ԳՈՐԳԵՐԻ ԱՆՑԱԾ ՈՒՂԻՆՙ ՇՈՒՇԻԻՑ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՎԱՆ ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ, ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետ, Լրագրության բաժին 3-րդ կուրս Շուշիի գորգերի թանգարանի «բնակիչները» իրենց ժամանակավոր բնակությունն են գտել Երեւանի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: Թանգարանի փայտե դռներից այն կողմ ցուցադրված են 17-20-րդ դարերի գորգերի, ասեղնագործությունների, ասեղնագործ գորգերի ու կարպետների 71 նմուշներ: Շուշիի գորգերի թանգարանն իր տեսակի մեջ եզակի է, որն արդեն 10 տարվա պատմություն ունի: Այն ներկայացնում է հնագույն եւ ժամանակակից գորգեր: Մոտ 300 գորգերից կազմված թանգարանի մշտական ցուցադրությունը ներառում է 120-ըՙ «Վիշապագորգ», «Խնձորեսկ», «Աստղագորգ», «Ծաղկագորգ», «Ծաղկած խաչեր» եւ այլն. սրանք մշտական ցուցադրության ներկայացվող գորգերն են, որ հնարավոր եղավ փրկել քաղաքի լքման-գրավման ժամանակ: Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատուրյանը պատմում է. «Հոկտեմբերի 20-ին դեռ չէի ուզում, ինձ ասացին տեղափոխենք, ասացի` մի քիչ էլ սպասենք, բայց արդեն վերջին օրերին` հոկտեմբերին թանգարանի մոտ շատ հզոր հրթիռ պայթեց, որ ամբողջը ավերեց` պատուհաններ, դռներ, ամեն ինչ ջարդված էր, ես արդեն ստիպված էի տարհանել: Մի 100-120 գորգ մնաց, չհասցրեցինք տարհանել, կենցաղային իրերը, խեցեղենը, բրոնզե դարը, քարե դարը մնացին այնտեղ»: Նրա հաղորդմամբՙ Շուշիից հաջողվել է դուրս բերել շուրջ 160 գորգերի ցուցանմուշներ: Տեղափոխության ընթացքում որեւէ նմուշ չի վնասվել, տարհանված գորգերի մի մասն էլ շարունակում է մնալ Ազգային թանգարանի պահեստներում: Իսկ այստեղ ցուցադրված նմուշները դեռ մի քանի ամիս հասանելի կլինեն այցելուների համար: «Գորգը ժողովրդական արվեստ է, իսկ ժողովրդական արվեստը, որպես կանոն, հեղինակ չի ունենում, ժողովուրդն է դրա հեղինակը: Այս պարագայում, երբ հայտնի է` ո՛ր գորգը ո՛ր գյուղից է, շատ դեպքերում նույնիսկ, թե ո՛ր ընտանիքի կանայք են գործել այդ գորգը, մենք կարող ենք ասել, որ այն բացառիկության կնիք ունի իր վրա: Դրանից բացի, այսքան մեծ ցուցահանդես, այսքան ներկայացուցչական ցուցադրություն ես չեմ հիշում, որ Երեւանում էլի անցկացված լինի», ասաց Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը : Գունագեղ ու բազմաթիվ նախշերով հագեցած գորգերի մեջ աչքի են ընկնում հազվագյուտ նմուշներ, որոնք հարյուրավոր տարիների կյանք ունեն, ամենահինը 350 տարվա պատմություն ունի. «Ամենահինը 17-րդ դարի ասեղնագործություն է մետաքսի վրա, ամենաբարձր մակարդակի տեքստիլի աշխատանքն է, օրիգինալ վիճակում է, չենք վերանորոգել», իր խոսքում նշեց Վարդան Ասծատրյանը: Թանգարանի «բնակիչներից» ամեն մեկը իր պատմությունն ունի, որն էլ յուրահատուկություն է տալիս դրանց: Թանգարանի հիմնադրի խոսքովՙ նմուշների 90 տոկոսի սկզբնաղբյուրը հայտնի է: Ժամանակին թանգարանի ստեղծումը նպատակ է ունեցել փրկել արցախյան ավանդական գորգերը մոռացությունից ու Ադրբեջանի յուրացումից. «Չէի կարող նման հաճույք պարգեւել հարեւաններինՙ այս ամենը այնտեղ թողնելով: Փոքր ժամանակվանից աչքիս առաջ է եղել` ինչպես էին ադրբեջանցիները գյուղերով, տներով շրջում ու հին գորգերը գնում, նորերը տալիս, եւ իրենց թանգարանի 70 տոկոսը Ղարաբաղի հայկական գորգեր են», ասում է թանգարանի հիմնադիրը: Թե ինչ վիճակում են հիմա Շուշիում մնացած նմուշները, Վարդան Ասծատրյանը հստակ տեղեկություն չունի, միայն լուրեր կան, որ ադրբեջանցիները գորգերը հանել են թանգարանից եւ դրանց վրա նամազ են անում: Որեւէ նոր նմուշ դուրս բերելու հույս Վարդան Ասծատրյանը չունի: Այսքանից հետո պետք է աշխատանքային շաբաթն ամփոփել ու այցելել Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ ու ծանոթանալ Շուշիի գորգերի պատմությանը ու նրանց անցած ոդիսականինՙ Շուշիից մինչեւ Երեւան: |