ՀԱՅ ԹԱՏԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՙ ՓԱՎՍՏՈՍ ԲՈՒԶԱՆԴԻՑ ՄԻՆՉԵՎ ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆ Ա. Բ. Ամերիկյան «C.A.P.S. Publications» հրատարակչությունը վերջերս լույս է ընծայել «Հայ թատերագիրներ» ժողովածուի առաջին հատորըՙ Արամազդ Ստեփանյանի աշխատասիրությամբ: Այն ընդգրկում է չորս հայկական պիես եւ մեկ պատմական դրվագի թատերականացում անգլերեն թարգմանությամբ կամ հարմարեցմամբ: Հեղինակներն ընտրված ենՙ հաշվի առնելով տարբեր ժամանակաշրջաններն ու բնակության վայրերը. ըստ այդմ ժողովածուում ներկայացված են ինչպես 19-րդ դարի հայ դասական գրողի ստեղծագործություն (Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբարը»), այնպես էլ խորհրդահայ դրամատուրգիա (Սաղաթել Հարությունյանի «Եթե քո աչքը պարզ է»), սփյուռքահայ (Վահե Պերպերյանի «Վարդագույն փիղը») եւ ժամանակակից հայաստանյան թատերագրություն (Կարինե Խոդիկյանի «Չկրակեք, ես արդեն սպանված եմ»): Իսկ հինգերորդ դարի պատմիչ Փավստոս Բուզանդի «Հայոց պատմության» մեջ հիշվող Արշակ Երկրորդի եւ պարսից արքա Շապուհ Բ-ի հանդիպման պատմության հիման վրա գրվել է «Արշակ եւ Շապուհ» հակիրճ թատերականացված ստեղծագործություն: Արամազդ Ստեփանյանը (ծնված 1951 թվականին, Աբադանում, Իրան) դերասան է, արտադրիչ, բեմադրիչ եւ թատերագիր: Նա Լոս Անջելեսի «Լունա փլեյհաուզ» թատրոնի սեփականատերն է եւ գեղարվեստական ղեկավարն ու արտադրիչը: Նկարահանվել է 16 կինոնկարում եւ հեռուստաշարքում, այդ թվումՙ Ջանեթ Գրիլոյի «Թռչե՛լ» կինոդրաման (2011), որտեղ կատարել է պարոն Բարսեղյանի դերը: |