ԻՆՉ ԱՆԵԼ ԳԵՎՈՐԳ ՄԱՆՈՒԿՅԱՆ, Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնի նախագահ, Մայր աթոռի Եկեղեցական ներկայացուցչական ժողովի պատգամավոր Հայոց պետականությունը հետընթաց, ծանր ժամանակներ է ապրում, եւ մենք իրավունք չունենք թույլ տալ, որ իրադարձությունները մեզ շպրտեն ետՙ դարերի խորքը, երբ օտարի լծի տակ հեծեծող մեր նախնիները երազում էին կորցրած պետականության մասին, մշակում պլաններ, գրում դատաստանագրքեր ու սահմանադրություններ նվիրական երազանքիՙ պետականության վերականգնման համար: Ավելի հեշտ է փրկել եղածը, կանխել ավելի մեծ աղետը, քան ամբողջությամբ կործանվել եւ դարձյալ` երազել, Իսրայել Օրու եւ հայրենանվեր մեր մյուս նախնիների օրինակով, տարբեր տերությունների եւ միջազգային ատյանների շեմերը մաշել: Սթափվե՛նք եւ կա՛նգ առնենք գահավիժելուց, քանի դեռ չենք կորցրել ամեն ինչ: Հիշե՛նք, որ այսօր մենք աշխարհի գրեթե բոլոր երկրների կողմից ճանաչված, միջազգային խոշորագույն կազմակերպություններին անդամակցող երկիր ունենք, որն աշխարհի տասը միլիոն հայերիս հույսն ու ապավենն է: Հիշե՛նք, որ թեեւ թուլացած, բայց ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ունենք, թեեւ պարտվածՙ բայց ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱ՛Կ ունենք: Այս նամակը գահավիժումը կասեցնելու ուղղությամբ մեկ կարեւոր քայլ կատարելու մասին է: Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում հետախուզական ցանցեր կամ գործակալներ ունեն մեր բոլորՙ չորս հարեւաններըԱդրբեջանը, Թուրքիան, Իրանը եւ Վրաստանը: Կասկածից վեր է, որ Հայաստանում գործակալներ ունեն նաեւ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Իսրայելը:Հավանաբար,տարածաշրջանում իրենց շահերն ունեցող այլ երկրներ եւս գաղտնի գործակալներ ունեն մեր երկրում.Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ֆրանսիան եւ այլն: Իհարկե, օրինականացված գործակալական ցանցեր ունեն նաեւ ՀՀ Ազգային անվտանգության, ոստիկանության, հարկային եւ այլ ծառայությունները: Զարհուրելի է մի փոքրիկ երկրում այսչափ քողարկված թշնամիների առկայության պատկերը:Լրտեսների, գործակալների քանակն այնքան մեծ է, որ դրանց շնչառությունն ու շոշափուկները երբեմն լսելի եւ նկատելի են: Դրանք քաղցկեղի պես տարածված են հասարակության բոլո՛ր հատվածներում. պետական մարմիններում, ձեռնարկատիրության ոլորտներում եւ, իհարկե, քաղաքացիական հասարակության կազմակերպություններում: Դրանցից որոշներն, անշուշտ, գործում են միջազգային կազմակերպությունների գործառույթների, այդ թվումՙ «մարդասիրական» ծրագրերի շրջանակներում: Դրանք իրենց գործողությունները համեմում են արտաքուստ գեղեցիկ գաղափարներով եւ կիրառում այնպիսի հզոր գործիքներ, ինչպիսիք ենՙ ժողովրդավարության, մարդու իրավունքների, փոքրամասնությունների իրավունքների, խտրականության դեմ պայքարի, գենդերային հավասարության