ԱՆԱՊԱՀՈՎՆԵՐԸ ԵՎ ԱՄԲԱՐՏԱՎԱՆՆԵՐԸ ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ, Անվտանգության հարցերով փորձագետ Երկփեղկվածություն 2021թ. փետրվարի 10-ին միլիոնավոր իրանցիներ նշում էին Իսլամական հեղափոխության 42-րդ տարեդարձը... 20-րդ դարի 60-ական թվերը Իրանի համար ծանր տարիներ էին: 1963թ. Իրանի շահըՙ Մոհամմեդ Ռեզա Փեհլեվին (կառավարել է երկիրը 1941 մինչեւ 1979թթ.) հայտարարեց «Սպիտակ հեղափոխության» սկզբի մասին, որն առանց արյունահեղության պետք է արմատական վերափոխումների սկիզբը դներ Իրանում եւ պետությունը դարձներ աշխարհի ամենամեծ տնտեսություններից մեկը: Այդ ժամանակ քաղաքական կյանքը Իրանում գրեթե մահամերձ վիճակում էրՙ բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը, կուսակցությունները արգելքի տակ էին, Խոմեյնեին, որը համարձակվել էր մարտահրավեր նետել իշխանություններին, երկրից աքսորվել էր: Գաղտնի ոստիկանությունըՙ «SAVAK» (Sazman Attela at va Amniyat-e Keshvar), որը զբաղվում էր պետական անվտանգության հարցերով, սարսափ էր ներշնչում ողջ հասարակությանը: Կարեւոր փաստարկներից մեկն այն էր, որ երկրի մտավորականությունը եւ հասարակության մեծ մասը հիասթափված էր հասարակական կյանքի հզոր շարժիչներիցՙ ազգայնամոլությունից եւ կոմունիզմից (50-ական թվերի ավանգարդը): Իրանի հասարակությունը փնտրում էր «հատուկ ելք» իրավիճակից, ամենայն հավանականությամբ դա հենց շիա կրոնի ամրապնդումն էր երկրում: Ծանոթություն: Շիաները հանդիսանում են իսլամի (մահմեդականության) այն ուղղության հետեւորդներն ու համախոհները, որոնց միավորում է Ալի իբն Աբու Թալիբի (Մոհամմադ մարգարեի հորեղբոր տղան, փեսան եւ զինակիցը) նկատմամբ հավատը: Նրանք ընդունում են, որ Ալի Իբն Աբու Թալիբի սերունդները Մոհամմադ մարգարեի միակ օրինական ժառանգներն ու հոգեւոր հաջորդողներն են: Բացի այդ, շիաների տարբերակիչ հատկությունը կայանում է նրանց համոզվածության մեջ, որ մահմեդական հասարակությունը պետք է ղեկավարվի իմամների կողմից, որոնց ընտրում է ինքըՙ Ալլահը: Այդ իմամները հենց Ալի Իբն Աբու Թալիբի ժառանգներն ենՙ ծնված Մոհամմադի դուստր Ֆաթիմայից: Իրանում այդ ժամանակաշրջանի մտավորականության վառ ներկայա-ցուցիչներից մեկը Ալի Շարիաթին էր, խոշոր կրոնական գործչի որդին, որն սկսել էր իր գործունեությունը շահի դեմ դեռեւս 50-ական թվերից: Վերջինս հատուկ կրթաթոշակով մեկնել էր Ֆրանսիա եւ ընդունվել Սորբոնի համալսարան: Ամբողջովին ընկղմվելով համալսարանական միջավայրումՙ Շարիաթին սկսեց մասնակցել Ալժիրի ուսանողների հակագաղութային շարժմանը, այնուհետեւ մասնակցում էր ցույցերինՙ ի պաշտպանություն Պատրիս Լումումբայի եւ վերջապես նա ամբողջ խորությամբ ուսումնասիրում էր Ֆրանսիացի փիլիսոփա, գրող, դրամատուրգ, մանկավարժ, աթեիստական