ՀԱՅՈՑ ԲԱՌՈՒԲԱՆԻ ՔՈՒՐՄԸ ԴԱՎԻԹ ԳՅՈՒԼԶԱԴՅԱՆ
Հայ լեզվի, հայ մշակույթի ազնիվ մշակ էր Լեւոն Սարգսյանը: Նրան ճանաչելու հնարավորություն ընձեռեցին «Ազգ»-ի մշակութային հավելվածում իր հրաշալի հրապարակումները. տարիներ նա թղթակցում էր մեր թերթին, ի մասնավորի հայերենի, մեր գրական լեզվի նկատմամբ որեւէ ոտնձգություն, անգամ աննշան աղավաղում աչքից չէր վրիպում, արձագանքում էր անմիջապեսՙ խստաոճ, խստապահանջ, հանգամանալի, փաստերով, լակոնիկ: Ցավոք, մտավորական մեր միջավայրում այսպիսի սկզբունքային մարդիկ, անգամ մասնագետներ, շատ սակավ են: Եվ ահա այսպես վաղաժամ նա հեռացավ մեր կյանքից: Իր ֆեյսբուքյան էջում Լեւոն Սարգսյանի գրիչը բոլորովին այլ երանգով երեւացՙ բանաստեղծական, նուրբ քնարերգուի նոտաներով. զգայուն այդ հոգին մաքուր սիրո լարեր էր հնչեցնում: Այս խառնակ, մտատանջ օրերին զգացմունքի այդ տողերը օգնում էին մեր ներսում կուտակված ամպերը մի պահ ցրելու, կյանքի թաքուն հմայքները զգալու: Եվ հիմա չեմ կարող չհիշել նրա մարդկային նկարագրի մասին վկայող մի դրվագ, նրա վերաբերմունքը «Ազգ»-ի մշակութային հավելվածի դժվարին օրերին, երբ ամիսներ ֆինանսական պատճառով լույս չէր տեսնում: Ինչպիսի անհանգստությամբ էր Վանաձորից զանգահարում խմբագրություն, հետաքրքրվում եւ ոչ միայն. նա նախաձեռնեց վանաձորցի մտավորականների ստորագրահավաքՙ հաջակցություն թերթի այդ էջերի վերաբացման: Ասում էր. «Ափսոս է, մեր օրերի եզակի ամբիոն էՙ լեզվի պահպանման, բարձր մշակույթի քարոզչության»: Հազար ափսո՜ս... ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Մահը կյանքի ընթերական է, որից ոչ ոք խուսափել չի կարող: Այդ գիտակցումն ունեն բոլորը, եւ այնուամենայնիվ մարդկայնորեն անասելի ծանր է հարազատի, մտերմի հավերժ հեռացումը: Միակ սփոփանքը հեռացողի` շրջապատին թողած ջերմության հուշն է, հատկապես երբ հեռացողը իրական արժեքների կրող է: Ցավալի է, բայց փաստն այն է, որ հետխորհրդային ողջ շրջանում ազգային ծրագրերի երազանքով անկախացած Հայաստանում վտանգված է եղել հայոց արժեքային համակարգն ամբողջությամբ: Ավա՜ղ, շատերը չէ, որ խորությամբ են ըմբռնում դա, եւ այդ քչերից էր Լեւոն Սարգսյանը : Սուր էր Լեւոնի գրիչը, ճշգրտորեն դիպուկ եւ հեռահար: Սրանք ընթերցող հանրությանն ուղղորդող հատկություններ են, որոնք մղում են այդ հանրությանը ազնիվ դիմադրության` ի տես նրա ինքնապահպանման: Տարոլորտ խնդիրներ է արծածրել Լեւոնի գրիչը, եւ գրածը միշտ էր մասնագիտորեն արտակարգ: Լեզվի մասին գրելիս լեզվաբան էր նա, գրականության մասին գրելիս` գրականագետ, քաղաքականության մասին գրելիս` քաղաքագետ եւ այս ամենով պայմանավորված` խորագետ հրապարակախոս: Իր նախորդ բոլոր մեծերից ազգային արժեքներին տեր ու պաշտպան լինելու մարտական հմտությունն էր ժառանգել: Հայոց լեզվի` մեր իրականության մեջ պաշտոնական մակարդակով համատարած ապականությանը զուգընթաց, խորապես գնահատելով բարբառային հարստությունը` առաջնային եւ անզիջում կարեւորություն էր տալիս գրական հայերենի` իբրեւ ազգային միասնության խորհրդանիշի դերին, նրա պահպանման, «է» օժանդակ բայի քաղաքացիության պահանջին: Պարտավոր եմ տեղեկացնել, որ անցյալ տարվա կրթական չափորոշիչների նախագծի դեմ առաջին սուր ճոճողն էր Լեւոնը: Հակահայկական ծրագրերի դեմ լայնածավալ պայքարի սկիզբը նա՛ դրեց: Անզուգական են Լեւոն Սարգսյանի քաղաքական դիմանկարները, յուրաքանչյուրը` իրեն արժանի այպանանքով: Կարելի էր, իհարկե, վիճարկել նրա այս կամ այն միտքը, բայց անհնար էր անտարբեր անցնել նաեւ՛ այդ մտքերի կողքով: Բազմաշնորհ էր Լեւոն Սարգսյանը, եւ այդ շնորհներից էր վերուստ տրված գեղարարի ձիրքը: Եթե հրապարակախոսական հոդվածներում անզիջում մարտիկ էր, ապա բանաստեղծության տիրույթում (հատկապես վերջին շրջանի գործերում) իմաստուն ու նուրբ քնարերգակ էր: Կյանքի վերջին երեսուն տարին ապրում էր Վանաձորում: Այնտեղ հայտնվելուն պես այնպես ու այնքան էր աշխուժացրել քաղաքի գրավոր մշակույթի տարածքը, որ ցավով պիտի արձանագրեմ` նրա հեռացմամբ մի տեսակ որբացավ նաեւ այդ քաղաքը: Մթնոլորտարար կերպար էր: Երկար տարիներ լինելով Վանաձորի պետական համալսարանի լրատվության բաժնի վարիչը` դասախոսից մինչեւ ուսանող իր սպասելի հյուրն էր դարձել: Քանի՜ քանիսին է օգնել` աներեր ոտք դնելու գրական ճանապարհ: Լեւոնի խմբագրության գողտրիկ սենյակը առողջ մտասերման յուրովի կացարան էր դարձել, մշակութային գունոլորտով լեցուն մի կացարան, որի` իրեն դիմահայաց պատի` պատմական Հայաստանի հատվածական քարտեզին թափանցիկ եւ նկատելի գրով դաջված էր` Ալաշկերտ` պապերուս էրգիր... Արդ` բարի ե՛րթ քեզ դեպի քեզ սպասող մեզ անհայտ տարածություն, հայոց բառուբանի քուրմ իմ ալաշկերտցի՛ ընկեր: Քո կորստյան վիշտը միայն հարազատներինդ, ընկերներինդ եւ ծանոթներինդ չէ: Կիսով չափ ամայացավ քաղաքիս գրագիտությունը: Քեզնով, քո արդեն հուշ դարձող գոյությամբ ազգային արժեքների պաշտպան ու պահապան հայ ռազմիկի կորստյան ցավ է ծանրացած հիմա հոգումս... 03.02.2021 թ. |