միտումնավոր խեղաթյուրված գաղափարները: Այս ոլորտներում, եւ առաջին հերթինՙ քաղաքացիական հասարակության շրջանում կան ե՛ւ հավաքագրված, կոչենք նրանց «հաստիքային», գործակալներ, եւ՛այսպես կոչենքՙ «մոլորված» գործակալներ, որոնք անկեղծորեն հավատում են, որ դրամաշնորհների դիմացՙ անմեղ, բարի եւ ազնիվ գործ են կատարում: Այս իրավիճակի դառը հետեւանքները հայ ժողովուրդը ճաշակեց 2020թ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում: Բոլորովին էլ անհիմն չեն լրատվամիջոցներով ներկայացվող հարյուրավոր փաստերը դավաճանությունների, դավադրությունների մասին: Պատերազմից դեռեւս ամիսներ առաջ, երկրի վարչապետն անձամբ էր խոսում կառավարման համակարգում եւ իրավապահ մարմիններում եղած դավաճանությունների մասին(1): Այսօր, պատերազմից վիրավոր ու բզկտված մեր Հայրենիքում վխտացող լրտեսներն ու գործակալները մահաբեր ականներ եւ որոգայթներ են, որոնց հայտնաբերումն ու վնասազերծումը հայազգի եւ պետականության անվտանգության ծառայությունների առաջնային խնդիրներից է: Մենք, ցավոք, չունենք բավականաչափ ուժեղ եւ հուսալի ազգային անվտանգության ծառայություն եւ հակահետախուզություն, որոնք կկարողանային համապատասխան հատուկ միջոցներով հայտնաբերել եւ վնասազերծել թշնամական գործակալներին ու լրտեսներին: Այդ մասին է վկայում վերջին աղետալի պատերազմը, որի ընթացքում թշնամուն հաջողվեց հենց լրտեսական, գործակալական ուժերի օգնությամբ թուլացնել, բարոյալքել եւ կազմալուծել հայոց բանակը:Այդ մասին վկայող ակնհայտ փաստերից ենՙ պատերազմից առաջ չկրակող, ցածրորակ զենքերի գնումները, բավականաչափ զինամթերք չպահեստավորելը, իսկ պատերազմի ընթացքումՙ բանակում կարգապահության ցածր մակարդակը, զորահավաքի ոչ պատշաճ կազմակերպումը, կասկածելի հիմնավորվածությամբ շարունակական նահանջի հրամանների արձակումը, Շուշի անառիկ բերդաքաղաքիՙ հաշված օրերի ընթացքում անկումը, ճակատից ետ վերադարձողներից զենքի, զինամթերքի հանձնման - ընդունման անբավարար կազմակերպումը: Այս եւ նմանատիպ բազմաթիվ փաստերի հիման վրա կարելի է պնդել, որ պատերազմի ելքը մեծապես վճռվել է թշնամուն փոխանցված լրտեսական, գործակալական տվյալների միջոցով: Սակայն մենք անհուսալի վիճակում չենք: Լրտեսներից եւ գործակալներից պաշտպանվելու համար, նախՙ պետք է ճանաչել նրանց: Պայմանականորեն, բաժանենք նրանց երկու խմբիօտարերկրացիների, ովքեր Հայաստանում օրինական աշխատանք ունեն եւ որոնց ճանաչելն համեմատաբար հեշտ է(2) եւ ծպտյալ հայազգի լրտեսների, ում հայտնաբերելն անհամեմատ դժվար է: Սակայն, Աստվածաշունչը տալիս է կողմնորոշվելու ճշգրիտ բանալին. «Իրենց պտղից կճանաչեք նրանց... Լավ ծառը չի կարող վատ պտուղ տալ, եւ ոչ էլ վատ ծառըՙ լավ պտուղ(3)»: Լրտեսներին եւ ծպտյալ գործակալներին ճանաչելով, հայտնաբերելով, մեզնից յուրաքանչյուրը կարող է թշնամուն ուժեղ հակահարված տալՙ(4) պարզապես, առաջին, դադարելով