ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԻՐՈՔ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ Կառավարության վերջին նիստերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե մեր տնտեսությունը վերակենդանացման նշաններ է ցույց տալիս: Ապա վկայակոչել է ՀԴՄ կտրոնների հետ կապված ինչ-որ թվեր, որպես իր ասածի վկայություն: Այն, որ երեք տարի զբաղեցնելով վարչապետի պաշտոնը, նա այդպես էլ չհասկացավ, որ ՀԴՄ կտրոնները չեն տնտեսության վիճակի ցուցիչը, արդեն զարմանալի էլ չի: Սակայն, որ մեր տնտեսությունը իսկապես վերակենդանացման կարիք ունի, դա միանշանակ է: Դա հաստատում է վիճակագրական կոմիտեի հրապարակած 2020 թ.-ի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) տարեկան ցուցանիշը: Համաձայն այդ ցուցանիշի, անցած տարի Հայաստանի տնտեսությունը կտրուկՙ 7,6 տոկոս անկում է ունեցել : Ըստ տնտեսության ճյուղերի պատկերը հետեւյալն է: Ժամանակին խոստացված շինարարական «բումի» փոխարեն այստեղ ունենք 9,5 տոկոս անկում: Արդյունաբերությունում, որտեղ մի քանի տարի առաջ լուրջ աճ էր սկսվել, անցյալ տարին նույնպես եզափակվեց անկումովՙ 0,9 տոկոս: Առեւտրում, որտեղ ընդգրկված է առնվազն մի քանի տասնյակ հազար մարդ, անկումը կազմել է 14 տոկոս, իսկ մանրածախ առեւտրում անկման ցուցանիշն էլ ավելի մեծ էՙ 17,3 տոկոս: Այսինքն, մի կողմից նվազել են առեւտրով զբաղվողների եկամուտները, մյուս կողմիցՙ առեւտուր անող բնակչության եկամուտները: Մինչդեռ, վարչապետի աթոռին գտնվող մարդը ՀԴՄ-ների կտրոնների թվերը ներկայացնում է որպես տնտեսական աշխուժության ցուցիչ: Ծառայությունների ոլորտում նույնպես լուրջ անկում ունենքՙ 14,7 տոկոս: Այս ոլորտը նախորդ երկու տարիներին հնարավորություն էր տալիս տնտեսական աճ ցույց տալ շնորհիվ բուքմեյքերական ընկերություններում խաղադրույքների կտրուկ ավելացման: Միայն գյուղատնտեսությունում աննշանՙ 1,4 տոկոս աճ է գրանցվել, այն էլ հիմնականում երեք-չորս տեսակի գյուղմթերքների բարձր բերքի շնորհիվ: Մնացած բոլոր գյուղմթերքների բերքի անկում ունենք, որի հետեւանքով այս տարի անհամեմատ թանկացել էին մրգի եւ բանջարեղենի գները: Այժմ տեսնենք, թե ինչպիսի՞ն է վիճակը աշխարհում, մեր հարեւան եւ մեր տնտեսության համար կարեւոր նշանակություն ունեցող երկրներում : ՄԱԿ-ի «Համաշխարհային տնտեսական կացությունը եւ հեռանկարները» զեկույցի համաձայն, համաշխարհային տնտեսությունը նվազել է 4,3 տոկոսով: Հարեւան երկրներից Ադրբեջանում տնտեսական անկումը 4,3 տոկոս է, Վրաստանումՙ 6,1 տոկոս: Մեր տնտեսության համար կարեւոր նշանակություն ունեցող երկրումՙ Ռուսաստանում անցյալ տարվա տնտեսական անկումը կազմել է 3,1 տոկոս: Համեմատենք այս թվերը Հայաստանի տնտեսության 7,6 տոկոս անկման հետ եւ կհասկանանք մեր կառավարության գործունեության արդյունքը: Ցավոք, սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացումը շարունակվում է նաեւ այս տարի, ինչի մասին է վկայում ներկա պահին հրապարակված պետբյուջեի հարկային եկամուտների ցուցանիշը: Համաձայն պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տեղեկատվության, այս տարվա հունվարին Հայաստանում հավաքվել է 130 մլրդ դրամի հարկային եկամուտ, որը մոտ 16 մլրդ դրամով կամ մոտ 10 տոկոսով ավելի քիչ է նախորդ տարվա հունվարին հավաքված 146 մլրդ դրամ հարկային եկամուտներից: Ավելի վաղ հրապարակված մեկ այլ ցուցանիշ էլ փաստում է, որ հունվարին գնաճը կազմել է 4,5 տոկոս, իսկ սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների գնաճըՙ 6,4 տոկոս: Այսինքն, մի կողմից ունենք գնաճ, մյուս կողմիցՙ տնտեսական անկում : |