RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#038, 2020-11-20 > #039, 2020-11-27 > #040, 2020-12-04 > #041, 2020-12-11 > #042, 2020-12-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 04-12-2020



Տեղադրվել է` 2020-12-03 23:55:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 757, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱՐՏՎԱԾ ՂԵԿԱՎԱ՞Ր, ԴԱՎԱՃԱ՞Ն, ԹԵ՞ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ԱՌԱՋՆՈՐԴ

ԳԵՎՈՐԳ ՄՈՂՐՈՎՅԱՆ, ՀՊՄհամալսարանի Հեռուստառադիոլրագրության 3-րդ կուրսի ուսանող:

Հայաստանում օր-օրի սրվում է ներքաղաքական իրավիճակը: Ակներեւ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը, բոլորիս հայտնի պատճառներով, երկրում այլեւս չունի այն իշխանությունը, որը նախկինում էր: Գնալով մեծանում է հասարակության այն զանգվածը, որը դեմ է Փաշինյանի պաշտոնավարմանը եւ պահանջում է օր առաջ նրա հրաժարականը: Քիչ չեն նաեւ վերջինիս աջակիցները, ովքեր անկախ ամեն ինչից շարունակում են սատարել նրան: Վերջիններս դրա համար ունեն մի քանի հիմնավորումներ: Մասնավորապես այն` որ ներկա իշխանությունները նախկիններից լավն են ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականով իշխանության կվերադառնան հները: Բացի այդ, ներկայիս վարչապետին սատարում են նաեւ իր ստեղծած ժողովրդավարական կերպարի համար:

Այս օրերին հայ հասարակության կողմից ամենից արծարծվող թեման շարունակում է մնալ Փաշինյանի հրաժարական տալ-չտալու հարցը : Նկատելի է, որ օրեցօր մեծացող բողոքի ալիքը սեւ ամպեր է կուտակել ոչ միայն Փաշինյանի, այլեւ իր թիմի գլխին: Նրա թիմակիցներից արդեն շատերը լքում են խորտակվող նավը, որոշներն էլ` մտածում դրա մասին:

Այն նույն ժողովրդի մեծամասնությունը, որ երկու տարի առաջ Փաշինյանին դարձրեց վարչապետ, այսօր նրան դավաճան կամ լավագույն դեպքում պարտված ղեկավար է համարում:

Սակայն պարզ է մեկ բան` ներկայիս իրավիճակի հանգուցալուծումը, իշխանության գնահատականը ու վճիռը, ինչպես 2018-ին, պետք է կայացնի ժողովուրդը, քանզի Հայաստանը ժողովրդավարական պետություն է:

Զրուցելով համաքաղաքացիների հետՙ փորձեցինք պարզել, թե ի՞նչպես են նրանք վերաբերվում ստեղծված ներքաղաքական դժգույն իրավիճակին ու հարցի ի՞նչպիսի լուծում են տեսնում:

Երեւանի բնակիչ 42-ամյա Աշոտ Մուրադյանը մեզ հետ զրույցում նկատեց. «Փաշինյանը պետք է հեռանա ոչ թե որպես դավաճան, այլ պարտված առաջնորդ: Ես եղել եմ այն մարդկանցից, որոնք 2018-ին փողոց էին փակում, մասնակցում ցույցերի,աջակցելով Փաշինյանին,բայց այսօր ես լիովին հուսախաբ եմ եղած: Կարծում եմ, որ Փաշինյանը պարզապես թույլ ղեկավար է: Նա երկու տարում չկարողացավ ապահովել առաջընթաց եւ անհեռանկարային գործողությունների պատճառով գնաց նման խայտառակ պայմանագրի ստորագրմանը, որով կորցրեցինք Արցախը: Հիմա նա ի՞նչպես պետք է միջազգային հանդիպումների ժամանակ առերեսվի Ալիեւի հետ: Այս հանգամանքը միայն հերիք է, որ Փաշինյանը չշարունակի ղեկավարել»:

Մեր զրուցակիցներից Արմինե Հակոբյանն էլ պարտության մեջ մեղադրում է ոչ թե Փաշինյանին, այլ նախկին ղեկավարներին.« Այս ամենի մեղավորը ոչ թե Փաշինյանն է, այլ նախկին իշխանությունները: Արցախի տարածքների հարցը վաղուց էր որոշված, պարզապես ամեն բան ջարդվեց այս խեղճի գլխին: Փաշինյանը ոչ թե դավաճան է,այլ ագզասեր ու ազգանվեր ղեկավար: Նա գործնականում երկու տարվա ընթացքում չէր կարող այնպես զինել բանակը, որ խուսափեինք նման զարգացումներից: Այս ամենի մեղավորները նախկին պաշտոնյաներն են, որոնք բանակը զինելու փոխարեն, այդ գումարները գռփել են եւ միլիարդներ կուտակել: Եթե Փաշինյանը չգնար այդ պայմանագրի ստորագրմանը, ապա մենք կունենայինք էլ ավելի մեծ թվով զոհեր եւ կկորցնեինք այն տարածքները, ինչը հաջողվել է պահպանել: Ես եւ իմ ընտանիքը սատարել ու սատարում ենք Փաշինյանին եւ այլ մարդու այդ պաշտոնում պազապես չենք տեսնում»:

Հարցումները ցույց տվեցին,որ կա մարդկանց մի այնպիսի զանգված նաեւ, որը դեմ չէ Փաշինյանի հեռանալուն, սակայն ոչ հիմա:

«Փաշինյանը իր բոլոր լավ եւ վատ կողմերով հանդերձ պարտության սիմվոլ ու ծաղրի առարկա է դարձել մեր թշնամի Ադրբեջանում, ու սա միայն բավական է, որ նա հեռանա: Բայց ոչ հիմա, այլ մի որոշ ժամանակ անց, որովհետեւ երկրում կսկսվի էլ ավելի անկայուն վիճակ: Բացի այդ, մենք այսօր ունենք շատ ավելի կարեւոր հարցեր, ինչպիսիք են` հայ ռազմագերիներին օր առաջ հայրենիք վերադարձնելը, անհայտ կորած զինվորներին գտնելը, թշնամու կողմում մնացած զոհված հերոսների դիերի դուրս բերումը: Այս ամենի թիվ մեկ պատասխանատուն հենց Փաշինյանն է եւ նա դեռ պետք է մնա,լուծի այս խնդիրները,այնուհետեւ մտածի հրաժարականի մասին»,- մեզ հետ զրույցում նշեց պատերազմի մասնակից Հակոբյան Արմանը , որ օրեր առաջ է տուն վերադարձել ռազմաճակատից:

Այսպիսի տեսակետներ են հիմնականում հնչում մեր հանրության շրջանում: Փողոցներում, համացանցում, սոցիալական հարթակներում,կարելի է ասել ամենուր ակտիվորեն քննարկվում է իշխանափոխության հարցը: Եթե պատերազմի ժամանակ բոլորը ռազմագետ էին դարձել, այս օրերին քաղաքագետ են :

Այս պարագայում կարեւորվում է այն, որ առանց այդ էլ հետպատերազմական ծանր շրջանում, ժողովրդի մեջ, քաղաքական տարբեր ու հակասական կարծիքներ ունենալու պատճառով չլինեն բախումներ, պառակտումներ, ատելության եւ թշնամական տրամադրություններ:

Պարտավոր ենք գիտակցել, որ մեզ բոլորիս միավորում է ոչ թե վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, անկախ այն բանից թե ով կլինի նա, այլ մեր հայրենիքը, որի տերն ու տիրականը հայ ժողովուրդն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 04-12-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