նրանց ծառայելուց եւ երկրորդՙ հրաժարվելով նրանց կողմից հավաքագրվելուց ու երրորդՙ ստույգ տեղեկություններ ունենալու դեպքում տեղյակ պահելով համապատասխան մարմիններին: Դիմում եմ աշխարհի բոլոր հայերին եւ առաջին հերթինՙ երիտասարդներին, ովքեր թշնամական ծառայությունների կողմից արդեն հավաքագրված են կամ առաջիկայում կարող են հավաքագրվել: Սիրելի եղբայրներ ու քույրեր, Հիշե՛նք հայ ժողովրդի, մեր նախորդ ու գալիք բոլոր սերունդների առաջ ունեցած մեր պատասխանատվությունը, հիշե՛նք Հայկ Նահապետից մինչեւ Անդրանիկ զորավարի ու Նժդեհի, Լեոնիդ Ազգալդյանի ու Մոնթե Մելքոնյանի պատգամները, հիշե՛նք Մեծ եղեռնի 1.5 միլիոն անմեղ զոհերի եւ Եռաբլուրում ամփոփված մեր հազարավոր հերոս նահատակների դեռեւս թարմ շիրիմների, նրանց ծնողների ու երեխաների առաջ մեր պատասխանատվությունն ու հեռու՛մնանք Հայրենիքի դավաճանության, հայրենադավության ստոր ու զազրելի ճանապարհից: Մի՛ գայթակղվեք թշնամիների առաջարկած գումարներով ու հրապուրիչ այլ առաջարկներով: Հայ ժողովրդի նզովքն ու Աստծո բարկությունը մի՛կուտակեք ձեր եւ ձեր երեխաների, ձեր սերունդների վրա: Փորձության այս ժամինՙ արժանի լինենք Հայկազունների կոչմանը, եւ մեր Սուրբ Հավատն առ Աստված մեզ կառաջնորդի իր փրկության ուղիներով: 2021-02-06 1) 2020թ փետրվարի 26-ի խորհրդակցությունում վարչապետ Փաշինյանը ասել է «իրավապահ համակարգի ամենավերին օղակներում եղել են բառիս բուն իմաստով դավաճաններ, որոնք կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարի ծխածածկույթի տակ առաջնորդվել են այլ հաշվարկներով եւ այլ հանձնարարություններով:» https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2020/02/26/Nikol-Pashinyan-meeting/ 2021թ հունվարին մամուլում հրապարակվեցին տեղեկություններ ՀՀ ԱԺ նախագահ Ա Միրզոյանիՙ Թուրքիայի եւ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կրկնակի գործակալ լինելու մասին: Խիստ մտահոգիչ են անձամբ վարչապետ Փաշինյանի կողմից երկու անգամ քաղաքացիական բախումներ հրահրելու բացահայտ կոչերը: 2021թ նոյեմբերի 10-ին ԱԺ նախագահ Ա Միրզոյանին ծեծի ենթարկելու առիթով նա ասել էՙ «կոչ եմ անում պատրաստվել վրեժի», իսկ նոյեմբերի 16-ին իր ՖԲ էջում դիմելով առաջնագծի զինվորներին, գրել էՙ «Սպասում եմ ձեզ Երեւանումՙ վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը», նկատի ունենալով հանրահավաքներում իր հրաժարականը պահանջողքաղաքացիներին: https://factor.am/309894.html.factor.am: 2) Իհարկե, սա բոլորովին չի նշանակում, թե բոլոր օտարերկրացիները լրտես կամ գործակալ են: 3) Մտթ.7:16,18: 4) Չեմ հորդորում բոլոր նման դեպքերում ՀՀ ԱԱԾ կամ մյուս իրավապահ մարմիններին դիմել, քանզի դրանց անկարողությունը եւ անվստահելիությունը բացահայտվեց հենց պատերազմի ընթացքում եւ արդյունքում: Սակայն յուրաքանչյուր դեպքում պետք է կողմնորոշվել ինքնուրույն: |