«ՍՈՂՈՄՈՆԻ ԵՐԳԵՐԸ» ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՕՍԿԱՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆԸ Հ.Ծ. «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում տպագրված Պատրիկ Հայպսի հոդվածից տեղեկանում ենք, որ լոսանջելեսյան «Cloudburst Entertainment» ընկերությունը իրավունք է ձեռք բերել ցուցադրելու երկրով մեկ Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» գեղարվեստական ֆիլմը, որն այս տարի պաշտոնապես ընդգրկված է Օսկարի օտար (միջազգային) ֆիլմերի մրցույթում: Ֆիլմի ռեժիսորն է Արման Նշանյանը, որ նաեւ ֆիլմի պրոդյուսերն էՙ «Կանաչ գիրքը» օսկարակիր ֆիլմի պրոդյուսեր Նիկ Վալելոնգայի եւ Ասկո Հակոբյանի հետ: Նշանյանի ռեժիսորական այս առաջին աշխատանքը հիմնված է իրական պատմության վրա, որի հեղինակն է Օդրի Գեւորգյանը : Պատմության կենտրոնում մի թրքուհի է, որ համիդյան ջարդերի ժամանակ ռիսկի ենթարկելով իր եւ ընտանիքի կյանքը` խիզախորեն փորձում է փրկել իր ամենամոտիկ ընկերուհուն, որին հետապնդում են կրոնական այլ դավանանքի պատկանելու համար: Դեպքերը տեղի են ունենում Կոնստանդնուպոլսում 1881-ից 1915 թվականների ընթացքում եւ իրենց գագաթնակետին են հասնում Սողոմոն Սողոմոնյանի (Կոմիտասի) տված վերջին համերգով: Ֆիլմում դերերով հանդես են գալիս Սամվել Թադեւոսյանը, Արեւիկ Գեւորգյանը, Տաթեւ Հովակիմյանը, Սոս Ջանիբեկյանը, Արտաշես Ալեքսանյանը, Արման եւ Ժան-Պիեռ Նշանյանները: Անձնուրաց ընկերությանը նվիրված ֆիլմի գործադիր պրոդյուսերներն են նաեւ Կարո Գավուքջյանը, Կեն Ռաթերը, Ջեֆ Ուոլները, Դեյվիդ Պոլեմենին եւ «Cloudburst-ի» տնօրենի պաշտոնակատար Սթիվ Ֆեդիսկին: Վերջինս իր գոհունակությունն է հայտնել, որ կարողանալու են այդ ազդեցիկ կինոնկարը ցուցադրել երկրի էկրաններին: Իսկ Վալելոնգան ավելացրել է. «Cloudbourst» ընկերության հետ, մենքՙ Ասկո Հակոբյանն ու ես հպարտ ենք, որ մասնակցում ենք այս կարեւոր եւ տպավորիչ ֆիլմի համընդհանուր տարածմանը: «Կանաչ գիրքը» ֆիլմի նման այս մեկն էլ ձոնված է երաժշտության հզոր ուժին եւ մեկը մյուսին հարգելու անհրաժեշտությանը»: |