ՄԵԾԱՐԵՆՑԸՙ ԱՆԳԼԻԱԽՈՍ ԸՆԹԵՐՑՈՂԻՆ Հ. Ծ. Կալիֆոռնիա համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների ծրագրի տնօրեն Բարլոու Տեր-Մկրտիչյանը Ֆրեզնոյից հայտարարել է, որ համալսարանի հրատարակչությունը լույս է ընծայել դոկտ. Ջեյմս Ռասելի «Միսաք Մեծարենց: Ամբողջական քնարական բանաստեղծությունները» (Misak Medzarents: The Complete Lyric Poems) հատորը, որ պարունակում է վաղամեռիկ բանաստեղծի ավելի քան 180 ստեղծագործությունների անգլերեն թարգմանությունները, դրանց հայերեն բնագրերն ու մեկնաբանությունները: Դոկտ. Ռասելը, որն այժմ ապրում է Ֆրեզնոյում, Հարվարդ համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների ամբիոնի վաստակավոր պրոֆեսոր է, հեղինակՙ մի շարք գրքերի, որոնց թվում «Բոսֆորյան գիշերներ» վերնագրով հատորը, որտեղ ամփոփված են Պետրոս Դուրյանի ամբողջական քնարական բանաստեղծությունները (Bosphorus Nights: The Complete Lyric Poems of Bedros Tourian) եւ մի քանի հարյուր հոդվածների ու մենագրությունների: Մեծարենցի լեզուն բարդ է եւ այլաբանական, որտեղ միաձուլվում են գրաբարն ու տեղական բարբառը եւ սիմվոլիզմը: Ռասելը վարպետությամբ է կարողացել հաղթահարել լեզվական առանձնահատկություններըՙ հարակրկնությունները, բաղաձայնույթային ու խորհրդանշական հնարքներն եւ ընթերցողին ներկայացրել Մեծարենցի հոյակապ, գունեղ ներաշխարհը: «Հատորը կարեւոր ներդրում է եւ անգլիախոս լայն հասարակությանն է ներկայացնում մեր լավագույն քնարերգուներից մեկի ստեղծագործությունները», նշել է այս առթիվ մատենաշարի գլխավոր խմբագիր պրոֆ. Տեր-Մկրտիչյանը : «Բացի հայկականից, նաեւ համաշխարհային գրականության մաս դարձավ այժմ Մեծարենցը», ավելացրել է գրող Արիս Ջանիկյանը : Մեծարենցի այս գիրքը կարելի է ձեռք բերել «Ապրիլ» եւ «ՆԱԱՍՐ» գրախանութներից (ԱՄՆ), այցելելով «http//abrilbooks.com» կամ «https//naasr.org/collection/naasr.org/collection/naasr. bookstore» կայքերը: |