաբերմունքի իսկական բնույթը քողարկված է նրա երկակի խաղում: Պուտինը ցանկանում էր դաս տալ Փաշինյանի վարչակազմին, սանձահարել կամ վերահսկել նրա հակառուսական դիրքորոշումը: Եվ իրոք, 2018-ին իշխանության ղեկն ստանձնելով Փաշինյանն անձամբ եւ իր թիմը կարծես դիտավորյալ կերպով հանդես են եկել ընդդեմ Մոսկվայի: Պուտինի սիրելի, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, գեներալ Յուրի Խաչատուրովի պաշտոնանկությունը, Պուտինի Երեւան ժամանումը անտեսելը, գումարած լրատվամիջոցներում հայտնված հակառուսական ամբարտավան հռետորաբանությունը հունից հանեցին Կրեմլին, եւ Պուտինը «վարձահատույց» եղավ: Բայց Հայաստանն այդ ընթացքում տուժեց սարսափելիորեն:

Ներկայիս, Ռուսաստանի նախագահը ցինիկաբար պաշտպանում է Փաշինյանին, նշելով, որ անարդար է նրան դավաճան բնութագրելը: Բարեփոխված Փաշինյանը, որ ձերբազատվեց իր անպատասխանատու թիմակիցներից, անհրաժեշտ պատանդ է Պուտինի ձեռքում, որպեսզի կարողանա ավարտին հասցնել նրա ստորագրած ամոթալի փաստաթուղթը:

Երկրորդ, Ղարաբաղի պատերազմը Ռուսաստանի համար պատրվակ է ամբողջ ուժով վերադառնալու Ադրբեջան: Ռուսական զորքերի մեծաթիվ քանակն ու զինտեխնիկայի չափը հիշեցնում է մեզ Տիգրան Մեծի խոսքերը Հռոմեական բանակի հասցեին: Տեսնելով Լուկուլլոս-ի զորքերի առաջխաղացումը, հայոց թագավորն այդ ժամանակ բացականչել էր. «Եթե նրանք պատվիրակներն են, ապա չափազանց շատ են, իսկ եթե զինվորներ են, ապա չափազանցՙ քիչ: Այդ «չափազանց քիչը», անշուշտ, հաղթեց նրան:

Բերված օրինակի նմանությամբ նշենք, որ ռուսական խաղաղապահ զորքերի քանակը մոտավորապես կրկնակին է, ինչ ենթադրվում էր (1960), եւ հագեցած է ամենաարդիական զինատեսակներով, ավելին քան անհրաժեշտ է խաղաղությունը պահպանելու համար: Եվ ռուսական զորքերի արագ տեղակայումը նման էր մարտադաշտում դեսանտ իջեցնելուն: Այնպես որ, պետք է ենթադրել, որ Ռուսաստանը երկար ժամանակ է մնալու Ադրբեջանի տարածքում: Առայժմ, Պուտինն այն տպավորության տակ է, որ կարողացել է խորամանկությամբ գերազանցել նախագահ Էրդողանին: Բայց դա երկար չի կարող տեւել: Էրդողանը պակաս Մաքիավելի չէ: Նա արդեն իսկ կարգադրել է, որ իր հլու-հնազանդ խորհրդարանը վավերացնի Ադրբեջանում թուրքական զորքերի տեղակայումը, որպես հակակշիռ ռուսական ներկայության:

Հակառակ Պուտինի եւ Լավրովի հավաստիացումներին, որ թուրքական զորքեր չեն լինելու խաղաղապահների շարքերում, Էրդողանն ու Ալիեւը պնդում են, որ լինելու են: Ինչպես տեսնում ենք, Հայաստանի եւ Ղարաբաղի ճակատագրերը բախվելու են այս երկու մրցակիցներիՙ հանուն տիրապետության մղվող պայքարին:

Առավել անհանգստացնող է Հայաստանի անմիջական սահմանին, Իգդիր քաղաքի մոտակայքում թուրքական զորամիավորումների կենտրոնացումը: Նախիջեւանում թուրքական մնացորդային ուժերն ու Իգդիրի զորամիավորումները տագնապալիորեն հեշտ թիրախ են դարձրել բուն Հայաստանը:

Թուրքիան պարզորոշ կերպով ցույց է տվել Ադրբեջանում երկար մնալու իր ծրագրերը: Նա արդեն 7.700 արաբ սուննիների եւ թուրքմեն վարձկանների է հավաքագրել, որ տեղավորվեն Ղարաբաղում, ահաբեկելու նպատակով Ստեփանակերտ վերադարձող հայերին: Բայց նա ունի նաեւ մեկ այլ նպատակ: Ծրագրում է ժողովրդագրական փոփոխություն կատարել ադրբեջանական տարածքում արմատավորելով սուննիների հինգերորդ շարասյունը: Վաղ թե ուշ Ադրբեջանի մեծամասնական շիա բնակչությունը գլխի է ընկնելու, որ Թուրքիան իրենց երկիր է ներխուժել որպես նվաճող եւ ուրեմն անհրաժեշտ է ապստամբել: Հենց այդ պարագայում էլ Թուրքիան օգտագործելու է իր այդ հինգերորդ շարասյունը պայքարելու համար շիա ազգաբնակչության դեմ:

