RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#008, 2021-03-05 > #009, 2021-03-12 > #010, 2021-03-19 > #011, 2021-03-26 > #012, 2021-04-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 19-03-2021



Տեղադրվել է` 2021-03-18 23:09:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1437, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊՏՈՒՅՏ ՎԵՐՆԻՍԱԺՈՒՄ

ՀԱՍՄԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՀՊՄՀ լրագրության 3-րդ կուրս

- Առանց զբոսաշրջիկների Վերնիսաժն իրեն նման չէ...

Կանանց միամսյակին զուգահեռՙ Վերնիսաժում նախատոնական իրարանցում չի նկատվում: Անցորդները թռուցիկ նայում են վաճառասեղաններին ու գրեթե կանգ չեն առնում: Ձեռագործ զարդերից մինչեւ հուշանվերներ ու արժեքավոր հնություններ առաջարկողները գնորդներին միանգամից են ճանաչումՙ մոտենում ու սկսում են ներկայացնել իրենց ապրանքները:

«Սկզբում առաջարկում ենք ամենաթանկ ապրանքը, այնուհետեւ աստիճանաբար անցնում էժանին: Եթե մարդը գործի գիտակ է, նախեւառաջ նրան վարպետների գործեր ենք առաջարկում: Նման հաճախորդներին դեմքով ենք ճանաչում եւ փոքր զեղչեր անում: Իսկ եթե հաճախորդը խորհրդի կարիք ունիՙ ինչ ընտրել զարդի հետ, նրան խորհուրդ ենք տալիս այցելել ձեռագործ պայուսակների եւ շարֆերի տաղավար», մեզ հետ զրույցում ասաց վաճառողներից մեկը:

Երեւանի ամենակոլորիտային տոնավաճառում` գույնզգույն եւ վառ քարերով, արծաթից պատրաստված իրերն ու բիժուտերիան շարված են մոմակալների, ծաղկամանների, սրճեփների, փայտից ու մետաղից պատրաստված ապրանքների կողքին:

Ապրանքատեսակների ու արվեստի մակարդակի հասնող գործերի շարքում անցյալ տարվանից հայտնվել է եւս մեկըՙ խիստ արդիական ու պահանջարկ ունեցող:Այստեղ սկսել են նաեւ դիմակ վաճառելՙ հայկական զարդանախշերով,վաճառողն ինքն էլ կրում է այն: Վերնիսաժի այցելուն նախ նրա մեծ ու կարմիր նռան նկարով դիմակն է նկատում, հետո պարզում, որ դրանից նաեւ վաճառքում կա:

Մի քիչ տարակուսած հարցին, թեՙ բայց դա վարակից չի պաշտպանի, վաճառող Թորոսը դիմակի տակից այսպիսի արձագանք է տալիսՙ «Կպաշտպանի, էն էլ ոնց կպաշտպանի»:

Անահիտը , որն իր պատրաստած զարդերն է վաճառում, պատմում է, որ հաճախ իրեն ծաղիկներ էին նվիրում, եւ նա որոշեց դրանք օգտագործել իր աշխատանքներում: Նրա հաճախորդները հիմնականում կանայք են: Աղջիկներն իրենց մայրիկներին ու տատիկներին մեծ կախազարդեր են նվիրում, իսկ իրենք իրենցՙ նուրբ ծաղիկներով ականջօղեր:

«Այս ծաղիկները երբեք չեն թոռոմի: Ամեն անգամ կանայք այս զարդերը կրելիս կհիշեն ինձ եւ նրան, որն իրենց նվիրել է: Մի՞թե հրաշք չէ», ասում է նա ժպիտով:

Հարեւան վաճառասեղանի վաճառողն արագ միանում է զրույցին եւ ասում, որ հրաշքն այն է, երբ կավի փոքր կտորից թեթեւ բաժակ է ստացվում, որից ամեն առավոտ կարելի է համեղ սուրճ խմել ու դրական հույզեր ստանալ,ապա ցույց տալիս իր պատրաստած բաժակները ու ավելացնում.

«Այս բաժակները գնել են տասնյակ երկրների զբոսաշրջիկներ ու դրանցից սուրճ են խմում աշխարհի տարբեր քաղաքների բնակիչներՙ Մոսկվայից մինչեւ Լոս Անջելես»:

Վաճառողներից յուրաքանչյուրը հաճախորդի ու սեղանիկի հետ կապում են ոչ միայն իրենց ապրած տարիները, այլեւ սիրած աշխատանքը, որին նվիրել են կյանքի մեծ մասը: Այն, ինչ ներկայացված է այստեղ, ստեղծվում է նրանց ամենօրյա ստեղծագործ աշխատանքի շնորհիվ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 19-03-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