RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#010, 2021-03-19 > #011, 2021-03-26 > #012, 2021-04-02 > #013, 2021-04-09 > #014, 2021-04-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 02-04-2021



Տեղադրվել է` 2021-04-01 23:29:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 505, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴԵՊԻ ԱՆՎԵՐՋՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆԴԻՆ. ՀԱՅԵՐԸ «ՔՅՈՒՐԻՈԶԻԹԻ» («ՀԵՏԱՔՐՔՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ») ՆԱԽԱԳԾՈՒՄ

ՇԱՆՏԱԼ ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆ

2012-ի օգոստոսի 5-ին, կեսօրից հետո, Խաղաղօվկիանոսյան ամառային ժամանակով 13.30-ին «Քյուրիոզիթի» մարսագնացը անկարգելով իջավ եւ ուղղահայաց վայրէջք կատարեց Մարսի մակերեւույթին: «Քյուրիոզիթին» ՆԱՍԱ-ի Մարսի Հետազոտության նախագծի մաս է կազմում, որը մեր տանը այդքան մոտ գտնվող Կարմիր մոլորակի երկարաժամկետ ռոբոտային հետազոտություն է: Այն նախագծված էր Մարսի բնակելիությունը գնահատելու, եւ տեսնելու համարՙ այդ մոլորակը մանրէ կոչված կյանքի տեսակը պահպանելու համար համապատասխան միջավայր երբեւէ ունեցել է, թե՞ ոչ:

Մարսագնացը համալրված է երբեւէ Մարս ուղարկած ամենամեծ, ամենաառաջատար գործիքակազմով եւ ուսումնասիրելու է բնահողից վերցրած եւ ապարներից շաղափած փորձանմուշները: Յուրաքանչյուր մոլորակի երկրաբանական տվյալներն, ըստ էության, պահպանված են ապարների եւ բնահողի մեջՙ մասնավորապես կազմավորման ձեւի, քիմիական բաղադրության եւ կառուցվածքի մեջ: «Քյուրիոզիթին» ունի ներկառուցված լաբորատորիա, եւ ուսումնասիրելու է ապարներն ու բնահողը որեւէ օրգանական քիմիական կառուցվածքային մասնիկ հայտնաբերելու եւ Մարսի անցյալի պատկերը վերակազմելու համար:

«Քյուրիոզիթիի» ամենատպավորիչ առանձնահատկություններից մեկը դրա սնուցման աղբյուրն է: Մարսագնացը համալրված է ռադիոիզոտոպային համակարգով, որն էլեկտրաէներգիա է արտադրում պլուտոնիումի ռադիոակտիվ տրոհումից առաջացած ջերմության շնորհիվ: Ռադիոակտիվ տրոհումը մի գործընթաց է, որի ընթացքում անկայուն ատոմի միջուկը իոնացող մասնիկներ ճառագայթելովՙ էներգիա է կորցնում: Իոնն առաջանում է, երբ ատոմը ձեռք է բերում կամ կորցնում է լիցքավորված մասնիկ, օրինակՙ էլեկտրոն կամ պրոտոն: Այս սնուցման աղբյուրը բավականաչափ հզոր է «Քյուրիոզիթիին» մեկ մարսյան տարի կամ 687 Երկրային օր էներգիայով ապահովելու համար. սա նաեւ «Քյուրիոզիթիին» ավելի շատ գործառնական ճկունություն եւ ավելի մեծ շարժունակություն է տալիս, քան դրան նախորդող որեւէ այլ Մարսյան առաքելությանը:

Ըստ JPL-իՙ «Քյուրիոզիթին» մեծ առաջընթաց է Մարսի մակերեսի ճանաչման եւ ուսումնասիրության գործում, քանի որ այն ցուցադրում է շատ մեծ եւ ծանր ամենագնացիՙ Մարսի մակերեւույթին վայրէջք կատարելու կարողությունը, միեւնույն ժամանակ հաշվարկային վայրէջքի շրջանի ժամանակ այն ունի ավելի ճշգրիտ վայրէջքի կարողություն: Սա բավականին մեծ ձեռքբերում է:

Ես հպարտ եմ ոչ միայն որպես գիտնական, այլեւ իմանալով, որ առնվազն 16 հայ աշխատակցել են այս ծրագրի հաջողության համար: JPL-ում խմբի ղեկավար Արբի Կարապետյանը ծրագրին միացավ նախագծման եւ իրագործման փուլում: Նա փորձարկման ղեկավար էր հավաքման, ստուգման եւ գործարկման ընթացքում: Երբ նրան հարցրին, թե ինչ է զգում այս ծրագրի հաջողության վերաբերյալ, Կարապետյանն ասաց. «Որպես ճարտարագետ դու տեղյակ ես վիճակագրական վերլուծությանը եւ հուսալիությանը: Յուրաքանչյուր ճարտարագետ հասկանում է, որ անում ես կարողացածդ լավագույնը, սակայն սխալվելու հավանականություն միշտ կա: Ճարտարագիտության մեջ առաջընթացի պատճառով այս նախագիծը երկրաչափական ցուցիչով ավելի բարդ էր, քան նախորդող որեւէ այլ նախագիծ: Բարդությունն այնքան մեծ էր, որ այլեւս հնարավոր չէր մեկ ճարտարագետ ունենալՙ աշխատանքը պետք է բաժանվեր շատ մասնագետների միջեւ, որն ավելի մեծացրեց սխալվելու հավանականությունը»: Կարապետյանը հպարտանում է անձնակազմի նվաճումով, իսկ հաջողությունը նրանց մեծագույն պարգեւն էր նախագծի վրա կատարված երկարատեւ, դժվարին աշխատանքի համար: «Եթե դու սիրում ես անել այն, ինչ անում ես, կյանքումդ երբեք մեկ օր էլ չես աշխատի: Բազում աշխատանքային ժամերը ամեն գործում ծայրահեղ լարում են պահանջում: Եթե սա իսկապես քո տարերքն է, ապա այդ ամենն ինքն իրեն կկարգավորվի, եւ դժվար չի լինի շարժառիթ գտնել հարկ եղածն անելու համար»:

Հետեւյալ հայերն իրենց կարեւոր ավանդն են ունեցել «Մարսի գիտական լաբորատորիա» նախագծի հաջողության մեջՙ Ավո Դեմիրճյանը , Վաչե Որբերյանը , Ալֆրեդ Խաշակին , Ֆելիքս Սարգսյանը եւ Հրայր Անթաբլյանը էլեկտրոնիկայի ոլորտում, Կարեն Խանոյանը եւ Ռիչարդ Օհանյանը վայրէջքի ռադարի համակարգում, Սերժիկ Զադուրյանը եւ Վազրիկ Կարախանյանը հավաքման, փորձարկման եւ գործարկման մեջ, Գայանե Ղազարյանցը կենսաբանության, Հենրի Հարությունյանը ՙ թռիչքի ծրագրային ապահովման մեջ, Արմեն Թուրյանը սարքավորումներում եւ փորձարարական նմուշներում, Զարեհ Գորջյանը համակարգչային անիմացիայում, Ջուլի Իսպիրյանը մեխանիկական ձեւավորման մեջ եւ Լյուսի Աբրահամյանը գործառնությունների պլանավորման ծրագրային ապահովման լաբորատորիայում:

https://armenianweekly.com

Անգլերենից թարգմանեց ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆԸ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 02-04-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