«ՋՈՒՐՆ ԻՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԳՏԵԼ Է» Հ.Ծ. Այս խորագիրն է ընտրել ֆրեզնոյաբնակ երգահան եւ երգիչ Ջոզեֆ Պողիկյանն իր նոր ստեղծագործության համար, որն անդրադառնում է բնօրրանից տեղահանության եւ հայկական սփյուռքի կազմավորման թեմային: Ծրագիրը իրականացնելու նպատակով 2019-ի հոկտեմբերին Պողիկյանը Երեւան է փոխադրվել, որտեղ ուսումնասիրություններ է կատարել Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում եւ դասավանդել Երեւանի պետական երաժշտանոցում: Խորագիրը, որը փոխաբերական իմաստով նշանակում է արյան կանչն իր ճաապարհը գտել է, վերցված է, ըստ «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, Հրանդ Դինքի գրած մի հոդվածից այն մասին, թե ինչպես ֆրանսահայ մի տարեց կին մահանում է Թուրքիայում իր մանկության գյուղն այցելելիս: Երբ մարմինը հողին հանձնելու հարցն է առաջանում, գյուղացիներից մեկն առաջարկում է հենց այդ գյուղում էլ թաղել, քանի որ «Ջուրն իր ճանապարհը գտել էր»: Բնօրրանի հետ միաձուլվելու այս յուրահատուկ պատմության միջոցով Պողիկյանը փորձում է գտնել իր տեղն այս աշխարհում ինչպես հոգեւոր, այնպես էլ ստեղծագործական առումներով: Կոմպոզիցիայում ներառված ջրի գաղափարը, որ արյան կանչից բացի առնչվում է նաեւ տեղահանության հետ, ներկայացված է Կոմիտասի հավաքած ժողովրդական երգերից հատվածների միջոցով: Պողիկյանը կարողացել է վարպետորեն միահյուսել այդ հատվածները եւ հորինել բարդ ու տպավորիչ մի նոր ամբողջական ստեղծագործություն: Պողիկյանը մասնակցել է երաժշտական բազմաթիվ միջազգային փառատոների, ինչպիսիք են «Օregon Bach Festival-ը», «New Music on The Point Festival-ը» եւ միջոցառումների «Walt Disney Concert Hall-ում», «TENOR Conference-ում» (Մելբուռն) եւայլն: Նա նաեւ հիմնադիրն է էլեկտրոնային երաժշտական գործեր կատարող «Ensemble Decipher» խմբի: |