RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#005, 2021-02-13 > #006, 2021-02-19 > #007, 2021-02-26 > #008, 2021-03-05 > #009, 2021-03-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 26-02-2021



Տեղադրվել է` 2021-02-25 22:22:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 3235, Տպվել է` 274, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱՐՏԻ 1-Ի ՀՈՏ Է ԳԱԼԻՍ

ՆԱԻՐ ՅԱՆ

Մարտի 1 է հասունանում: Լարված, տագնապային, մռայլ օրերի մեջ համատարած ատելությունն ու թշնամանքն այնքան շատ են, որ արդեն վարժվել ենք այս կենսակերպին ու չենք նկատում, որ քաղաքացիական պատերազմ է հասունանում:

Համացանցը, հատկապես Ֆեյսբուքը, քաղաքական ու հասարակական լակմուսի թուղթ է, որի գույնն այնքան է մգացել, որ մարդկային մաղձը համակարգչից հոսում է դեպի փողոց ու հրապարակ: Այսպես էլ պետք է լիներ. պատերազմի անդառնալի հետեւանքները, իշխանությունների անտարբեր, արհամարհական վարքագիծը, մեղքի զգացումի իսպառ բացակայությունը, ընդդիմության վիժեցրած պայքարը, բարոյահոգեբանական համատարած անկումն ու անորոշությունը պարարտ հող են, որտեղ մարդիկ միմյանց մեջ թշնամի, մեղավոր են փնտրում: Նիկոլականները հականիկոլականներին են որսում, հականիկոլականներըՙ նիկոլականներին: Որսը Ֆեյսբուքից աստիճանաբար տեղափոխվում է փողոց, թեեւ ֆեյսբուքյան ճակատը շարունակում է թեժ մարտական մնալ: Հպանցիկ ուսումնասիրությունն անգամ բավական էՙ տեսնելու համար, թե ինչ արյունահեղ գրոհի են ենթարկվում առողջ դատող, վերլուծող ու անկողմնակալ օգտատերերը: Բերաններից փրփուր թափելով, արնակալած աչքերով ֆեյքերն ու ոչ ֆեյքերը անարգանքի սյունին են գամում բոլորին: Ու նրանց մեծ մասը կանայք ենՙ զավաների ու թոռների տեր մայրեր ու տատիկներ, որոնք տղամարդու պես յոթհարկանի հայհոյանքներով «նախշում են» աջուձախ. ե՛ւ անիծում են, ե՛ւ հայհոյում: Ֆեյսբուքյան էջերում նրանք պինդ պաչում են թոռան թմբլիկ թուշիկը, իսկ գրառումներում անեծք ու կրակ են թափում բոլորի գլխին, բոլորի երեխաներին գերեզման դնում, բոլորի նախնիներին գերեզմաններում շուռ տալիս:

Շեկ ներկած մազերով, պարարտ մարմնով, մեծ-մեծ ականջօղերով, վառ կարմիր ներկած շուրթերով, աջ ծնկանը կարմրաթուշ տղա թոռանը նստեցրած, ձախ ծնկան վրա վարդերի հսկա փունջ պահած այդ կանայք ֆեյսբուքի ծանր հրետանին են: Նրանց ամուսինները սոցցանցերում ուշիուշով հետեւում են իրենց տիկնանց անեծքներին ու հայհոյանքներին ու ձեռքի բութ մատի նշանով հարյուր հատ like դնում դրանց տակ: Ու անկասկած, այդ տղամարդիկ իրենց կանանց մոտ բազմաշերտ հայհոյանքներ սովորելու վարպետության դասեր են անցնում:

