RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#010, 2021-03-19 > #011, 2021-03-26 > #012, 2021-04-02 > #013, 2021-04-09 > #014, 2021-04-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 02-04-2021



Մշակույթ

Տեղադրվել է` 2021-04-01 23:29:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 563, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Ո՞ՒՐ Է ՆԱՅՈՒՄ ՅՈՒՆԵՍԿՕ-Ն

ԳԵՎՈՐԳ ՄՈՂՐՈՎՅԱՆ

Արցախյան երկրորդ պատերազմից հետո ադրբեջանցիները իրենց հատուկ ձեռագրով սկսեցին պղծել եւ վանդալիզմի ենթարկել իրենց օկուպացրած տարածքներում մնացած հայկական պատմամշակութային կոթողները` սկզբում հուշարձաններն ու խաչքարերը, այնուհետեւ արդեն հայկական եկեղեցիները, դրանցից շատերը` մասամբ, որոշներն էլ հիմնովին: Վանդալիզմի ենթարկված եկեղեցիների շարքին են պատկանում Շուշիի Կանաչ Ժամ, Մեխակավանի Սուրբ Աստվածածին եւ Մատաղիսի Սուրբ Եղիշե եկեղեցիները: Համացանցում տարածվեցին արբանյակային լուսանկարներ, որոնցում պարզ երեւում է ավերված 19-րդ դարի Կանաչ Ժամ եկեղեցին: Լուսանկարի ճշգրտությունը փաստեցին նաեւ փորձագետները: Դրան հաջորդեց Մեխակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքից արված տեսանյութը, որում ակնհայտ երեւում էր, որ վերոնշյալ եկեղեցին ոչ թե ավերված, այլ հիմքից է քանդված: Օրերս համացանցում լայնորեն շրջանառվեց հերթական տեսանյութը, որում ադրբեջանցի զինվորները մուտք են գործում նախապես իրենց կողմից վայրագությունների ենթարկված Մատաղիսի Սուրբ Եղիշե եկեղեցի: Կադրերից պարզ դարձան եկեղեցու ներսում կատարված ավերվածությունները, ինչով էլ հպարտանում էին մեր վայրագ թշնամիները:

Ինչի՞ հետեւանք է եւ ինչի՞ համար է այս ամենը:

Այս երկու հարցադրումներն էլ ունեն իրենց հստակ պատասխանը:

Քաղաքակիրթ կոչվող մեր դարաշրջանում, «առաջադեմ» պետություն կոչված Ադրբեջանի այս վարքագիծը ուղղված է հայկական հետքը եւ մեր քրիստոնեական ու պատմական ժառանգությունը Արցախից աստիճանաբար վերացնելուն: Իսկ այս ամենն արդեն բխում է անպատժելիությունից, երբ միջազգային խոշորագույն կառույցները` ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ, լուռ հետեւում են տեղի ունեցող իրադարձություններին, չդատապարտելով Ադրբեջանի հանցագործությունները: Չէ՞ որ անպատժելիությունն է ծնում նոր հանցանքներ: Ուշագրավ է այն, որ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւան հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան եւ այս ամենից հետո էլ շարունակում է պահպանել իր կոչումը:

Հետաքրքրական է, թե ինչ չափորոշիչներով եւ սկզբունքով են ՅՈՒՆԵՍԿՕ-ում ընտրում բարի կամքի դեսպաններին եւ արդյո՞ք մի երկրի փոխնախագահ ,որի պետության զինվորները նման բարբարոսություններ կատարելով պատժվելու փոխարեն խրախուսվում են սեփական երկրի իշխանության կողմից, բարոյական իրավունք ունի կրելու այդ կոչումը:

Բացի ՅՈՒՆԵՍԿՕ-ից խնդրին պատշաճ կերպով չի անդրադառնում նաեւ Ռուսաստանի Դաշնությունը: Հետպատերազմյան սկզբնական շրջանում Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եւ Քարվաճառի Դադիվանք եկեղեցիները լինելու են իր անձնական պաշտպանության ներքո: Բայց չէ՞ որ մյուս եկեղեցիներն էլ հավասարապես կարեւոր նշանակություն ունեն հայ քրիստոնյաներիս համար: Այս խնդրին պետք է ուշադիր լինեն Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները, որոնցից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա են տեղի ունենում մեր կրոնական արժեքների թիրախավորումները: Ցանկալի կլիներ, որ վերջիններս անձնական վերահսկողության տակ պահեին այն եկեղեցիները կամ վանական համալիրները, որոնք դուրս են մնացել նախագահ Պուտինի տեսադաշտից:

Ադրբեջանի այս վարքագիծը հարված է ոչ միայն Հայ առաքելական, այլեւ ողջ քրիստոնյա ժողովրդին: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ մեծ աղմուկ կբարձրացներ մուսուլմանական աշխարհը, եթե վնասվեր կամ վանդալիզմի ենթարկվեր վերջիններիս մզկիթներից մեկը: Այս տեսանկյունից պետք է ակտիվ աշխատանքներ եւ գործառույթներ ծավալի Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը,որի նախագահության անդամ է Հայաստանը: Մայր աթոռը Ամենայն հայոց հայրապետի գլխավորությամբ ամենօրյա ռեժիմով պետք է ահազանգի եւ ներկայացնի տեղի ունեցող աղետալի երեւույթները:

Այդ դեպքում գուցե ՅՈՒՆԵՍԿՕ-ն բարեհաճեր ճիշտ գնահատական տալ, դիմելով օրենքի ուժին` կատարվող գիշատիչ երեւույթների վերաբերյալ: Չնայած անզեն աչքով էլ երեւում է, որ ինչպես տարիներ առաջ,այդպես էլ հիմա նավթային երկիր Ադրբեջանը կարողացել է կաշառել ու իրենով անել համաշխարհային այդ կազմակերպության որոշ օղակների, եւ զարմանալի չի լինի,եթե օրերից մի օր էլ Իլհամ Ալիեւը հռչակվի «բարի կամքի» թագավոր:

Եթե հիմա չձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ ճնշելու համար Ադրբեջանի որդեգրած հայատյաց քաղաքականությունը, ապա վաղը կարող է շատ ուշ լինել, եւ կգա օրը, երբ Հայաստանն այլեւս կկորցնի իր պատմամշակութային ամբողջ ժառանգությունը զավթված տարածքներում, ինչպես եղավ Նախիջեւանում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 02-04-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