RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2021-01-15 > #002, 2021-01-22 > #003, 2021-01-29 > #004, 2021-02-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 22-01-2021



Տեղադրվել է` 2021-01-25 13:10:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 4798, Տպվել է` 426, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՏԱՌՈՑ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Առանց վալերիանկայի այլեւս հնարավոր չէ ոչ լրաշարին, ոչ Ազգային ժողովի նստաշրջանին, ոչ միջազգային նորություններին հետեւել, որոնցից բոլորից էլ բացասական լիցքեր են թափվում բոլորիս վրա։ Ահաՙ Թրամփը գնալիս հասցրել է Թուրքիային թույլատրելՙ իր երկրի ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգությունն իրենով անել, ՄիԵԴ-ը հաստատել է Բաքվի այն պնդումները, թե Հադրութի շրջանում մոտ 6 տասնյակ հայ գերեվարվածները ահաբեկիչներ են, Լավրովը պատերազմի մեղքն ամբողջովին բարդում է Հայաստանի վրա եւ խուսանավում Արցախի կարգավիճակի հարցի հստակեցումից, եւ այլն։ Հայաստանի լրատարածքում առկա ցնցումային հրապարակումների հետին ենթատեքստը բոլոր կողմերից մանիպուլացնում է հասարակ հայ մարդու ենթագիտակցությունը, մղում անհուսության։Կարծես Հայաստանում ապրողների ենթագիտակցության վրա փորձում են ազդել բոլորըՙ թշնամի ու դաշնակից, միայն թե իրենց ուզած որոշումները պարտադրեն։ Գումարած մեր ներսի մոդերատորները։

Միքայել Մինասյանի հրապարակումները քանի գնում ավելի են համոզում նրանում, որ պայմանավորվածություն է եղել իշխանությունը վերադարձնելու, ու դա դրժվել է, մանավանդ վերջին հրապարակումը Արարատ Միրզոյանի ՙ կրկնակի գործակալ լինելու մասին, որի հերքումն ու ԱԱԾ-ում այդ վերաբերմամբ արտահոսքի ծառայողական քննություն սկսելու լուրերի հակասականությունը շփոթեցնում է հասարակությանը, ստիպում իրեն զգալ փորձակենդանու դերում, որի վրա ամենատարբեր հոգեբանական միջոցներոով փորձեր է անումՙ ով հասնում է։ Ի վերջո վիրավորական է ապրել մի երկրում, որտեղ լրատվական պարզունակ խաբեությամբ իրականությունը թաքցնելովՙ երկիր են հանձնում ու քեզ դարձնում պարտված երկրի անարժանապատիվ քաղաքացի, որտեղ երկրիդ երկրորդ դեմքի մասին կեղծ կամ իրական (երկուսն էլ ի վերջո հնարավոր են) փաստաթուղթ են հրապարակում, թե Թուրքիայի եւ Հայաստանի միաժամանակյա գործակալ էՙ էս աստիճանի մանկապատանեկան հակասությամբ լուրը դարձնելով ԶԼՄ-ների գլխավոր նյութ։ Մի երկիր, որի համացանցի լրապտույտով գործակալ են բոլորըՙ առաջին դեմքերը, առաջին դեմքերի կանայք, ով ասես, Հայաստանն ընդհանրապես գործակալներով վխտացող երկիր է դարձել,ու բոլորն այս հակասական ժամանակի պղտոր ջրերում իրենց սրտի ուզած ձուկն են որսում։ Մյուս կողմիցՙ արտահոսքեր կային, որ ԱԺ խոհանոցում հնարավոր է համարվել Արարատ Միրզոյանիՙ վարչապետի թեկնածու առաջադրելու հարցը թիմի ներսից, եթե վարչապետը հրաժարական տա, դե իսկ մյուս տարբերակը երկու անգամ նոր վարչապետ չընտրելուց հետո ԱԺ ինքնալուծարումն է։ Այս դեպքում նույնիսկ դպրոցականն էր սպասում կոմպրոմատ Արարատ Միրզոյանի վերաբերյալ։ Նույնիսկ եթե դա ոչ թե հերյուրանք, այլ ճշմարտություն լինիՙ ապա կվկայի Հայաստանի անվտանգության չգոյության մասին երկար տարիներ, որը խոսում է պետության որակի մասին եւ նախկինների, եւ ներկաների օրոք։ Զարմանալի է, որ ուշանում են Կարեն Կարապետյանի կամ Ռոբերտ Քոչարյանի ՙ այս կամ այն երկրի գործակալ լինելու վերաբերյալ արտահոսքերը, քանի որ, օրինակ, Կարեն Կարապետյանի մասին համացանցային բադիկ լուրեր կան, թե նա ուղարկվելու է Հայաստան, իր շուրջ քաղաքական հենարան ձեւավորի ու վարչապետ դառնա։ Կամՙ Էդմոն Մարուքյանի վերաբերյալ, որը չի թաքցնում, որ վարչապետի հրաժարականի դեպքումՙ իր գլխավորած խմբակցությունն իրեն վարչապետի թեկնածու է առաջադրելու։ Ամեն դեպքումՙ գործակալ-ղեկավարներ ունենալու համացանցային (եւ ոչ միայն) զրույցները պարզապես կազմալուծում են սովորական հային, իսկ կոկրետ Արարատ Միրզոյանի դեպքումՙ զրոյացրին նրա վարչապետ դառնալու շանսը։

