ՄՈՍԿՎԱՅԻ 100-ԱՄՅԱ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈ՞ՒՆ ԷՐ, ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿԻ «ՉԱՐԻՔԻ ՓՈՔՐԱԳՈՒՅՆԸ». ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՏԱՐԲԵՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆ ՍՈՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՀՊՄՀ Լրագրության բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրս «Կան պատմական փաստեր, պետք է անել հետեւություններ: Յուրաքանչյուր պետություն ունի իր շահերն ու հետաքրքրությունները, պետք է ազգային-պետական շահերը համընկնեն»,- Մոսկվայի 100-ամյա վաղեմության պայմանագրի մասին խոսելիս, ԳԱԱ ակադեմիայի նիստերի դահլիճում հրավիրված կլոր սեղան-քննարկման ընթացքում ասաց ՀՊՄՀ ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը : Պատմական փաստերն իրար համադրելու եւ մասնագիտական, գիտական մոտեցումները բարձրաձայնելու համար մարտի 18-ին անկացվեց ԳԱԱ Պատմության ինստիտուտի եւ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Հայաստանը 1920-1991 թվականներ» գիտական լաբորատորիայի կազմակերպած կլոր սեղանը: Քննարկմանը մասնակցեցին ինչպես հայ անվանի գիտնականներ, ակադեմիկոսներ, դոկտոր-պրոֆեսորներ, այնպես էլ ՌԴ-ից հրավիրված բանախոսներ` «Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կռիլովը, հետխորհրդային հետազոտությունների փորձագետ Վադիմ Մուխանովը եւ այլք: «Հայերի համար այն զգայուն թեմա է, գիտնականներն էլ դրա շուրջ տարբեր մոտեցումներ ունեն: Այս օրերին բազմաթիվ գիտական ձեռնարկներ ու քննարկումներ են անցկացվում, մեզ հետաքրքիր է լսել մեր ռուս գործընկերներիՙ պատմաբանների եւ քաղաքագետների կարծիքը»,- միջոցառման սկզբում նշեց ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը : Մելքոնյանը ներկայացրեց Մոսկվայի պայմանագրի վավերացման նախապատմությունը, թե ինչպես Ադրբեջանի խորհրդայնացումից հետո Ռուսաստանի բոլշեւիկյան կուսակցությունը բարեկամացավ քեմալական Թուրքիայի հետ: Քննարկման բանախոսներիցՙ պատմական գիտությունների դոկտոր Ալեքսեյ Կռիլովն իր ելույթում ներկաների ուշադրությունն ուղղեց այդ ժամանակի պատմական իրադարձությունների վրա, երբ զուգահեռաբար որոշվում էին Խորհրդային Ռուսաստանի եւ Կովկասի սահմանները: «100-ամյա պատմական իրողությանը պետք է նայել սթափ հայացքով եւ գնահատականներ տալիս նկատի ունենալ ժամանակի հասարակական եւ քաղաքական իրողությունները»,- հավելեց Կռիլովը: Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի խոսքերով` այն, թե ինչպես են Մոսկովյան պայմանագիրը ընկալում Հայաստանում եւ Ռուսաստանումՙ քաղաքական, գիտական հանրությունները եւ մեդիադաշտը, երկու մեծ տարբերություններ են: Վերջինս իր ելույթում եւս կարեւորեց ժամանակի քաղաքական իրողությունները: Ռուս- թուրքական հարաբերությունների եւ դրանց վատթարացման արդյունքում հայերի շահելու, Ռուսաստանի եւ Հայաստանի ընդհանուր շահերից բխող հզորացման մասին ծավալված քննարկման ընթացքում «Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովին զարմացնում է հայկական շրջանակներում տարածված այն տեսակետը, թե ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությունը ի նպաստ Հայաստանի կարող է լինել: «Ռուս-թուրքական լարված հարաբերություններում առաջինը տուժելու է Հայաստանը, քանի որ ռազմական գործողությունների թատերաբեմը հենց այստեղ է լինելու»,- նշեց քաղաքագետը: Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Ալեքսանդրապոլի պայմանագրին, որն ի դեպք կնքվել է Մոսկվայի պայմանագրից 2.5 ամիս առաջ: Երկու համաձայնագրերի տարածքային տարբերությունները ներկաներին ակնառու դարձավ առաջին անգամ ներկայացված քարտեզներովՙ պատրաստված քննարկման կազմակերպիչների կողմից: Կրկին հիշեցնենք, որ Մոսկվայի պայմանագրի 100-ամյակին նվիրված կլոր սեղան-քննարկումը կազմակերպել էր ԳԱԱ Պատմության ինստիտուտն ու ՀՊՄՀ-ի «Հայաստանը 1920-1991 թթ.» գիտական լաբորատորիան: |