էկզիստենցիալիզմի ներկայացուցիչ, ձախակողմյան հայացքների տերՙ հակված դեպի մարքսիստական ուսմունքըՙ Ժան-Պոլ Էմար Սարթրի գործերը: Սակայն Ալի Շարիաթի կյանքում ամենամեծ դերը խաղաց ֆրանսիացի Ֆրանց Օմար Ֆանոնըՙ փիլիսոփա, հոգեվերլուծաբան, հեղափոխական, 3-րդ աշխարհի երկրների ապագաղութացման շարժման ամենաակտիվ մասնակիցներից մեկը: Այդ ժամանակ էր, որ Շարիաթի մոտ ձեւակերպվեց ինտելեկտուալ այն կառուցվածքը, որ ճնշվածների զտումը եւ ազատագրումը ճնշողներից կարող է իրականացվել միայն պայքարի միջոցով: Միեւնույն ժամանակ Շարիաթին վերափոխում էր Ֆանոնի աշխարհիկ գաղափարները կրոնական բովանդակությամբ: Շիա կրոնը, ըստ Շարիաթի, իրական ինքնության հիմքն է: Եվ այդպես իրանական հասարակարգում հայտնվեցին mostazefin (անապահովներ) եւ mostakberin (ամբարտավաններ) գաղափարները: Եվ ահա այս գաղափարական երկփեղկվածությունը հետագայում հիմք դարձավ Իրանի ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ: Զարգացնելով իր մտքերըՙ Շարիաթին գտնում էր, որ մարգարեն դառնում է հեղափոխության առաջնորդ, հավատքի մարտիկ (mojahed), ջերմեռանդ հեղափոխական, իսկ խոնարհ հավատացյալները վերածվում են սովորական քաղքենիների, հեղափոխության գործի համար ոչ օգտակար: Տասնամյակներ անց այս տերմինները կարեւոր տեղ կզբաղեցնեն Խոմեյնեի ու նրա զինակիցների հռետորաբանության մեջ, ինչպես նաեւ կմիահյուսվեն Իսլամական Հանրապետության գաղափարախոսության մեջ: 1979թ. նոյեմբերի 4-ին իրանական արմատական երիտասարդության մի հոծ բազմություն հարձակվեց Թեհրանում տեղաբաշխված ԱՄՆ դեսպանատան շենքի վրա եւ պատանդ վերցրեց 66 հոգու, այդ թվումՙ դիվանագետներ, ծովային հետեւակի զինվորներ եւ տեխնիկական ծառայողներ: Ամերիկյան իշխանության փորձերըՙ ազատել իրենց քաղաքացիներին օպերատիվ-ռազմական գործողությամբ, ավարտվեցին ապշեցուցիչ ձախողումով: Վերոնշյալ ամերիկացիները 444 օր անցկացրին գերության մեջ: Գերեվարված ամերիկյան դիվանագետների մեջ էր նաեւ դեսպանատան քարտուղար Վիկտոր Թոմսեթը: Ուշադրության էր արժանի նաեւ այն փաստը, որ ցուցարարների ձեռքն ընկավ դեսպանատան արխիվային փաստաթղթերի մեծ մասը: Ինչո՞ւմն էր բանը, ինչո՞ւ ամերիկացիները պատրաստ չէին այդ հարձակմանը, չէ՞ որ 1979թ. փետրվարի 11-ին իսլամական հեղափոխությունից հետո նման ցույցեր եւ հավաքներ դեսպանատան վարչական մասնաշենքի առջեւ հաճախ էին լինում: Ավելին, փետրվարի 14-ին ամբոխը մի քանի ժամով գրեթե գրավել էր դեսպանատան տարածքը, բայց նրանց ցրեցին: Այդ միջադեպից հետո դեսպանատան արխիվը (պահոց) շտապ կերպով էվակուացվեց արեւմտյան Գերմանիա: Սակայն ամերիկյան հեղափոխությունը եւ դիվանագիտական կորպուսը կոպիտ սխալ թույլ տվեցին, կանխատեսելով, որ ճգնաժամի գագաթնակետը անցավ եւ արխիվը վերադարձվեց իր տեղը: Ծանոթություն. Թե