RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#004, 2021-02-05 > #005, 2021-02-13 > #006, 2021-02-19 > #007, 2021-02-26 > #008, 2021-03-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 19-02-2021



Տեղադրվել է` 2021-02-18 23:00:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 2883, Տպվել է` 193, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՈՒՅՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԲԱՑՎԵՑ

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա

Առաջին զինվորները ժամանեցին Պրահաՙ պրոտեզավորում ստանալու նպատակով

Փետրվարի 18-ին Պրահա ժամանեցին արցախյան պատերազմից տուժած զինվորներ Արամ Ավետիսյանն եւ Նորայր Սուքիասյանը , որոնք առաջին զինվորներն են, որոնք կստանան բարձրակարգ պրոտեզավորում: Արամին ուղեկցում է հայրըՙ Արցախյան երեք պատերազմների մասնակից Արմեն Ավետիսյանը:

Նորայրը մասնակցել է Ասկերանում ընթացած մարտերին, կորցրել է մեկ ոտքըՙ վիրավորվելով հոկտեմբերի 4-ին, իսկ Արամը կորցրել է երկու ոտքըՙ վիրավորվելով հոկտեմբերի 30-ին Ջաբրայիլի, ապա Լաչինի մոտ ընթացող մարտերում: Արամը Իջեւանի շրջանի Աչաջուր գյուղից է, իսկ Նորայրըՙ Գյումրիից: Տղաները Պրահայում եւ Չեխիայի այլ քաղաքներում կանցեն ոչ միայն անհրաժեշտ բուժստուգում, այլեւ կստանան ոտքերի անհրաժեշտ պրոտեզավորում:

Այս ամենի համար պարտական ենք «Տուր ինձ հույս» բարեգործական կազմակերպությանը, որը հունվարին հիմնեց պրահայաբնակ մեր հայրենակցուհի Սոնա Վարդանյանը : Նրա անդուլ ջանքերի շնորհիվ էլ այս նախագիծը իրականություն դարձավ: Կազմակերպությունը զբաղվելու է բացառարես հայ զինվորների կորցրած վերջույթների պրոտեզավորմամբ:

Նա ամեն ինչ արեց, որպեսզի տղաները հասնեն Պրահա եւ ստանան անհրաժեշտ բուժօգնություն: Մեզ հետ զրույցում Սոնան նշեց, որ պատերազմից հետո մեկնելով Հայաստան, տեղում ծանոթացել է իրավիճակին եւ որոշում կայացրել, որ ամենաառաջնային օգնության կարիք ունեն պրոտեզավորման ենթակա տղաները եւ պետք է նրանց օգնել: Այդ պատճառով էլ Հայաստանում հիմնել է «Տուր ինձ հույս» կազմակերպությունը, որի միջոցով սկսվել է դրամահավաք:

Գալով Պրահա, Սոնան շահավետ պայմանագիր է ստորագրել պրոտեզավորում իրականացնող գերմանական Օտտոբուկ ընկերության հետ, որը առաջարկել է 33 տոկոսանոց զեղչ: Բացի այդ, Սոնա Վարդանյանը հրավեր է ստացել չեխական կառավարող ԱՆՈ կուսակցության խորհրդարանական ներկայացուցիչների կողմից եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ եթե տղաներին անհրաժեշտ լինի վիրահատել, ապա Պրահայի Զինվորական հոսպիտալում չեխ բժիշկները դա կիրականացնեն անվճար հիմունքներով:

Սոնայի ասելով, առայժմ իրենք կօգնեն ոտքերի պրոտեզավորման կարիք ունեցող զինվորներին, քանի որ Հայաստանում ծնկից ցածր պրոտեզավորում իրականացնում են, սակայն ծնկից բարձր դեպքերում շատ բարդ է եւ դժվարություններ ունեն:

«Մեր շահառուները հիմնականում ծանր հիվանդներն են»-ասում է նա: Առաջին փուլով Պրահայում պրոտեզավորում կստանա հինգ հայորդի, Արամն ու Նորայրը, ովքեր արդեն ժամանել են, եւ ապաՙ Սարգիս Ֆիդանյանը , Էրիկ Գրիգորյանը եւ Սարգիս Սարգսյանը :

Այսպիսով, տղաները երեք ամսվա ընթացքում կստանան անհրաժեշտ բուժօգնությունը, ապա կտեղափոխվեն Հայաստան, ուր արդեն պայմանավորվածության համաձայն կանցեն վերականգնողական շրջանը:

Տեղեկացնենք, որ Սոնա Վարդանյանը եւ իր ընկերները 44 օրյա պատերազմի ընթացքում իր «Սոնատա» վարսավիրանոցում կազմակերպեցին վարսահարդարման բարեգործական ծառայություն, եւ հավաքված մոտ 25 հազար եվրո գումարը ուղարկեցին Հայաստանի ու Արցախի տարբեր բարեգործական հիմնադրամների ու կազմակերպությունների, որից հետո որոշեց հիմնել այս հիմնադրամըՙ զինվորների պրոտեզավորման համար:

Պրահայի հյուրանոցում մեր զինվորներին ողջունել են նաեւ Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը եւ Հայ Առաքելական եկեղեցու Չեխիայի հովեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը , որոնք իրենց խոնարհումն են բերել մեր զինվորներին, եւ շնորհակալանքը կազմակերպիչ Սոնա Վարդանյանին: Վերջինիս իրենց շնորհակալությունն են հայտնել նաեւ զինվորները: Նրանք բարձր տրամադրությամբ պատրաստվում են առաջին հետազոտություններին:

Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են օգնել մեր զինվորներին, կարող են փոխանցումներ կատարել հետեւյալ հաշվեհամարներինՙ

Euro 118114021080803

Swift ANIKAM22

Dolar 11814021080801

Swift ANIKAM22

RUBLI 11814021080802

swift AMIKAM22

Arm. Dram 11814021080800

Swift AMIKAM22

Give Me Hope NGO

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 19-02-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