Ֆեյսբուքի նռնականետերը ջահել աղջիկ-տղաներն են: Սիլիկոնե շուրթերով, արհեստական թարթիչներով, թունդ շպարված պարմանուհիներն ու թրաշով, մանր ու կարճ չոլկայով ջահել տղաներն անխնա ծաղրում են բոլորին: Երանի՜ նրանք լատինատառ գրեին.... բայց ո՛չ, հայատառ են գրում, որ ընթերցողներին բարոյահոգաբանական կտտանքների ենթարկեն, անարգեն հայագիտության երկուհազարամյա հիմերը, որպեսզի պարզ հասկացվի, որ նրանց բացած առաջին ու վերջին գիրքն «Այբբենարանն» է եղել:

Ատելությունն ու թշնամանքը ֆեյսբուքից դուրս են հորդում: Կուտակված բացասական էներգիան պարպելու համար ֆեյսբուքյան հակամարտությունն այլեւս չի բավարարում: Ագրեսիան պարպելու համար կենդանի շփում, կենդանի պատերազմ է հարկավոր: Ատելությունից եռացող արյունը համակարգչի ստեղնաշարից չի հովանում, անեծքներից ու հայհոյանքներից չի հանգստանում: Եռացող արյունը արյան ծարավ է: Ոչ՛ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը, ո՛չ հանրությունն ամբարված ագրեսիայի, թշնամանքի պաշարներով միմյանց չեն զիջում:

Եթե պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը բացեիբաց ահաբեկում է, թե պետությունը մոնոպոլ իրավունք ունի կրակելու պետական շենքերը գրավող քաղաքացիների վրա, եթե Նիկոլ Փաշինյանը, լսելով, որ անհնազանդության ակցիայի մասնակիցները խոչընդոտելու են իր մուտքը Կառավարության շենք, փետրվարի 23-ի վաղ առավոտից մեկ-երկու կմ շառավղով տարածքը 3500 ոստիկաններով է շրջապատում, եթե ընդդիմությունը հանրահավքների ամբիոններից իշխանության հասցեին լուտանքներից ու նախատինքներից բացի, կառուցողական որեւէ ծրագիր, ելք չի առաջարկում, բնական է, որ պատկերը սա պետք է լինի:

Մեր երկրի ամեն անկյունից ահաբեկչության հոտ է գալիս, ահաբեկում է յուրայինըՙ յուրայինին, հայըՙ հային:

Ճահիճն արտաքինից է հանգիստ ու անմեղ երեւում, իսկ ներսից եռում է, բլթբլթում ու սպասում իր զոհին: Նույնն էլ մեր երկրում է: Հանրահավաքներին ու անհնազանդության ցույցերին զուգահեռՙ փողոցներում անցորդներն իրար վրա փնթփնթում են: Նրանք, ովքեր չեն մասնակցում ցույցերին, ամենեւին էլ հանգիստ ու անվրդով չեն: Իհարկե, կան բոլորովին անտարբերներ, որոնց համար անգամ պատերազմ չի եղել, զոհերի, անհետ կորածների, գերավարվածների մասին չեն էլ լսել, բայց ի՞նչ է կատարվում կանգառներում, շուկաներում, խանութներում: Անցնում է անհնազանդության երթը, մեկը արձագանքում է. «Հայրենիք փրկողներիս տեսեք, էդպես Շուշին գնայիք-փրկեիք»: «Իսկ դո՞ւ որտեղ էիր Շուշիի կռվի ժամանակ, այ նիկոլազավր»: «Նիկոլազավրը դու ես, պիցցայակեր»: Մաշտոցի պողոտայի կանգառում վեճը բորբոքվում է, տրանսպորտի սպասողները մի ակնթարթում բաժանվում են երկու բանակների, ու սկսում հայհոյանքների ու անեծքների փոխհրաձգությունը: Կանայք գործի են դնում նաեւ ձեռքերն ու պայուսակները, տղամարդիկ բաց են անում հայհոյանքների տոպրակները: Երթը վաղուց հասել է երջանկահիշատակ Փակ շուկայի կողմերը, իսկ կանգառում նիկոլական-հականիկոլական քաշքշոցն ավելի է թեժանում:

