ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ԵՐԿՐՆԵՐԸ ՉԴԱՏԱՊԱՐՏԵՑԻՆ «ՌԱԶՄԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ» ՓՈՐՁԸ, ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՍԱՏԱՐԵՑ ՄԻԱՅՆ ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ Փետրվարի 25-ին գերմանալեզու լրատվամիջոցները հպանցիկ անդրադարձան Հայաստանի ներքաղաքական վիճակին, մասնավորապես ԶՈՒՙ վարչապետի հրաժարականի պահանջին: Գերմանական ռադիոնՙ «Դոյչլանդֆունկը» լուրը վերնագրել է «Իշխանության համար պայքար բանակի եւ կառավարության միջեւ», «Եվրոնյուզի» գերմանական ծառայությունըՙ «ԶՈՒ պահանջում է վարչապետ Փաշինյանի հրաժարականը», «Դեր Շպիգելը»ՙ «Վարչապետը հեղաշրջման փորձ է որակում եւ ազատում գլխավոր շտաբի պետին»: Մյուս լրատվամիջոցներըՙ «Դեր Շտանդարդը», «Վիիներ ցայթունգը», «Կուրիերը», RT-ի գերմանական ծառայությունը կրկնում են նույնըՙ ընդգծելով Ռուսաստանի վերաբերմունքը, որ հանդարտության կոչ է անում: «Այժմ կարեւորն այն է, որ իշխանությունը ժողովրդի ձեռքում մնա, քանզի այն, ինչ հիմա կատարվում է, ռազմական հեղաշրջում է», Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերից մեջբերում է «Վիիներ ցայթունգը», որ ներկայացնում է Ռուսաստանի դիտակետը, թե սա Հայաստանի ներքաղաքական հարց է, որ պիտի կարգավորվի երկրի սահմանադրությամբ: Կրեմլի խոսնակ Պեսկովը, ըստ Ինտերֆաքսի, որին հղում են անում գերմանալեզու ԶԼՄ-ները, հինգշաբթի օրը փոխանցել է, թե մտահոգությամբ են հետեւում Հայաստանում ընթացող իրադարձություններին: Գերմանալեզու մեդիան, մասնավորապես «Վիիներ ցայթունգը» նշում է, թե ընդդիմությանՙ վարչապետի հրաժարականի պահանջը սաստկացել է հատկապես Ադրբեջանի դեմ պատերազմից հետո, Փաշինյանի քննադատները նրան են մեղադրում պատերազմի պարտության եւ երկրին դավաճանելու համար: «Կուրիերը» նկատել է տալիս, թե հայտնի չդարձավՙ բանակը կառավարության ղեկավարին ուզում էր բռնի հեռացնել, թե՞ պարզապես պահանջում էր հրաժարականը: Ավստրիական այս լրատուն նշում է Երեւանում աշխատող dpa-ի լրագրողի իրազեկումը, թե ոստիկանությունը հոծ ներկայությամբ պաշտպանում է կառավարության շենքը, իսկ ընդդիմադիր բազմաթիվ քաղաքական գործիչներ ձերբակալվել են: Երեկվա լրահոսին հետեւելով հնարավոր չէ չնկատել, որ որեւէ երկիր, բացի Թուրքիայից, չդատապարտեց Հայաստանում «ռազմական հեղաշրջման» փորձը: Իսկ գերմանալեզու ԶԼՄ-ները, մեր կարծիքով, իրենց վերաբերմունքն արտահայտեցին չեզոք տեքստին խոսուն լուսանկարներ կցելով: «Դեր Շպիգելն» ընտրել է Հայաստանի վարչապետի այնպիսի լուսանկար, որ խմբագիր աշխատած Նիկոլ Փաշինյանին բարդ չի լինի հասկանալՙ ի՛նչ է ուզում ընդգծել գերմանական թերթը: Իսկ ավստրիական «Կուրիերը» երկու լուսանկար է կցել երեկվա տեքստին: Առաջինըՙ Ազատության հրապարակում անցալ շաբաթՙ փետրվարի 20-ին հավաքված ընդդիմությունն էՙ հոծ բազմությամբ, Իշխան Սաղաթելյանի պարզած բռունցքը, հայոց եռագույնը, իսկ ներքեւումՙ վարչապետի սպիտակ աթոռին բազմած սեւ-սպիտակ հանդերձով Նիկոլ Փաշինյանըՙ մենակ: Ժողովրդավար երկրներում հանրությունը զանազանում է պոպուլիստի, էգոիստի եւ ժողովրդավարի տարբերությունը: Իսկ քրիստոնեությունը պետական կրոն ընդունած աշխարհում առաջին երկրին հետեւում են զարմանքովՙ Մեծ պահքի շրջանում այսքա՛ն ամբարտավանությո՞ւն: |