ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՀՅՈՒՐԻՅԵԹԻ» ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ «ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԻ» ԱՐՀԱՄԱՐՀԱՆՔԸ Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ Հին հայկական առածն ասում է` Տերտերին տանը «Տեր, օրհնյա» ասող չկա: Դարերի ընթացքում ճշմարտացիությունն ապացուցած այս առածն արդիական է նաեւ գրականության ոլորտում. ընկել ենք ուրիշի ստեղծածի հետեւից` մերը թողնելով: Օրինակ` 2014թ. ամռանը թուրքական «Հյուրիյեթ» պարբերականի կազմած ամառային պարտադիր ընթերցանության գրքերի ցանկում տեղ էր գտել նաեւ մեր մեծ երգիծաբան Հակոբ Պարոնյանի «Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ» գիրքը: Նկարագրելով Պարոնյանի այդ ստեղծագործությունը` թերթը գրում էր. «Լավագույն դեղամիջոցը կլինի նրանց համար, ովքեր ստիպված են իրենց ամառային արձակուրդն անցակացնել Ստամբուլում: ...Գիրքը երգիծանքով պատմում է Ստամբուլի 34 թաղամասերի հասարակական եւ բակային կյանքի, հայ հասարակության խնդիրների հանդեպ հայ ղեկավարների անտարբերության, հարուստ-աղքատ տարանջատման ստեղծած հակասության մասին: Պարոնյանը կօգնի, որպեսզի այլ աչքով նայեք քաղաքի անցյալին, որը կորցրել է իր գույները, ուրվագիծը, կերպարը, անգամ իր ժողովուրդների մեծ մասին»,- գրված է նկարագրության մեջ»: Թե ինչպես է թուրքական «Հյուրիյեթը» մեկնաբանում Պարոնյանի գիրքը, ինչ-որ տեղ երկրորդական է, առաջնայինն ու ցավալին այն է, որ հայ գրականության պատմության մեջ բավականին մեծ կշիռ ունեցող այդ գիրքը չի ներառվել Հայաստանի Հանրապետության դպրոցների համապատասխան դասագրքերում: Այսպես մենք փորձում ենք զարգանալ ու ինքնակազմակերպվել` «առաջ-առաջ պոռալով ու ետ-ետ երթալով»: Հ.Գ. Պարոնյանը ժամանակակից Թուրքիայում բավականին ճանաչված եւ պահանջարկ ունեցող հեղինակ է, դրա մասին են վկայում նաեւ թուրքերեն թարգմանված նրա ստեղծագործությունները, օրինակ` «Քաղաքավարության վնասները», որը երգիծաբանի հայտնի գործերից էՙ «Աբիսողոմ աղա», «Պաղտասար ախբար» եւ մի շարք այլ ստեղծագործությունների հետ, որոնք նույնպես թարգմանվել են թուրքերեն: |