Ինչ էր կատարվում խորհրդարանում այս շաբաթ

Միքայել Մինասյանիՙ արդեն հոգնեցնող գրառումներից վերջինի մի դրույթի հետ ստիպված ենք ակամայից համաձայնելՙ պատերազմից երկուսուկես ամիս անց Ագային ժողովի գարնանային նստաշրջանի առաջին նիստի օրակարգի մի քանի տասնյակ հարցերից եւ ոչ մեկը չէր վերաբերում երկիրը նվաստացրած երկու եռակողմ հայտարարությունների թերասացությունները կամ ակնհայտ սխալները վեր հանելուն, գնահատականներ տալուն դրանց, կամ այդ գնահատականների օրենսդրական հիմքն ապահովելուն։ Խորհրդարանական կառավարման երկիր սեպվող Հայաստանում հենց խորհրդարանական մեծամասնությունն այդպես էլ ուժ չի գտնում իր մեջՙ ստանձնելու երկրի անվտանգությունն ապահովող քայլեր, վերջապես իրոք խորհրդարանական պետություն դարձնելու երկիրը, ազատագրվելով գործադիրի ղեկավարի կցորդը լինելուց, որպիսին չէ սահմանադրական գրվածքով։ Այս նստաշրջանին արդեն հենց մեծամասնական պատգամավորները պետք է օրակարգը ողողած լինեին հումանիտար միջազգային կոնվենցիաների հղումներով գերիների կարգավիճակը հստակեցնող (ի պատասխան Ալիեւիՙ մեր գերիների մի մասի ահաբեկիչ լինելու թեզի) եւ միջազգային հանրությանն ու իրավասու միջազգային ատյանին դիմող բանաձեւով, սահմանազատումն եւ սահմանագծումըՙ Հայաստանի օրենսդրությանն ու Սահմանադրությանը զուգահեռելուն, դրանք ներկա մեթոդներով եւ թշնամու պարտադրանքով վերուվարելն արգելելուն ուղղված նախաձեռնություններով, հաղորդուղիների ապաշրջափակման տնտեսական վտանգներն ու առավելությունները նկարագրող հայտարարություն ընդուներ, Արցախիՙ հայերին մնացած տարածքից Արցախի անվտանգության երաշխավոր Հայաստանի ուղարկած զինծառայողներին դեկտեմբերին գերի վերցրած ադրբեջանցիների քայլերի հակաօրինականությունը դատապարտեր եւ այլն։

Եւ էլ ավելի կարեւորՙ որեւէ ձեւաչափով այն հարցերն առանձացնելով, որոնցով պետք է ողջ դիվանագիտական եւ օրենսդրական կորպուսները հիմա հրատապ զբաղվեինՙԱդրբեջանի դեմ հայցեր ներկայացնելով միջազգային դատարաններՙ հայ մարդկանց կյանքի, բնակության իրավունքների, տարածքների կորստյան, ենթակառուցվածքների ավերման վերաբերյալ, որպեսզի մեր երկիրը չդառնա լկտի ավերողի ու մարդասպանիՙ համանման հայցերի պատասխանող կողմ սոսկ, ու հետո ընկնի շատ հավանական միլիարդավոր դոլարների փոխհատուցման տակ։ Այստեղ պետք էր ընտրել հարձակվելով պաշտպանվելու տարբերակը, մինչդեռ Ադրբեջանն այստեղ արդեն առաջ է ընկելՙ այդ կարգի հայցով դիմելով ՄԻԵԴ։