Ոստիկաններն էլ երթերից ու ցույցերից կես ժամ առաջ արդեն փակում են փողոցներըՙ կարծես միտումնավոր զայրացնելու համար անցորդներին ու տրանսպորտի սպասողներին: Երթը դեռ Բաղրամյան պողոտայում է, իսկ Մաշտոցն արդեն ծայրից ծայր փակ է: Ոստիկանության կարգապահական նախաձեռնությունը հասնում է իր նպատակինՙ մարդիկ վրդովվում են, ցույց կազմակերպողին էլ, մասնակցին էլ հայհոյում, որովհետեւ պողոտայում երթեւեկությունը կասեցնելու պատճառով իրենք ստիպված են կիլոմետրերով քայլել չգիտես թե ուր: Խորենացի փողոցում էլ են նիկոլականներն ու հականիկոլականները տաքացած վիճում, անցորդներն էլ կրակի վրա յուղ են լցնում. «Կերեք իրար, կոկորդ կրծեք, էդպես լավ չի»... Երկու ճակատները շուռ են գալիս ու ռեպլիկ արձակողի վրա հարձակվումՙ անզգամ, դու ճամփադ շարունակիր, թուրքը տունդ մտնի, քո պետքն էլ չի լինի երեւի:

Հետո հիշում են, որ իրենք հակառակ ճամբարներից են. «հները թալանեցին երկիրն ու բանակը», «Նիկոլդ ԱԹՍ-ի փոխարեն ծիտիկ-ինքնաթիռ առավ, որ մեջը նստի-նկարվի», «Ծոծրակդ կտեսնես, բայց Քոչարյանը չի վերադառնա», «Դե թող քո փնթին ղեկավարի ու Երեւանն էլ թուրքին հանձնի»... Մոտակա խանութից զգուշացնում են, որ ոստիկանություն կկանչեն. միմյանց հայհոյելովՙ թշնամիները հեռանում են:

Երթուղայինի վարորդը գոռում է. «Ձեր հերն էլ անիծած է՜, երկու մարդ եմ վերցրել ընդամենը. ձեր միտինգի պատճառով ինչքա՜ն պասաժիր կորցի, դատարկ եմ գնում»: «Քո հարյուր դրամը մե՞ջ, երկիրը կործանվում էՙ հեչ, հա՞»,- սրտնեղում է երկու ուղեւորներից մեկը: Ու սկսվում է լեզվակռիվը...

Ձեր եփածն է, իշխանություն-ընդդիմություն միասնական դաշինք: Իշխանությունը թքած ունի ամեն ինչի ու բոլորի վրա, ընդդիմությունն էլ միայն գոռում է ամբիոններից, հայհոյում ու պարսավում, բայց Նիկոլին հեռացնելու ոչ մի իրատեսական քայլ չի անում: Բոլոր միջոցները սպառվել են, բոլոր ծրագրերն անարդյունավետ են. քաղտեխնոլոգիական ոչ մի նոր հնարք չի կիրառվում. ինչ է, ուզում եք հավատանք, որ Նիկոլին հեռացնելու ելք չկա՞: Կա՛, ուղղակի ընդդիմությանը հանձնարարված առաջադրանքն այլ էՙ ոչ թե Նիկոլին աթոռից պոկելը, այլ ճիշտ հակառակը:

Ու դրա համար բեմադրությունը, աչքկապությունն ամեն օր ըստ սցենարիՙ շարունակվում է:

Ընդդիմությունը ամբիոններից հայհոյում է, նախատում իշխանություններին, ցույցն ավարտված համարում, գնում տուն ու էլի նստում համակարգչի առաջ, շարունակում հայհոյել ու անիծել: Պատասխանն իշխանական հարթակներից, իհարկե, չի ուշանում: Հետո իշխանություն-ընդդիմություն, ապահով, լիցքաթափված, անցնում են մյուս գործերին, իսկ հայհոյանքն ու անեծքը, ագրեսիան ու լարվածությունը գեներացվում են հասարակության ներսում: Ու ամեն օրը մոտեցնում է երկրորդ մարտի 1-ին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 26-02-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