ԹՈՒՐՔԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ԱՊԱՀԱՅԱՖԻԿԱՑՆԵԼ» ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ Ցեղասպանությունից ավելի քան մեկ դար անց էլ ֆաշիստական Թուրքիան շարունակում է հայկական մշակութային արժեքների` հայերից օտարումն ու ոչնչացումը: Այդպիսով նրանք փորձում են հայերի պատմական հայրենիքից ջնջել հայկական հետքը, ոչ այնքան աշխարհի, որքան` եկող սերունդների տհաճ հարցերը կանխելու նպատակով: Ոչնչացվող, օտարվող եւ «անուշադրության» հուշարձանները, ցավոք, շատ են, ստորեւ փորձեմ ներկայացնել դրանցից մեկ-երկուսը` ամենաթարմերը: Օրինակ` Անկարայի հայկական գերեզմանատունը ցայսօր էլ շարունակաբար ենթարկվում է գանձախույզների վանդալային հարձակումներին ու պղծումներին: Այդ մասին անցյալ տարվա աշնանը Թուրքիայի խորհրդարանում անհանգստություն էր հայտնել նաեւ Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը ` հիշեցնելով, որ գերեզմանոցի տարածքը Անկարայի պատմամշակութային ժառանգության մի մասն է կազմում եւ 90-ականներից հատուկ պահպանվող տարածք է համարվում: Խոսքն Անկարայի Սինջանի շրջանի Սուրբ Փրկիչ եւ Ս. Քառասուն մանուկ եկեղեցիների հայկական գերեզմանոցի մասին է: Քիչ չեն դեպքերը, երբ Թուրքիայում վաճառքի են հանվում նաեւ հայկական եկեղեցիները: Օրինակ` հունվարի 14-ին թուրքական առեւտրային կայքերից մեկը` «Sahibiden.com»-ը, հայտարարություն տարածեց այն մասին, որ 6 միլիոն թուրքական լիրայով վաճառվում է Բուրսա քաղաքի Սեբթաշը թաղամասում գտնվող հայկական կաթոլիկ եկեղեցին: Այդ հայտարարության նախօրեին վաճառքի էր հանվել նաեւ Բուրսայի մեկ այլ հայկական եկեղեցի` արդեն 6.300.000 լիրայով: Հայտարարության մեջ որեւէ նշում չկա եկեղեցիների ծագման մասին, միայն նշվում է, որ այն կարող է ծառայել որպես թանգարան, արվեստի կենտրոն, հյուրանոց եւ այլն. «Վաճառքի է հանվել Բուրսայի շրջանում գտնվող եւ մասնավոր սեփականության կարգավիճակ ունեցող պատմական եկեղեցին: Եկեղեցին, որը կառուցվել է այստեղ ապրող հայերի համար, փոխանակությունից (1923թ. հույն-թուրքական բնակչության փոխանակություն) հետո բնակիչների հեռանալու պատճառով անցել է մասնավոր սեփականության եւ 1923թ. ի վեր մի որոշ ժամանակ շահագործվել է որպես ծխախոտի պահեստ, այնուհետեւ կարի ֆաբրիկա»,- ասված է հայտարարության մեջ: Այս ամենին կարելի է հավելել «անուշադրության» պատճառով ամեն տարի փլուզվող ու հողին հավասարեցվող հայկական տասնյակ պատմամշակութային արժեքները, որոնք, ըստ թուրք իշխանավորների` «ավելորդ գլխացավանք» են իրենց համար: Այս առումով Հայաստանի իշխանություններն ու սփյուռքի շրջանակները լուրջ անելիքներ ունեն, բայց սփյուռքը, մանավանդ վերջին շրջանում, կարծես նիրհի մեջ է, իսկ Հայաստանում...իսկ Հայաստանում, ցավոք, դրա ժամանակը չունեն: |