Նախագահ Էրդողանը հույսը դրել էր Թրամփի վերընտրության վրա: Այժմ նա պետք է փորձի վստահությունը շահելու նորընտիր Բայդենի վարչակարգի: Նա կարող է հաջողության հասնել այդ հարցումՙ նվազեցնելով լարվածությունը Եվրոպայում, որտեղ նա անխնա եւ թշնամական էր եղել ցարդ: Թուրքիան օտարացրել է ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանին եւ Եվրոմիության անդամ Կիպրոսին այն աստիճան, որ վրդովեցրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որ ամենաակտիվ պայքարողն է Էրդողանի նկրտումների դեմ:

Ի դեպ, Ֆրանսիայի սենատի ոչ-պարտավորեցնող քվեարկությունը հօգուտ Ղարաբաղի անկախության ճանաչման անհրաժեշտության շառաչուն ապտակ էր Թուրքիային: Դրան շուտով ավելանալու են Եվրոմիության պատժամիջոցները: Գերմանիայի Բունդեստագում ղարաբաղյան բանաձեւի ընդունման ճնշումներն օրեցօր ավելանում են: Այնպես որ, Էրդողանը կարող է իրեն սիրելի դարձնելՙ նվազեցնելով լարվածությունը Եվրոպայում եւ ՆԱՏՕ-ում, իր գործողությունները վերափոխելով դեպի այնպիսի թիրախներ, որոնք համահունչ կլինեն Ամերիկայի նոր վարչակազմին:

Մյուս կողմից, Էրդողանի կառավարությունը կուլիսների ետեւից փորձում է վերականգնել Իսրայելի հետ իր հարաբերությունները, մի բան, որ ողջունելի կլինի Բայդենի նորաստեղծ թիմի համար:

Բայդենի թիմը ծրագրում է համոզել Իրանին, որ վերանայի միջուկային պայմանագիրը, եւ Թուրքիան այդ հարցում կարող է դրական դերակատարություն ունենալ: Մյուս թիրախը, անշուշտ, Ռուսաստանն է, որին Կովկասում կարող է նեղել Թուրքիան, ի գին Հայաստանի: Իսկ երրորդ թիրախը Ուկրաինան է: Թուրքիան արդեն իսկ Կիեւի հետ համաձայնության է եկել Ղրիմը խլելու Ռուսաստանից:

Բայդենի իրանյան ծրագիրը կարող է ձախողվել, եթե դեռեւս պետքարտուղար Մայք Պոմպեոն եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն որոշեն հարվածել Իրանին, նախքան որ Բայդենը ստանձնի իշխանությունը: Իրանի միջուկային ծրագրի գիտնականներից Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունը այդ մտադրության նախանշանն էր: Ղարաբաղյան բարեկամական ուժերի դուրս բերումը իրանյան սահմանից ավելի լայն հնարավորություն է ընձեռում Իսրայելին իրագործելու իր հետախուզական եւ ռազմական գործողությունները տարածաշրջանումՙ դարձյալ ի գին Հայաստանի:

Ներկայիս, Իսրայելի ռազմավարությունը մշակողները գոհ են եւ արդարացված են զգում, որ օգնեցին Ադրբեջանին հաղթելու հայկական ուժերինՙ ԱԹՍ-եր վաճառելով Բաքվին: Համաձայն ASB ռազմագիտական խորհրդի աշխատակից զինվորականի զեկույցիՙ «Հայերի կյանքն էր դրված բանակցությունների սեղանին: ԱՄՆ-ն, Իսրայելն ու Թուրքիան մի նոր ցեղասպանություն սանձազերծեցին հայերի, նրանց պատմության, մշակույթի եւ ապագայի դեմ: Պատերազմի մեքենան կանգ չի առել դեռ, սպառնալիքը շարունակում է, եւ հայ ժողովուրդն է վճարել եւ շարունակելու է վճարել այդ գինը»:

Ցարդ միակ ծրագիրը, որ ժամացույցի ճշգրտությամբ աշխատում է, եղել է ռուսական զորքերի տեղակայումը: Շփոթմունքը շարունակում է մնալ համաձայնագրի 9 կետերից մնացած 8-ում, այդ թվում գերիների փոխանակման եւ անհետ կորածների հարցերում:

Ալիեւի վարչակազմը ցինիկաբար անորոշ վիճակում է պահում փոխանակման հարցը, որպեսզի առավել ցավ պատճառի հայ ընտանիքներին:

Ղարաբաղցիներից շատերն են լքել իրենց քաղաքն ու տները: Ոչ ռուսական իշխանությունները, ոչ էլ հայկական կառավարության ներկայացուցիչները չեն կարողանում այդ տեղահանվածներին հստակ տեղեկացնել, թե որ քաղաքներն են հանձնվելու Ադրբեջանին եւ որոնք են մնալու հայերի իշխանության ներքո: Սա մարդասիրական աղետ է առաջացրել:

Ռուսական ուժերը հիմնականում մտահոգված են հայերի Ստեփանակերտ վերադարձի հարցերով, բայց ոչ հանուն այլասիրության, այլ այն պատճառով, որ միայն Ստեփանակերտի վերաբնակեցման պայմաններում արդարացված կլինի խաղաղապահների ներկայությունը: Եթե հայերը չվերադառնան իրենց տները, խաղաղությունը պահպանելու կարիք չի լինի:

Նախագահ Պուտինն ու արտգործնախարար Լավրովը նշել են, որ Ղարաբաղից հայերին մնացած տարածքների կարգավիճակի հարցը դեռեւս որոշված չէ եւ դրան անդրադարձ կլինի հետագայում: Եթե ԵԱՀԿ Մինսկի խումբը ծրագրվածի համաձայն վերստին ստանձնի բանակցություններ անցկացնելու գործընթացը, պետք է զբաղվի երեք սկզբունքներից մնացածՙ ինքնորոշման հարցով: Ադրբեջանը, որ խախտել է ուժի օգնությամբ կարգավորումը բացառելու սկզբունքը, պետք է պատասխանատվության ենթարկվի:

Մոսկվան կարծես այնքան էլ ոգեւորված չէ քննարկելու կարգավիճակի հարցը, որի պատճառների մասին արձագանքներ հայտնվում են ռուսական մամուլում: Ակներեւ է, որ Մոսկվան մտադիր է գործադրել Վոլսկու ծրագիրը: Արկադի Վոլսկին Մոսկվայի հատուկ բանագնացն էր Ղարաբաղում 1989-ին, երբ սկիզբ էր առել ղարաբաղյան շարժումը: Այդ ժամանակ նա առաջարկել էր Ղարաբաղը Ռուսաստանի վերահսկողության տակ վերցնել: Առաջարկը կտրականապես մերժել էր Հայաստանը: Բայց եթե որպես նախադեպ վերցնենք իր «մոտիկ հարեւանների» հետ մինչ օրս վարած Մոսկվայի քաղաքականությունը, ապա պարզ կդառնա, թե դեպի ուր է առաջնորդում այս անորոշ ձգձգումը:

Երբ Ռուսաստանը Աբխազիան եւ Հարավային Օսեթիան խլեց Վրաստանից, առաջարկեց Ռուսաստանի քաղաքացիություն շնորհել այդ տարածքների բնակիչներին: Դրանով նա իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու պատրվակով մտադիր էր պահպանել իր ներկայությունը այդ վայրերում, նույնիսկ եթե Վրաստանը մի օր վերականգներ իր տարածքային ամբողջականությունը: Նույն ձեւով էր վարվել, տասնամյակներ առաջ, Թուրքիան Կիպրոսումՙ գրավելով կղզու մեկ երրորդ հատվածըՙ թուրք փոքրամասնությանը պաշտպանելու պատրվակով:

Երբ թոհուբոհն ավարտվի եւ հայերը կանգնեն Ադրբեջանի՞, թե՞ Ռուսաստանի քաղաքացիություն ընտրելու փաստի առաջ, նրանք անշուշտ նախընտրությունը տան երկրորդ տարբերակին: Ակներեւ է, որ այդ ընտրության առջեւ նրանք վաղ թե ուշ կանգնելու են, քանի որ Բաքուն առաջինն է պահանջ դնելու, որ ռուսական զորքերը հեռանան իր երկրի տարածքից անմիջապես որ նրանց լիազորությունների հինգ տարին ավարտվի:

Ներկայիս բոլորի հայացքը ուղղված է Մոսկվայինՙ տեսնելու համար, թե ինչպես է ավարտվելու այս խառնաշփոթը: Հայաստանը պետք է վստահ լինի, որ թուրքական զորքերի հնարավոր շրջափակման մեջ չի հայտնվի: Նախագահ Արմեն Սարգսյանն արդեն Մոսկվայում է Ռուսաստանի հայերի աջակցությունը հայցելու նպատակով: Իր հանդիպումների ընթացքում, ռուսահայերի վերնախավը նրան հասկացրել է, որ պահանջում է Փաշինյանի հրաժարականը եւ իշխանության հանձնումը խնամատար մի կառավարության մինչեւ նոր ընտրությունների անցկացումը առավել խաղաղ ժամանակներում:

Միայն ազգային միասնության հիման վրա կազմված կառավարությունը կարող է հանձն առնել իր ձեռքերում վերցնել Հայաստանի վերականգման աշխատանքների ծանր բեռը: Եթե բնակչությանը անմիջական հույս չներշնչվի, ապա արտագաղթը ավելի մեծ թափով է առաջ գնալու: Բացի ներքին կարգուկանոնը հաստատելուց, Հայաստանը նաեւ պարտավոր է ուշի-ուշով պահպանելու իր սահմանները, որոնք թուրքական զորքերի անմիջական նշանառության տակ են գտնվում:

Հավատացած էինք, որ պատերազմն արդեն ավարտված է, անցյալ է, բայց պարզվում է, որ այն առաջիկայում էլ դեռ շարունակվելու է:

Անգլ. թարգմանեցՙ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ (The Arm. Mirror-Spectator)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 04-12-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