ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱԹՍ-ՆԵՐԸ ՎՃՌԵՑԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵԼՔԸ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ Տարիներ առաջ Գերմանիայի քաղաքական շրջանակներում սկիզբ առած բանավեճը, որ վերաբերում է ԱԹՍ-ներիՙ (անօդաչու թռչող սարքեր) ՙԲունդեսվեհրում ( Գերմանիայի Դաշնային Հանրապետության Զինված ուժեր) կիրառությանը, այս օրերին թեժանում է: Անցյալ չորեքշաբթիՙ փետրվարի 3-ին կոալիցիա կազմած ՔԴՄ-ՔՍՄ եւ ՍԴԿ-ն միակարծիք եղան, որ Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի հետ համատեղությամբ, եվրոպական ԱԹՍ- ների զարգացման ու ձեռք բերելու վերաբերյալ մարտ ամսին պայմանագիր պիտի ստորագրեն: Գերմանական ռադիոնՙ «Դոյչլանդֆունկը», որ երբեւէ անտարբեր չի եղել Հայաստանում ծավալվող իրադարձությունների հանդեպ, փետրվարի 7-ի լրատվահոսքում ընդգծեց, թե «պատմության մեջ առաջին անգամ է, որ «Հայաստանի դեմ պատերազմում Ադրբեջանի հաղթանակի համար վճռորոշ եղան զինակիր (մարտական) ԱԹՍ-ները»: (Զինակիրն իմ թարգմանությունն է, ռազմական գործի մասնագետները 44 օրյա պատերազմի ժամանակ կիրառում էին հարվածային եւ հետախուզական եզրերը, եւ նվաստիս կարծիքով, դրանք երկուսն էլ զենք են, ուստի զինակիր բառեզրի կիրառումն արդարացված է): «Դոյչլանդֆունկի» վերոբերյալ դատողության հեղինակը երիտասարդ գիտնական Ուլրիկե Ֆրանկեն է, որ հատկապես այս օրերին ԱԹՍ-ների շուրջ չընդհատվող բանավեճը լուսաբանող գերմանական մեդիայի փնտրված զրուցակիցն է: Եվրոպայի Խորհրդի արտաքին հարբերությունների հարցերով (ECFR) լոնդոնյան գրասենյակի աշխատակից Ֆրանկեն ներկայացնում է, թե Ադրբեջանը թուրքական եւ իսրայելյան արտադրության ԱԹՍ-ների տարբեր համակարգեր էր գործի դրել, որի միջոցով հակառակորդինՙ հայկական կողմին նախ լրտեսել էր, ապաՙ նրանց դիրքերը հրետանիով խոցել, կիրառել հյուծման մարտավարություն: Հոգեբանական ազդեցությունը չի կարելի թերագնահատել, ընդգծում է Ֆրանկենՙ հիշատակելով այն հանգամանքը, որ մինչեւ ԱԹՍ-ների ի հայտ գալը, հայերն իրենց բնակության վայրումՙ լեռնային, անանցանելի այդ տարածաշրջանում մեծ մասամբ անվտանգ էին զգում իրենց: Նա վկայակոչում է ռազմական այլ փորձագետների, մասնագետների, որոնց գնահատմամբ էլ, սեպտեմբերի 27-ին Հայաստանի դեմ, ԼՂ-ի վրա Ադրբեջանի ռազմականՙ 6 շաբաթյա հարձակման հաջող ելքն ապահովեցին ԱԹՍ-ներըՙ արձանագրելով պատմության նոր իրողություն: Ադրբեջանը շահեց նոր տարածքներ, ծանուցում է «Դոյչլանդֆունկը»: Այն իրողությունը, որ տարիներ ի վեր հայ մասնագետները, մասնավորապես վաղամեռիկ Կարեն Վարդանյանը շեշտում էին 21-րդ դարի պատերազմում ԱԹՍ-ների գերակա նշանակությունը, դրանց արտադրության, զարգացման մասին բարձրաձայնում էին ամենուր, եւ նրանց ականջալուր չէին լինում, վկայում է մեր անլուրջ եւ տգետ վարքի մասին: Ում համար Զինվորի ու Պետության անվտանգությունն ու նրան պաշտպան լինելն անսակարկելի են, սովորում է ուրիշի սխալներից, մենքՙ մեր սխալներից էլ եզրահանգման չենք գալիս: Անփույթ ու մոռացկոտ ենք, այնինչ մեր հարեւանները հաշվարկն են անում նոր հաղթանակի: Թշնամին չի յուրացրել Սյունաց լեռները մագլցելու կերպը, բայցՙ գիտի մեր թերությունն ու թուլությունը: Ղողանջի՛ր, արթնությա՛ն զանգ: |