ԳԼԵՆ ՉԵՍՆԱՏԻ ԳՐՔԵՐԸՙ ՀԱՅԵՐԻ ՎԵՐԱՊՐԵԼՈՒ ԿԱՄՔԻ ՄԱՍԻՆ Հ.Ծ. «Մենքՙ հայերս վերապրեցինք: 1920-ի Մարաշի մարտերը» (We Armenians Survived! Battle of Marash, 1920) եւ «Գլեն Չեսնատի գրական ժառանգությունը» (Written Works of Glen Chesdnut) խորագրերով գրքերը ուշագրավ բազմաթիվ պատմություններ են պարունակում հայերի (եւ ոչ միայն) վերապրելու կամքի մասին: Առաջինում բնաջնջման ենթարկված ժողովրդի տարագրությունն է դեպի Ամերիկաՙ փախչելով 1920 թվի Մարաշում թուրքերի կազմակերպած զարհուրելի կոտորածներից: Երկրորդումՙ Ամարիլոյի (Տեխաս) խանձված դաշտերից ու փոշեպատ մթնոլորտից դեպի Կալիֆոռնիայի կանաչ արոտավայրերը տեղափոխվելու ոդիսականը: Գլենը Սեմ եւ Ուլտա Չեսնատներիՙ տեխասաբնակ ագարակատերերի կրտսեր զավակն է, որ նախ կովբոյ (կովարած), իսկ ապա նավաստի (Սան Ֆրանցիսկոյում) աշխատելուց հետո դարձել է ինքնուս բանաստեղծ եւ կարճ պատմվածքների հեղինակ: Արդեն 45 տարի է, ինչ ամուսնացած է ամերիկահայ Էլենի հետ: «Հպարտ եմ, որ մարաշցի իմ մոր եւ մյուս 8 հայերի սարսափելի պատմությունները կարողացա վերապատմել: Այդ փրկվածները մի շատ փոքրիկ մասն են կազմում տասնյակ հազարավորների, որոնք զոհ գնացին Մարաշի արյունահեղություններին եւ հայկական Սբ. Աստվածածին եկեղեցու հրկիզումին», նշել է Էլենը օրինակ բերելով փրկվածներից Բեն Բաղդիկյանին («Մեդիա մենաշնորհ»-ի- Media Monopoly հեղինակի) եւ Տիգրան Պերպերյանին (համահեղինակ-գյուտարար մալարիայի դեմ օգտագործվող «Պլաքենիլ» դեղամիջոցի, որն այժմ ծանոթ է «Հիդրոքսիքլորոքին» անունով): Առաջինը շատ փոքր է եղել եւ հետեւել է նահանջող ֆրանսիական բանակի զինվորներին, որոնցից շատերը սենեգալցիներ են եղել: Երկրորդը 17 տարեկան է եղել եւ հանդիպել է իր հոր սպանողինՙ իրենց տան հարեւան թուրքին, որ հպարտությամբ նրան ցույց է տվել հորը գրպանի ժամացույցը: Հետաքրքրական մանրամասնություններով այս պատմվածքներին կարելի է ծանոթանալ (եւ նաեւ ձեռք բերել) այցելելով «https://glenchesnut.com» եւ «www.abrilbooks.com» կայքերը: Գրքերի վաճառքից ստացված գումարները հատկացվելու են հայկական բարեգործական կազմակերպություններին: Նկար 1. Գլեն եւ Էլեն Չեսնատ |