Չէ, մերոնք արագ-արագ, ասես ճակատագրական ոչինչ չի կատարվել հայերիս հետ, հակակոռուպցիոն կոմիտեի եւ հակակոռուպցիոն մասնագիտական դատարարնների վերաբերյալ օրենքների նախագծեր էին քննարկում, հսկայական չօգտագործված հողեր հանձնելով Ալիեւինՙ Հայաստանի չօգտագործվող հողերի գույքագրման նախագիծ մեջտեղ բերում, իբր հետո արդյունավետ օգտագործման խնդիրները լուծելու համար։

Ոչ ոք խորհրդարանում Արարատ Միրզոյանին չհարցրեց, թե լավ, ինչ է մտածում ԱԺ նախագահըՙ իր մասին սարսափելի փաստաթղթի մասին, դե պատկերացրեք անցած խորհրդարանում Նիկոլ Փաշինյանն այդ հարցը չտար ԱԺ նախագահին, եթե ԱԺ նախագահի մասին այդպիսի լուր լիներ։ Ոչ ոք չխոսեց Ալիեւի սպառնալիքներից ու փետրվարին Հայաստանին մոտիկ անցկացվելիք զորավարժություններից, խորհրդարանի միջանցքներում լրագրողներին ասելով,թե բա զորավարժություններից շատ մի վախեցեք, ռազմատենչ հայտարարությունները դուր են գալիս Ալիեւին, նա որպես հաղթող կողմՙ շարունակում է հաճույք ստանալ դրանցից։ Եւ որՙ այսօրվա իրողություններն այնպիսին են, որ անվտանգության համակարգը եւ Ռուսաստանի զինված ուժերի ներկայությունը որեւէ հեռանկար չեն տալիս այդ հայտարարությունները իրագործելու։ Տո լավ, է, բա այդպե՞ս էիք մտածում նաեւ Նախիջեւանի ադրբեջանաթուրքական զորավարժությունների ժամանակ, դուք ադեկվատ ե՞ք, չե՞ք նայում, թե իրենց ժողովրդին ինչ քարտեզներ ու ինչ կարգախոսներ են առաջարկում ալիեւները։ Չեք կարծո՞ւմ, որ սխալվում եք նաեւ այս անգամ, իսկ նոր պատերազմի հավանականությունը, իր աշխարհաքաղաքական համատեքստով, շատ հնարավոր է։

Ճիշտ է, խորհրդարանական ընդդիմությունն առաջարկներ ուներ ե՛ւ պատերազմի պատճառները քննելու, ե՛ւ վարչապետի հրաժարականի մասին խոսելու, բայց խորհրդարանական մեծամասնությունը դա մերժեց, այդպիսով հավասար մեղսակից դառնալով մի վիճակի համար, որի մասին, վստահ եմ, մինչեւ հիմա էլ գիտե այնքան, որքան ես։

Իսկ ահա ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի չորս ժամը, որ վերածվել էր վարչապետ Փաշինյանի ասուլիսի, ու բազմաթիվ կեռմաններ ունեցող նրա պատասխաններով, ավելի շատ հարցեր առաջացրեց, քան մինչեւ այդ չորս ժամն էր։ Օրինակ այս կարգիՙ արդյոք նախկին Քյարքինՙ Տիգրանաշենը, պահանջում է թշնամին, եւ արդյոք մենք պետք է պահանջե՞ նք Արծվաշենը։ Միաժամանակ հստակ ցուցանելով այն մեկ եւ արդեն բազմիցս պատասխանված հարցի պատասխանը, որ նա, իրոք, չի կարող գոնե այս պահին շարունակել վարչապետել, քանի որ լիարժեք չգիտե մեր շանն առաջ տանելու եղանակները (չգիտենքՙ նրա մոտ ձեւավորված համոզմունքի, թե՞ գիտելիքների պակասի պատճառով)։ Եւ հնչող պատասխանների խուճուճ բավիղներում, միեւնույն է, այդպես էլ չկան ուղիղ պատասխանները, թե ինչո՞ւ չենք կարողացել իրագործել եռակողմ հայտարարությանՙ ռազմագերիների վերադարձի «բոլորը բոլորի դիմաց» փոխանակման կետը, ինչո՞ւ ենք դառել Ալիեւի քմահաճույքների գերին, ինչո՞ւ վարչապետը վերջապես ինքնակամ չի հրաժարվում իշխանությունից, քանի որ չի կարողանում այնպես տանել բանակցությունները, որ լիարժեք արդյունք գրանցի։ Կամՙ հաղորդուղիների ապաշրջափակում անվան տակ հարվածի տակ չդնի բուն Հայաստանի սահմանները, Շուշիի հանձնումը չպայմանավորի իննսուն տոկոս ադրբեջանցի բնակչության վերադարձով, եւ ռուսին ու թուրքին դեմ տա խորհրդային տարիներին Շուշին հայերից էթնիկ զտման ենթարկելու փաստը։

