ԷՐԴՈՂԱՆԻ ԶԱՎԵՇՏԱԿԱՆ ԱՉՔԱԼՈՒՍԱՆՔԸ ԹՈՒՐՔ ԺՈՂՈՎՐԴԻՆ. «ԼՈՒՍԻՆ ԵՆՔ ԳՆՈՒՄ» ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, թուրքագետ Թուրքիայի նախագահ Էրդողանը շատ է սիրում աչքալուսանք տալ թուրք ժողովուրդին: Նրա աչքալուսանքները հատկապես հաճախակի դարձան 2020 թվին: Նույն թվի հուլիսին նա ավետել էր, որ բյուզանդական Այա Սոֆիա տաճարը վերածվելու է մզկիթի, իսկ օգոստոսինՙ Սեվ ծովում բնական գազի պաշարների հայտնաբերման մասին, հայտարարելով, թե առաջիկա մեկ տարում դրանք կշահագործվեն եւ բնակչությունը էժան գազ կստանա: Մինչդեռ, բնական գազի հայտնաբերված պաշարների շահագործման համար պահանջվում էր 5-ից 7 տարի ժամանակ: Բացի դրանից, այդ պաշարները չնչին էին, ընդամենը կարող էին բավարարել երկրի 5 տարվա պահանջները, հետեւաբար ոչ շահութաբեր, որովհետեւ միայն հորատման աշխատանքների համար համար անհրաժեշտ էր 2.5 միլիարդ դոլար: Այս հանգանաքը ստիպեց Էրդողանին հրաժարվել բնական գազի պաշարների շահագործումից, շուտով դրանք մոռացության տրվեցին: Սակայն, նա չհրաժարվեց աչքալուսանքներից: Փետրվարի 14-ին հայտարարեց, որ ամսի 17-ին նոր աչքալուսանք է տալու թուրք ժողովուրդին: Խոսքը Հյուսիսային Իրաքի Գարա շրջանի (որը Թուրքիայի դեպի Մոսուլ բացվող դարպասն է) քարանձավներում որպես պատանդ պահվող 13 թուրքերի մասին էր, որոնց 6 տարի առաջ Թուրքիայի քրդաբնակ հարավ-արեւելյան շրջանի քաղաքներից առեւանգել եւ քարանձավում բանտարկել էր PKK-ն: Դեկտենբերի 17-ին թուրքական ռազմաօդային ուժերի 40 ինքնաթիռ համատարած ռմբակոծել էր Գարայի շրջակայքը, ապա ուղղաթիռներով հատուկ նշանակության զորքեր էին իջեցրել քարանձավից 24 կմ. հեռավորության վրա, որոնք այնուհետեւ շարժվել էին դեպի քարանձավ, որ գերությունից ազատեն պատանդներին: Նրանց Էրդողանը անվանել էր գերիներ եւ արժանացել բուռն հակազդեցությանը, թե PKK-ն ահաբեկչական կազմակերպություն է, ուստի չի գերեվարում, այլ առեւանգում կամ պատանդ է վերցնում: Համենայնդեպս, Էրղողանի աչքալուսանքն ու Գարայի շրջակայքի համատարած ռմբակոծությունն ու զինվորների առաջխաղացումը դեպի քարանձավՙ նախազգուշական ազդակ է հանդիսանում PKK-ի գրոհայինների համար: Նրանք այդ զինվորներից 3-ին սպանում, ապա շտապում են քարանձավ, գնդակահարում բոլոր պատանդներին ու փախչում: Այլ կերպՙ Էրդողանի աչքալուսանքը պատճառ է դառնում 16 թուրք զինծառայողի սպանության: Ընդ որում հակառակ պաշտպանության նախարար Հուլիսի Աքարի հայտարարությանը, թե պատանդները քաղաքացիական անձինք են, պարզվեց, որ նրանք եղել են թուրք զինծառայողներ, ինչպես նաեւ Ազգային հետախուզական կազմակերպության գործակալներ: Էրդողանի աչքալուսանքներից թերեւս ամենահետաքրքրականը «լուսին գնալու» մասին աչքալուսանքն է, ինչը, ըստ նրա, նախատեսվում է 1923-ին, Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ին: Բայց ինչպե՞ս: Այդ գործը պետք է նախաձեռնի 38 մլն. լիրա բյուջեով 2018-ին կազմավորված Թուրքական տիեզերական ընկերությունը: Ճիշտ է, հիմա ընկերության բյուջեն կազմում է 84 մլն. լիրա, որը համազոր է 1.4 մլն դոլարի, սակայն այդ գումարով Էրդողանը ընդամենը կարող է 10 անօդաչու սարք ուղարկել Լեռնային Ղարաբաղ: Այլ կերպ, չհաշված Այա Սոֆիա տաճարի վերածումը մզկիթի, Էրդողանի մնացած աչքալուսանքները կա՛մ հիասթափություն են պատճառել թուրք ժողովուրդին, կա՛մ էլ ավարտվել են կատարյալ խայտառակությամբ: Ելնելով թուրքական մամուլի արձագանքներից, դժվար չէ կռահել, որ խայտառակությամբ կավարտվի նաեւ «լուսին գնալու» աչքալուսանքը: Այդ հարցին փետրվարի 17-ին անդրադարձել է նաեւ Կ.Պոլսո «Ակօս» շաբաթաթերթը «Էրդողանի ավետիսը «Լուսին կ՚երթանք» խորագրով: Ահա թե ինչ է գրել. «Փետրվարի 9-ին, երեքշաբթի օրը, Էրդողանը հայտարարեց 2 օր առաջ խոստացած ավետիսը: Նա «լուսին կ՚երթանք» բառակապկցությանբ սկսած ելույթում մանրամասնություններ փոխանցեց Թուրքիայի տիեզերագնացության ծրագրերի մասին: Դրանք բաղկացած են երեք փուլից, որոնց վերջնակետը թուրք տիեզերագնացի լուսնի վրա ոտք դնելն է: Էրդողանի այս ավետիսը շուտով երգիծանքի նյութ դարձավ սոցցանցերում, որտեղ մատնանշվում էր երկրի առկա տնտեսական ճգնաժամը, գործազրկությունն ու հասարակությանՙ այս ամենով պայմանավորված սնանկացումը: Մանավանդ որ տիեզերագնացությունը դեպի լուսին արդեն իսկ դարձել է զբոսաշրջության խնդիր եւ 2 մասնավոր ընկերություն որոշակի գումարի դիմաց պատրաստվում են լուսին տեղափոխել իրենց ուղեւորներին»: |