ԲՈԲ ԱՎՅԱՆ Ա. Բ. (1937-2021) Հունվարի 21-ին, Ֆլորիդայում, 83 տարեկանում վախճանվել է ամերիկյան երաժշտական թատրոնի լեգենդար դեմքերից մեկըՙ պարաստեղծ, բեմադրիչ եւ արտադրիչ Բոբ Ավյանը , որը մասնակցել է անցած 60 տարիների ընթացքում Բրոդվեյի մեծագույն երաժշտական բեմադրություններից շատերի ստեղծմանը: Նա ծնյալ Ռոբերտ Ավետիսյան էր: Ծնողներըՙ Ջոն Համփարը (Հովհաննես Համբարյան) եւ Էսթեր Քելեշյան-Ավետիսյանը, Ցեղասպանության հետեւանքով հաստատվել էին նախ Լիբանանում, ապա տարագրվել ԱՄՆ: Նրանց երեք զավակները մեծացել են Մանհաթընի (Նյու Յորք) բազմամշակույթ եւ արվեստառատ մթնոլորտում: Ութ տարեկան է եղել Բոբը, երբ քույրըՙ Լորան (հետագայումՙ տիկին Նաբեդյան), նրան տարել է Ռուբեն Մամուլյանի «Օքլահո՜մա» ներկայացմանը, որից հետո տղան անվերադարձ «հիվանդացել է» թատրոնի, մյուզիքլի եւ պարարվեստի սիրով: Հաճախել է դաշնամուրի, շեփորի եւ լարային գործիքների դասերի, սակայնՙ ոչ պարի: Ինչպես հետագայում գրել է իր «Պարող մարդը. Բրոդվեյի պարաստեղծի ուղեւորությունը» ինքնակենսագրության մեջ, «Տղաները չպիտի պարեին, հատկապես հայ մշակույթում, բայց ես սիրում էի երաժշտությունը ու հատկապես այն ազատությունը, որը գտնում էի պարի մեջ»: 1954-1959 թթ. Ռոբերտ Ավետիսյանն ուսանել է Բոսթոնի համալսարանում, միաժամանակ շարժումների դասեր առել տեղի բալետի դպրոցում: 1959-1968 թթ. որպես պարող աշխատել է Բրոդվեյի տարբեր թատրոններում, կատարել Ինդիոյի դերը «Վեսթսայդյան պատմության» առաջին բեմադրության մեջ (1960), որին հետեւել են դերեր «Ծիծաղելի աղջիկը» (Բարբրա Սթրեյզանդի խաղարկությամբ), «Սրճարան «Քրոուն», «Հենրի, քաղցր Հենրի» եւ այլ ներկայացումներում: 1967-ին Նյու Յորքում պարող, պարադիր Մայքլ Բենեթի հետ Ավյանը հիմնել են «Մայքլ Բենեթ փրոդաքշընզ» շոու-բիզնեսի ընկերությունը: Ավյանն իրականացրել է պարային ձեւավորումներ բրոդվեյյան մի շարք ներկայացումներումՙ «Կոկո» (մեծանուն Քեթրին Հեփբըրնի դերակատարմամբ), «Խենթություններ», «Ճոճանակ», «Պարասրահ», բեմադրել «Միսս Սայգոն», «Մարթին Գեր» եւ այլ երաժշտախաղեր: Արժանացել է «Անթուանեթ Փերի», «Դրամա դեսք» «Լորենս Օլիվյե» եւ այլ մրցանակների (երբեմնՙ Բենեթի հետ միասին): 1975-ին, Բրոդվեյում Ավյանը եւ Բենեթը ներկայացրել են իրենց կյանքի գլխավոր աշխարհահռչակ «Կորդեբալետ» մյուզիքլը: Սյուժեի հիմքում 17 երիտասարդ պարողների ճակատագիրն է, որոնք հույս ունեն դեր ստանալ մյուզիքլում ու կարիերա սկսել Բրոդվեյում: Միանգամայն նորություն էր մյուզիքլի միջոցով անդրադարձը հանրության կարծրատիպերին, հոմոֆոբիային, տարիքային նախապաշարմունքներին, ռասիզմին: Աննախադեպ էր նաեւ փորձերի միջոցով սյուժեի զարգացումը երաժշտաթատրոնի բնագավառում: 1976-1990 թթ. «Կորդեբալետն» անընդմեջ ներկայացվել է Բրոդվեյի «Շուբերտ» թատրոնումՙ սահմանելով բեմական կյանքի երկարակեցության մրցանիշ: Ներկայացումն արժանացել է ութ «Թոնի» եւ Փուլիցերյան մրցանակների: Մյուզիքլի հիման վրա 1985-ին նկարահանվել է համանուն կինոնկարՙ Ռիչարդ Աթենբորոյի բեմադրությամբ: 2006-ին ներկայացումը վերստին սկսել է ցուցադրվել Բրոդվեյում, Ավյանն այս անգամ հանդես է եկել որպես բեմադրիչ: Ավյանն է արտադրել նաեւ «Երազանքի աղջիկները» մյուզիքլը (1981)ՙ առաջին մյուզիքլն ամբողջովին սեւամորթ արտիստների խաղարկությամբ, որ շահել է վեց «Թոմի» եւ երկու «Գրեմի» մրցանակ: 1987-ին Մայքլ Բենեթի անժամանակ մահից հետո Բոբ Ավյանը որոշ ժամանակ աշխատել է Լոնդոնում, պարային բեմադրություններով համագործակցել մյուզիքլի հսկաների հետ, ինչպիսիք են երգահան Էնդրյու Լյոյդ Վեբերը («Սանսեթ բուլվար») եւ իմպրեսարիո Քամերոն Մաքինթոշը («Միսս Սայգոն», «Ի մի բերելով». գլխավոր դերակատարՙ Ջուլի Էնդրյուս): «Ես ծնվել եմ պարելու շնորհքով, որն իմ ողջ կյանքը դյութիչ է դարձրել: Այն իմ կյանքում ամեն դուռ բաց է արել: Բարեբախտաբար, խելքս բավականացրել էՙ հետեւելու համար կոչմանս: Ես շատ, շատ բախտավոր եմ»,- մի առիթով ասել է Բոբ Ավյանը: |