ԳՐՔԱԳՈՂԵՐԸ ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ, ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետ, Լրագրության բաժնի 3-րդ կուրս - Գիրք գողանալն ինձ մոտ չստացվեց, բայց ինձանից շատ են վերցրելՙ անվերադարձ: Գիրք նվիրելու օրը տոն է բոլոր գրքասերների համար: Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրըՙ փետրվարի 19-ին, ավանդաբար անցկացվող տոնը մեծ ժողովրդականություն է վայելում հանրության շրջանում: Բոլորն էլ կարող են գիրք գնել, բայց ոչ բոլորն են համարձակվում գողանալ այն: Գողանալ, թռցնել, հափշտակել, երբ խոսքը գրքի մասին էՙ այս բառերը կորցնում են իրենց «զորությունը»: Նրանք սիրում են կարդալ ու նրանց ներում են: «Գողացածս առաջին գիրքը հեքիաթների ժողովածու էր, որը դպրոցական տարիներին վերցրել էի Խնկո-Ապոր գրադարանից, չէի հասցրել վերադրաձնել ու վախենում էի, որ եթե ուշացումով վերադարձնեմՙ կբարկանան: Անկեղծ ասածՙ գրադարանավարուհին միշտ դժգոհ դեմք ուներ ու վախենում էի իրենից», մեզ հետ զրույցում ասաց 25-ամյա Մանեն: Մանեն զրույցի ընթացքում նաեւ հիշեց, թե ինչպես է ուսանողական տարիներին լսարանից երկու գիրք վերցրել վերադարձնելու պայմանով, բայց քանի որ այդ գրքերի հետ մի քանի օրում բարեկամացել է, դրանք հետ չեն վերադարձվել: «Վերջին ու ամենաբարդ «գողությունը» մեկ տարի առաջ եմ արել: Գնացել էի Երեւանի դպրոցներից մեկի տնօրենի հետ հարցազրույցի ու նրա սենյակում մի հոգեբանական գիրք տեսա ու թռցրեցի: Հուսով եմ տնօերնը չի նկատել գրքի բացակայությունը», ժպիտով պատմում էր զրուցակիցս: Զրուցակիցներիցս մյուսը 22-ամյա Անին էր, որի առաջին «գողությունը» իրենց գյուղի գրադարանից է եղել: «Դպրոցական տարիներին Արմավիրի գրադարանի ամենահավատարիմ ընթերցողներից էի: Սիրում էին ինձ ու թույլ էին տալիս ինքնուրույն մոտենալ գրապահարաններին ու ընտրել ինձ անհրաժեշտ գիրքը: Առաջին գողացածս գիրքըՙ «Մխիթար Սպարապետն» էր, տեսա ու հասկացա, որ մեր տան գրապահարանում նրա պահանջը զգացվում է: Գրքից երկու օրինակ վերցրեցի. մեկը պահեցի պայուսակումս, իսկ մյուսը տարա գրանցելու», պատմեց Անին, ապա ավելացրեց, որ գրքագողություն է արել նաեւ, երբ ուսումը շարունակելու նպատակով գնացել է Ռուսաստան. «Գրադարանը զբաղեցնում էր լսարանի պատերից երկուսը: Կարելի էր գիրք վերցնել ու հետո վերադարձնել, իսկ հսկողությունը տեսախցիկի հույսին էր: Մեկ ու կես տարվա ընթացքում մի մեծ տոպրակ օտարալեզու գրքրեր «հավաքեցի» ու ինձ հետ բերեցի Հայաստան», ասաց Անին ու ծիծաղելով ավելացրեցՙ մարդու մտքին տեղ լինի, ամեն ձեւով էլ ուզածին կհասնի: Զրուցակիցներիցս ամենափոքրը 12-ամյա Նարեկն է. դեռ չի հասցրել գրքագող դառնալ, բայց շատ է սիրում ընթերցել: Ընթերցանության ճանապարհի սկիզբը դրել է Ավ. Իսահակյանի տեխնիկական գրադարանից. «Սիրում եմ ընթերցել ու ազատ ժամանակս լցնում եմ ոչ թե համակարգչային խաղեր խաղալով, այլ գրքեր եմ կարդում. վերջին կարդացածս գիրքը Դ. Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպն է եղել», ասաց Նարեկը, հետո ավելացրեց, որ շուտով գրադարանի գրքերի մեծ մասը կարդացած կլինի ու պատրաստվում է գրանցվել Ավ. Իսահակյանի կենտրոնական գրադարանում: Գիրք ընթերցելը ժամանակակից է, մոդայիկ, գիրքն էլ լավագույն նվերն էՙ բոլոր տոներին: Այսօր, փետրվարի 19, գիրք նվիրելո՛ւ օրն է, ոչ թե գողանալու: |