«ԹՈՒՐՔԵՐՆ ԱՆՑԱՆ ԱՅՍՏԵՂԻՑ» Դոկտ. Հենրիկ ԲԱԽՉԻՆՅԱՆ Ֆրանսիական գրականության խոշորագույն դասականներից մեկըՙ Վիկտոր Հյուգոն առանձնահատուկ հակակրանք է տածել թուրք ցեղի հանդեպ, ինչը որոշ արձագանք է գտել նրա ստեղծագործություններում: Այսպես, «Արքան զվարճանում է» նշանավոր պատմական դրամայի առաջաբանում իր այդ թատերգության ներկայացումները «Կոմեդի ֆրանսեզում» դադարեցնելու հրաման արձակած մինիստրների խորհրդին նա համեմատել է թուրքական դիվանի, իսկ Փարիզըՙ վիլայեթի հետՙ գրելով մեզ համար արդիական այս տողերը. «Ո՞ւր է օրենքը, ո՞ւր է իրավունքը, ինչպե՞ս կարող է դա պատահել: Իսկապես եղե՞լ է այն, ինչը հուլիսյան հեղափոխություն են կոչում: Մենք այլեւս Փարիզում չե՞նք: Ո՞ր վիլայեթում ենք ապրում: Ապշած ու շվարած «Կոմեդի ֆրանսեզը» որոշ ջանքեր թափեցՙ հասնելու համար մինիստրի այդ տարօրինակ որոշման բեկանմանը: Բայց զո՜ւր ջանքեր: Դիվանը, շփոթվեցի, մինիստրների խորհուրդը հավաքվեց...»: Նույն թատերգության մեջ, գլխավոր հերոսներից մեկիՙ Ֆրանսուա I թագավորի մի խոսքում թուրք բառը գործածված է իբրեւ դաժանության հոմանիշ («Ինչո՞ւ Աստված այս դիցուհու մարմնի մեջ դաժան թուրքի սիրտ դրեց»)... Հյուգոյի «Արեւելյան մոտիվներ» (1829) քերթվածների ժողովածուի որոշ գործեր ներշնչված են 1821-1827 թվականներին թուրքական լծի դեմ հույն ժողովրդի մղած ազատագրական պայքարով: Դրանց մեջ նշանավոր է հատկապես «Տղան» վերտառությամբ բանաստեղծությունը (1828)ՙ գրված հունական Քիոս կղզում թուրքական դաժան սպանդի առթիվ: Քերթվածի առաջին կիսատողըՙ «Թուրքերն անցան այստեղից», դարձել է բարբարոս ցեղը բնութագրող լավագույն ասույթներից մեկը: Հույն տղային ձոնված բանաստեղծությունը, որ նույն հաջողությամբ կարելի է ձոնել նաեւ հայ տղային, վաղուց ի վեր մուտք է գործել հայ իրականության մեջ, սիրվել է ու ներգործել: Նրա անմիջական ազդեցությամբ են ստեղծվել Մկրտիչ Պեշիկթաշլյանի «Հայ քաջորդին», Հովհաննես Հովհաննիսյանի «Հայ մանուկը», Ստեփան Մալխասյանցի «Որբ հայ տղան»: Քերթվածը հայերեն թարգմանել են Ալեքսանդր Ծատուրյանը, Արշակ Չոպանյանը եւ ուրիշներ, նաեւՙ մենք: Ամեն տարի մարտի 25-ին հույներն աշխարհում նշում են Հունաստանի անկախության օրը: Այս տարի լրանում է այդ կարեւոր իրադարձության 200-ամյակը, որի առթիվ էլ որոշեցինք ընթերցողին ներկայացնել մեր թարգմանության վերանայված տարբերակը: ՎԻԿՏՈՐ ՀՅՈՒԳՈ ՏՂԱՆ Թուրքերն անցան այստեղից. սուգ ու ավեր է չորս դին, Քիոս կղզին գինեվետ դարձել է խութ խավարչտին: Հովանու տակ ծառերի Արտացոլում էր նա ջինջ ալիքների մեջ չքնաղ Դղյակներ ու պուրակներ եւ իրիկունը հաճախՙ Խումբը պարող կույսերի: . Ամայությո՜ւն է... Բայց ո՛չ, մի սեւացած պատի մոտ Նստած է մի հույն տղաՙ կապուտաչյա ու թախծոտ, Գլխահակ ու դառնամած. Ուներ որպես ապաստան, որպես միակ հենարան, Ալոճենի մի ճերմակ, մի ծաղկաթուփՙ իր նըման Կործանումից վրիպած: . - Ա՜խ, խե՜ղճ տղա, բոկոտնՙ փապարների մեջ ժեռուտ, Ի՞նչ անեմ, որ չորացնես երկնի, ծովի պես կապույտ Աչքերը քո վշտակեզ, Որ արցունքից փոթորկված լազուրի մեջ անսահման Նորից փայլակը ցոլա բերկրանքի ու խնդության, Եվ գլուխդ բարձրացնես: . Ասա՛, արդյոք ի՞նչ բերեմ, սիրո՜ւն տղա, քեզ համար, Որ դու ուրախ շաղ տաս քո խոպոպները խենթաբարՙ Ուսերին քո սպիտակ. Մազերդ, որ չեն կրել անարգանքը երկաթի, Որոնք լալիս ենՙ թափված քո գեղեցիկ ճակատինՙ Ուռենու պես հերարձակ: . Ի՞նչը կարող է ցրել մառախուղը քո ցավի. Կուզե՞ս շուշանն այն կապույտ, աչքերի պես քո ծավի, Իրանի մութ լճակից, Կամ պտուղը տուբայիՙ հսկայական այն ծառի, Որից նժույգը պիտի վարգով վազի բյուր տարի, Որ դուրս գա իր շվաքից: . Կուզե՞ս արդյոք, որ ժպտաս, այն թռչնակին գունագեղ, Որ երգում է ծնծղայից ավելի բարձր ու հնչեղ Եւ սրինգիցՙ քաղցրորակ, Ի՞նչը կուզես. ծաղի՞կը, պտո՞ւղը թե՞ թռչնակին: - Բարեկա՛մս. - հույն տղան պատասխանեց տենդագին, - Կուզեմ վառոդ եւ գնդակ: Նկար 1. Էժեն Դելակրուա, «Հույն-թուրքական ճակատամարտ», 1821: |