Արդեն ելքեր գտնելն էլ դժվար է

Չգիտեմՙ ինչ կարելի է առաջարկել այս անգամ, ամեն անգամ, մեր հրապարակոմներում ելքերի որոնման մեր տարբերակների մասին միշտ խոսել ենք։ Համոզված ենք, թեեւ, որ ելքերից ոչ մեկը լիարժեք արդյունք այս պահին չունի։ Դե ասենքՙ խորհրդարանական խմբակցությունները երեկվա ԱԺ ճեպազրույցներում էլի պնդում էին վարչապետի հրաժարականի անհրաժեշտության մասին, ԲՀԿ-ն էլի խոսում էր, որ տարաձայնություն չունեն Տասնյոթի հետ, սակայն ամբողջ խնդիրն այն է, որ հրաժարականից հետոյի պատկերացումներն են տարբերվումՙ ԼՀԿ-ն իր վարչապետացուն ունիՙ Էդմոն Մարուքյանը ։ ԲՀԿ-ն էլի համոզված ասում էՙ հիմա ընտրություն չի կարող լինել.«Մենք կարծում ենք, որ այս փուլում արտահերթ ընտրություն անցկացնելը հղի է անկայունության խորացմամբ։ Այսինքնՙ երբ երկիրն այսպիսի կոլապսների մեջ է, մի հատ էլ մենք տանենք ընտրություն հենց հիմա, կհայտնվենք անկանխատեսելի, ավելի վատ վիճակում» ( Միքայել Մելքումյան )։ «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանի համոզմամբ էլՙ իր ղեկավարած ուժի օրակարգը անցումային կառավարություն ձեւավորելու օրակարգ է։ Անցումային կառավարության թեկնածուն էլ ինքն է, իսկ արտահերթ ընտրություններ կազմակերպելու օրակարգը իշխանության առաջ բերած օրակարգն էՙ ի պատասխան ընդդիմությանՙ վարչապետի հրաժարականի պահանջի։

Նիկոլ Փաշինյանը, պատասխանալեվ իր հրաժարականի մասին բազմիցս կրկնված հարցինՙ նախորդ օրը բազմիցս կրկնեց, թե համաձայն է արտահերթ ընտրություններով նոր իշխանություն ձեւավորելուն, քանի որ չի կարող որեւէ մեկը ժողովրդի փոխարեն որոշել։ Ահա եւ փակուղի։ Այսինքնՙ քանի իր առաջարկած օրակարգը չի ընդունում ընդդիմությունըՙ ընտրություններ գարնանը, նա հրաժարական չի տալու։

Եկեք մենք չհանձնվենք, ու այս անգամ առաջին հայացքից անհավանական ելք առաջարկենք, սա ավելի լավ է, քան առհասարակ ելք չփնտրելը։ Քանի որ այս վարչապետի հանդեպ կորել է շատ շրջանակների վստահությունը, թե նա կարող է Հայաստանի շահը ներկայացնել, նա հրաժարական է տալիս, նրա պարտականությունները կարող են ինչ-որ ժամանակով դրվել որեւէ փոխվարչապետի վրա, սակայն համաձայնություն ձեռքբերելով, որ բոլոր կարեւոր որոշումներն ու բանակցությունները չեն կարող իրակականալ առանց նոր ստեղծված Արտակարգ խորհրդի որոշման։ Արտակարգ խորհուրդը, Հայաստանին սպառնացող բոլոր վտանգները հաշվի առնելով, կարող է կազմավորել բոլոր նախկին նախագահները եւ ներկա նախագահը, դա կարող է կոչվել Չորսի խորհուրդ։ Արտառոց առաջա՞րկ է, ես կարծում եմՙ այնքան էլ չէ, որովհետեւ արտառոց է նաեւ Հայաստանի եւ Արցախի վիճակը։ Ընթացքում, Չորսի որոշմամբ կարող են նաեւ արտահերթ ընտրություններ նշանակվել, որին կմասնակցեն բոլոր նրանք, ովքեր ցանկություն կունենան, այդ թվումՙ Նիկոլ Փաշինյանն իր թիմի հետ։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 22-01-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