ի՞նչ փաստեր, անուններ, մեկնաբանություններ, հանդիպումների արձանագրություններ, հաշվետվությունների պատճեններ, անձանց բնութագրեր կարող են լինել ամերիկյան դեսպանատների արխիվներում, նշելն ավելորդ է: Ընթերցողը թող միայն պատկերացնի, թե ինչ հարուստ «ավար» հայտնվեց հեղափոխականների ձեռքում: Հիշեցման կարգով նշեմ, թե ինչ տեղեկատվություններ հայտնվեցին համաշխարհային մեդիա-ռեսուրսներում, երբ ի հայտ եկավ WikiLeaks -ի (թարգմանաբոր արագ արտահոսք) արխիվը: Ասանժի հափշտակած տեղեկատվության ծավալները կազմում էին 251288 փաստաթուղթ: Այդ փաթեթում կային 274 ամերիկյան դեսպանատների հաշվետվություններ, հեռագրեր, դիվանագիտական ճեպագրեր, ՆԱՏՕ-ի փաստաթղթեր եւ այլն, եւ այլն: Շենքի գրավման օրը, երեկոյան, Այաթոլլահ Խոմեյնեին հայտարարեց, որ այդ իրադարձությունը երկրորդ հեղափոխությունն էր երկրում, իսկ դեսպանատունը անվանեց ամերիկյան լրտես Թեհրանում: Ամբողջ Իրանի տարածքում այրվում էին ամերիկյան դրոշները, քեռի Սեմի խրտվիլակները, ամենուր լսվում էին գոռոցներ «Մա՛հ Ամերիկային»: Ուշադրության է արժանի այդ ժամանակահատվածում Իրանում գործող խորհրդային հետախուզության ռեզիդենտ Լեոնիդ Շեբարշչինի կողմից գրված նյութերը. «Երբ ուշադիր հետեւում ես տեղի ունեցող իրադարձություններին, նկատում ես, որ տեսանելի տարերայնությունը քողարկում է հստակ կազմակերպչական աշխատանքներըՙ ամբոխը հավաքվում է ազդանշանով, որը հասանելի չէ կողմնակի դիտորդին, գոռգոռոցներ եւ բղավոցներ հրահանգներով եւ նույն մարդկանց հրահանգներովՙ լռություն եւ կայունություն»: Իրանի հեղափոխությունը ուժգին քարուքանդ անող ուժ ունեցավ: Աշխարհի բնական ռեսուրսներով ամենահարուստ տարածաշրջաններից մեկում ամենակարճ ժամկետում ձեւավորված համաշխարհային տերությունների դաշինքների մեծ մասի հավասարակշռությունը չեզոքացրեց կայացած տնտեսական եւ քաղաքական կապերը: Նույն 1979թ. մայիսին Իրանում ստեղծվեց Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ( ԻՀՊԿ ), որպես իսլամական վարչակարգի գլխավոր հենարան եւ ի հակակշիռ բանակի: ԻՀՊԿ կազմում մտնում են ցամաքային զորքեր, ռազմածովային ուժեր, ռազմա-օդային ուժեր: Այդ շրջանակներում գործում են նաեւ արտաքին հետախուզության կոմիտեն եւ արտաքին գործառույթների կոմիտեն: Իրանի տեղեկատվական նախագահությունըՙ BEBAK-ը հանդիսանում է երկրի գլխավոր հատուկ ծառայությունը, որի մեջ ընդգրկված է նաեւ արտաքին հետախուզության տնօրենությունը (թիվ 15 տնօրենությունը), որը զբաղվում է բացառապես հետախուզական գործունեությամբ աշխարհաքաղաքական ուղղություններով եւ հատկանիշներով: Իրանի հետախուզությունը արդեն բազմիցս ապացուցել է, որ մեր տարածաշրջանում լավագույններից մեկն է, լավ տեղեկացված է, աշխատում է սկսած 1983թ-ից: Նկար 1. Ալի Շարիաթ |