RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#006, 2021-02-19 > #007, 2021-02-26 > #008, 2021-03-05 > #009, 2021-03-12 > #010, 2021-03-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 05-03-2021



Տեղադրվել է` 2021-03-04 22:19:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1363, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹԵԹԵՎ ԶՐՈՒՅՑ ԾԱՆՐ ՑՈՐԵՆԻ ՇՈՒՐՋ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Երկիր մոլորակի վրա տարածված այս մշակաբույսը մշտապես է գտնվել հայաստանաբնակներիս ուշադրության կենտրոնում: Իր սննդային ու որակական հատկանիշների շնորհիվ ցորենից ստացվող մթերքները համարվել են մարդկանց համար առաջնահերթություն: Այստեղ թերեւս կարեւորվել է հացի ստացումը, որը շատ հաճախ համարվում է սեղանների զարդ: Այն նաեւ հիշատակվում է տերունական աղոթքից մինչեւ ժողովրդական խոսքի մեջՙ հաց ու պանիր, կեր ու բանիր եւ համանման շատ այլ տեսքերով:

Ցորենը հնագույն մշակաբույս է: Մեր թվարկությունից 6-7 հազար տարի առաջ այն արդեն հայտնի էր առաջավոր Ասիայիՙ Իրաքի, Սիրիայի, Եգիպտոսի տարածաշրջաններում: ՀՍՀ հանրագիտարանից նաեւ տեղեկանում ենք, որ 1939-41 թվականներին Կարմիր բլուրում իրականացված հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերվել են հացահատիկի ածխացած հատիկներ: Մ. Թումանյանի ուսումնասիրություններից պարզվել է, որ դրանք ցորենի հատիկներ են, որոնք 2,5 հազար տարի առաջ այս տարածքում մշակվել են մերկահատիկ կոչվող ցորենից: Հացահատիկի այս տեսակը սննդարար է, ունի բարձր կալորիականություն, պարունակում է 10-25 տոկոս սպիտակուցներ, 60-64 տոկոս ածխաջրեր, 2 տոկոս ճարպեր, թաղանթանյութ, վիտամիններ, ֆերմենտներ, հանքային նյութեր: Ցորենն օգտագործվում է հացի, ձավարի, մակարոնի, հրուշակեղենի արտադրություններում, նաեւ սպիրտ, օսլա,սոսինձ ստանալու նպատակով: Մինչեւ 2-րդ համաշխարհային պատերազմը ՀՍՍՀ-ում ցորեն մշակվել է 350 հազար հեկտարի վրա, միջինը 2 տոննա բերքի ստացումով: Հետպատերազմյան շրջանում մոսկովյան Գոսպլանի կողմից ցորենի մշակումը ՀՍՍՀ-ում իջեցվեց մինչեւ 150 հազար հեկտարի: Ազատված հողերում ծավալվեց միրգ-բանջարեղենի մշակություն, առավելապես երկրի հյուսիսային շրջանների բնակչության պահանջները բավարարելու նպատակով: Հայաստանը հայտնվեց ներկրումների պայմաններում:

Հանրապետության բնակչության ցորենի պահանջարկի բավարարումը խնդիր դարձավ նորանկախ Հայաստանում: Տարբեր տարիներ, կախված բնակլիմայական եւ այլ պատճառներից, ցորենի տարեկան արտադրությունը տատանվել է 250-450 հազար տոննայի սահմաններում, երաշխավորելով հազիվ 30-40 տոկոս ինքնաբավություն: Հարցը մշտապես է մտահոգել ՀՀ իշխանություններին, ամենատարբեր ծրագրեր են իրականացվել, որոնք շոշափելի արդյունքների չեն հանգեցրել: Վիճակը փոքր-ինչ բարելավվեց Արցախի ազատագրված տարածքներում ցորենի մշակում իրականացնելու շնորհիվ, որն, ավա՜ղ, 2020-ի պատերազմի հետեւանքով դադարեցվեց: Սակայն այնպես չէ, որ խնդիրը չի լուծվում ՀՀ սակավահողության պատճառով, որը հաճախ են հիշատակում ոլորտի համար պատասխանատուներն ու անգամ գյուղատնտեսության մասնագետները: Հարցն առավելապես այլ ոլորտում էՙ արդյունավետ գործունեության ծավալման: Տասնամյակներ շարունակ մեզանում ամրագրվել է, որ հայոցս վարելահողերին ի պահ տրված ցորենի սերմը միջինը 2000 կգ ցորեն է դառնում, թեեւ առանձին ֆերմերային տնտեսություններում ապահովվում է մինչեւ 7000 կգ բերք: Արդյունքում անգամ 200 հազար հեկտար ցանքս իրականացնելու պարագայում ՀՀ ԱՎԾ-ն հաղորդում է մինչեւ 400 հազար տոննա բերքի մասին: Իսկ ահա աշխարհի չորս կողմերի շատ երկրներում բերքի այս քանակը ստանում են 60-70 հազար հեկտար ցանքատարածություններից, առերեւույթ չնշմարվող սովորական աշխատանքի շնորհիվ: Այնպես որ հեկտարից 6-7 տոննա ցորենի բերքի պարագայում ՀՀ բնակչության հաց-հացամթերքների պահանջը բավարարելու համար բավական է մինչեւ 100 հազար հեկտարի վրա ցորենի աճեցումը, որը ՀՀ վարելահողերի հազիվ 20 տոկոսն է կազմում: Խնդիրը մեկընդմիշտ կլուծվի, մեր մարդկանց անհանգստությունը կվերանա: Ինչպես երկիր մոլորակի շատ կողմերում:

Ըստ ԱՄՆ-ում 1868 թվականից լույս տեսնող «Համաշխարհային փաստեր. 2021» տեղեկատուի, ցորենի համաշխարհային արտադրությունը 2000-2018 թվականներին 585 մլն տոննայից հասել է 734 մլն տոննայի: Առաջատարը Չինաստանն է, համապատասխանաբար 100 եւ 131 մլն տոննա, երկրորդըՙ Հնդկաստանըՙ 76 եւ 100 մլն տոննա, երրորդը ՌԴ-նՙ 35 եւ72 մլն տոննա, ապա ԱՄՆ-նՙ 61 եւ 51 մլն տոննա: Գերտերությունում բերքի նվազումը որեւէ խուճապ չի առաջացրել, որպիսի փաստ նկատում ենք նաեւ Գերմանիայի, Ավստրալիայի, Թուրքիայի, Իտալիայի, այլ երկրների պարագայում: Նկատելի է, որ թե՛ համաշխարհային առումով, թե՛ հիշատակված երկրներում 1 բնակչի հաշվով ցորենի տարեկան արտադրությունը տատանվում է 100-130 կգ-ի միջեւ, որը մեզանում շատ հաճախ այլ գնահատական է ստանում. իմաՙ հայերս հացակեր ազգ ենք: Պարզապես չնկատելու ենք տալիս, որ երբ սեղանին ուտեստները բավարար ու բազմազան են, սեղանակիցները հացի կողմը չեն նայում: Վստահեցնում եմ, որ այսօրինակ վիճակ է եվրոպահայերի մեծ մասի մոտ, անգամՙ վերջին տարիներին այստեղ հայտնված հայաստանցիների: Երբ սեղանին կաթնա-մսամթերքների առատ տեսականի կա, մեր սրբություն-սրբոց հացը պարզապես չի նշմարվում: Կեսկատակ. երկու ընկերների զրույցի ընթացքում մեկն արձանագրում է, որ Ֆրանսիայում 450 տեսակի պանիր կա եւ 430 տեսակի հաց: Երկրորդը տարակուսած հարցնում է .-բա 20 տեսակի պանիրն ինչո՞վ են ուտում:

Անշուշտՙ ոչ գաթայով, քանզի նման կատակ մեզանում շրջանառվում է. հաց չկաՙ գաթա կեր: Մեր պարենանվտանգության եւ պարենապահովության պատասխանատուների պարտականություն-խնդիրն էՙ երաշխավորել մարդկանց հանապազօրյա հացը, ինչ ծավալներով էլ այն լինի: Հայոց հողը դրա երաշխիքը տալիս է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 05-03-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