ՎԱՀԵ ՊԵՐՊԵՐՅԱՆԻ ՎԵՊԸ ՖՐԱՆՍԵՐԵՆ Ա. Բ. Ֆրանսիական «Պարանտեզ» հրատարակչությունը լույս է ընծայել ամերիկահայ գրող Վահե Պերպերյանի «Յանուն հօր եւ որդւոյ» վեպը ֆրանսերենՙ Հուրի Վարժապետյանի թարգմանությամբ: Այն արդեն գտանելի է Ֆրանսիայի գրախանութներում եւ առցանց: Սա Պերպերյանի երկրորդ վեպն է, հրատարակված Լոս Անջելեսում, 1999-ին (առաջինն էր «Նամակներ Զաաթարէն»-ը): Մինչ այդ վեպը թարգմանաբար հրատարակվել է նաեւ թուրքերեն (2008) եւ անգլերեն (2015): 1955-ին Բեյրութում ծնված եւ 1976-ից ԱՄՆ-ում բնակվող Վահե Պերպերյանը սփյուռքահայ անվանի եւ սիրված արձակագիր է, թատերագիր, դերասան ու գեղանկարիչ: 1975 թվականից Պերպերյանի գեղանկարները ցուցադրվում են բազմաթիվ ցուցահանդեսներում: Նկարահանվել է ավելի քան 30 ամերիկյան շարժանկարներում, Հայաստանում եւ այլուր հանդես է եկել հայերեն երգիծական մենաներկայացումներովՙ «Եւայլն», «Նաեւ», «Տակաւին», «Սակայն», «Եթէ» եւ այլն: Միացել է «Փրկիր Ամուլսարը» արշավինՙ ընդդեմ Ամուլսարում ոսկու հանքի շահագործման: Թարգմանչուհինՙ Հուրի Վարժապետյանը, Պերպերյանի հասակակիցն է: Ծնվել է Մարոկկոյում, նախնական կրթությունն ստացել է ծննդավայր Կասաբլանկայի ֆրանսիական ավագ դպրոցում, որից հետո տեղափոխվել է Ֆրանսիա եւ դեղագործություն ուսանել Մարսելում: Մինչ այդ «Պարանտեզ» հրատարակչությունը նրա ֆրանսերեն թարգմանությամբ լույս է ընծայել «Մեր մանկության երկրները» (հատվածներ հայ հեղինակների գործերից, 2010, Անահիտ Տեր-Մինասյանի հետ), Արա Գյուլերի «Սառածՙ պատկերների վրա» (2013) եւ Թեոդիկի «Յուշարձան 1915 Ապրիլ 24-ի» գրքերը (2015, վերջին երկուսըՙ Ալիս Տեր-Վարդանյանի հետ): «Պարանտեզ» հրատարակչությունը մինչ այդ ֆրանսերեն թարգմանությամբ լույս է ընծայել հետեւյալ հայ արձակագիրներինՙ Գրիգոր Զոհրապ, Տիգրան Չյոկյուրյան, Երվանդ Օտյան, Եղիշե Չարենց, Ավետիս Ահարոնյան, Կոստան Զարյան, Համաստեղ, Վահե Օշական, Պերճ Զեյթունցյան, Գրիգոր Պըլտյան, Արամ Պաչյան եւ այլն: Ի դեպ, «Պարանտեզի» հրատարակած սուդանցի գրող Թայեբ Սալեհի երկու վեպի շապիկին որպես ձեւավորում օգտագործվել են Մարտիրոս Սարյանի կտավների վերատպությունները: |