ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՆԻՐՎԱԾ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՐՑԵՐԻՆ ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, Տեխնիկական գիտությունների թեկնածու 2020թ. նոյեմբերի 26-27-ին հեռավար ձեւով տեղի ունեցավ Վերականգնվող եւ մաքուր էներգիայի 7-րդ միջազգային համաժողովը «Էներգիա ապահով ապագայի համար» Հայաստանի ցածրածխածնային զարգացումը. գիտություն, նորարարություն եւ կիրառություն թեմայով: Համաժողովին իրենց մասնակցությունն էին բերել եւ ելույթ ունեցան Հունաստանից, Ավստրիայից եւ այլ երկրներից մասնագետներ եւ գիտնականներ: Զեկուցումներ լսվեցին էներգիայի կոնսերվացման մեթոդների, արեւային ֆոտովոլտայիկ մոդուլների ավտոմատացված մաքրման համակարգերի, կենսազանգվածի նոր հնարավորություններիՙ որպես մաքուր վերականգնվող էներգիայի աղբյուրի եւ այլ հարցերի շուրջ: Տողերիս հեղինակի զեկուցումը նվիրված էր Հայաստանում եւ Արցախում այլընտրանքային էներգիայի օգտագործման եւ հետագա զարգացման խնդիրներին: Մասնավորապեսՙ Հայաստանում արեւային էներգիայի զարգացման մի շարք խնդիրների, ինչպես նաեւ Արցախի հիդրոէներգետիկայի վիճակի մասին պատերազմից առաջ եւ հետո: Ընդգծվեց, որ մի շարք հիդրոէլեկտրակայանների հիդրոուժային սարքավորումները, գեներատոր, տուրբին եւ այլն, ապամոնտաժվել են եւ տեղափոխվել Հայաստան: |