ԿԱՆԵՓ ԱՃԵՑՆԵԼՈՒ ՀԵՌԱՆԿԱՐԸ ՀԱՍՄԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, 3-րդ կուրս լրագրություն Համավարակի եւ պատերազմի տնտեսական շոկերը հաղթահարելու միջոց, թե՞քայլ դեպի մարիխուանայի օրինականացում: Հայաստանում թելատու կանեփի կիրառության նախագիծ մշակվել էր դեռ 2018 թվականին, սակայն այդ ժամանակ այն կյանքի չկոչվեց: Օրերս կառավարությունը հաստատեց «Տնտեսական արձագանքման ծրագիրը եւ գործողությունների պլանը»ՙ բաղկացած 12 նպատակային եւ 14 աջակցության ծրագրերից,որոնցից մեկը վերաբերում է արդյունաբերական կանեփի աճեցմանը: Հայաստանում կանեփի բիզնեսով զբաղվելու հնարավորությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել պոտենցիալ ֆերմերների շրջանում: Նման հետաքրքրությունը հաշվի առնելով` էկոնոմիկայի նախարարը չի բացառում, որ տեխնիկական կանեփի առաջին օրինական ցանքատարածությունները Հայաստանում կհայտնվեն արդեն այս գարնանը: «Մենք հիմա ստեղծում ենք աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի թե՛ իրավական, թե՛ անվտանգային եւ թե՛ բիզնես հարցերը կարգավորելով: Մտավախություն կա եւ նախկինում եղել է նման փորձ տեխնիկական կանեփ աճեցնելու, որին հետո խառնվել է ոչ տեխնիկական կանեփը: Նման դեպքերից խուսափելու համար, աշխատանքային խմբում հենց սկզբից ներգրավվելու են իրավապահ մարմինների ներկայացուցիչները»,- ասում է էկոնոմիկայի նախարարըՙ Վահան Քերոբյանը : Տեխնիկական կանեփի մշակումը նույնիսկ ներառված է կառավարության հաստատած 2021թ-ի տնտեսական արձագանքման ծրագրում ու գործողությունների պլանում: «Բոլոր պարերը պարել էինք, մնացել էր կանեփը, հա՞: Եթե արդյունաբերական կանեփն այդքան լավ բան լիներ, ամբողջ աշխարհն արդյունաբերական կանեփ կցաներ: Տեղը չգիտեի՞ն, թե՞ սերմը չունեին»,- ասում է տնտեսագետ Արթուր Խաչատրյանը : «Կանեփի բոլոր տեսակները համարվում են թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող բույսեր», որոնք ընդգրկված են ՀՀ-ում արգելված մշակաբույսերի ցանկում, եւ եթե նույնիսկ խոսքն արդյունաբերական հումքի մշակման մասին է, այն որոշակի մտավախության պատճառ է. տեխնիկական կանեփի քողի տակ կարող է աճեցվել նաեւ դրա` թմրանյութ հանդիսացող տեսակը»,- մեզ հետ զրույցում նշեց Ս.Գասպարյանը : Պաշտոնական տեղեկանքի համաձայն, ՀՀ-ում տեխնիկական կանեփի մշակության հիմնական նպատակը դրանից թել ստանալն է: «Ցավոք, կանեփ ասելով այլ բան են հասկանում, մինչդեռ կանեփը շատ կարեւոր արդյունաբերական հումք է, կարելի է օգտագործել նաեւ տեքստիլ արդյունաբերության մեջ` թուղթ, ներկեր, լաքեր, կոսմետիկ միջոցներ, բժշկության մեջ կիրառվող յուղեր ստանալու նպատակով», ավելացրեց ֆերմեր Ա.Սարգսյանը : Մարդկանց կարծիքները տարբեր են, բայց սպասելիքները մեկըՙ որ այն մարիխուանայի օրինականացման «անտեսանելի» սկիզբն ու կապը չդառնա: |